Ազատություն և բարոյականություն

0
98
Մոռանալով հոգևորն ու բարոյականը` գլխակորույս տրվել ենք ոսկե կուռքերի պաշտամունքին…

   Ճապոնացիները գերզգայուն սարքերի օգնությամբ կշռել են հոգին և հայտնաբերել, որ այն մեկուկես գրամ է: Սակայն այդ մեկուկես գրամն ավելի ծանր է, քան ամբողջ մարմնի կշիռը: Ցավոք, մենք այսօր այդ գիտակցությունը չունենք, քանի որ ոտքից գլուխ նյութապաշտ ենք, նյութական ու նյութամոլ…
  Առանց նյութի, նյութականի, ինչ խոսք, հնարավոր չէ ապրել: Բայց դա, այդ նյութը, անհրաժեշտ է հոգին և ոչ թե մարմինն ապրեցնելու համար: Մինչդեռ մենք հիմա ավելի շատ անհանգստացած ենք մեր մարմնի բարեկեցությամբ: Սա անասելի տխուր երևույթ է և համատարած բնույթ է կրում, կա գրեթե ամենուրեք` թե՛ հասարակական և թե՛ մշակութային կյանքում: 
  Ազատությունն, իհարկե, լավ բան է, բայց այն կարող է ստրկացնել մարդուն: Քանի որ ազատությունը, ինչպես ամեն ինչ, իր սահմանն ունի, ուստի այն խախտելու պարագայում մենք կարող ենք հայտնվել ստրկության փաստի առջև: Այսօր ասում են, չէ՞, առանց այլևայլության բարձրաձայնում` ազատ եմ, կարող եմ սպանել, գողանալ, անբարոյական լինել, աջուձախ գռփել ու միլիոններ կուտակել: Բայց փաստը մնում է փաստ, որ նրանք ստրուկ են այդ ազատությանը, այդ տենչանքին…
  Ազատությունը պետք է վերահսկվի ներքին բարոյականությամբ: Սակայն երբ այդ բարոյականությունը կորչում է, հետին պլան մղվում, ապա թվացյալ ազատությունն անբարո հասարակություն է կերտում, ինչին և այսօր, դժբախտաբար, ականատես ենք, ինչը և կատարվում է մեր օրերում: Այսինքն` հասարակությունը բարոյական անկում է ապրում:
   Ինչպես դժվար չէ նաև նկատել, հասարակությունը սրընթաց գնում է դեպի անհոգության, այսպես ասած` թեթևության: Նման հոգեզրկություն եղե՞լ է, արդյոք, երբևէ… Շատ դժվարին ու ծանր ժամանակներ են պատուհասել մեզ: Վերջինը 1990-ական թվականներն էին: Բայց անգամ այդպիսի ժամանակներում մարդկանց մեջ հոգին ապրում էր, հույս կար, սպասելիքներ կային: Ամենակարևորը` կար պայքար, հայրենիքի տեսլական, երկրի, ժողովրդի բարեկեցության հեռանկար: Ի՞նչ ունենք այսօր… Ունենք նյութապաշտություն, որ եկել է փոխարինելու այն ամենին, այն դրվատելի երևույթներին, ինչի մասին ցավով ու ափսոսանքով նշեցինք:
  Այո, մեր ժողովուրդը շատ ծանր ժամանակներ է ապրել և երբևէ հոգին չի կորցրել: Ապրել է հոգով: Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանայք <<Ճառընտիր>> գիրքը մաս-մաս անելով, փրկել են վերահաս կործանումից: Գրքի, հոգևորի նկատմամբ սերն է խոսել նրանց մեջ, այդ ամենի հանդեպ պաշտամունքն է նրանց առաջնորդել, ժողովրդի լուսավոր հոգու շարունակելիության հույսը: Հիմա եթե, Աստված չանի, երկրաշարժ կամ որևէ այլ պատուհաս լինի, մարդն իր տանից ի՞նչ կտանի փրկելու համար: Պարզ է` ոչ մի գիրք չի տանի, կտանի ոսկեղեն, հարստություն, չուլուփալաս…
Որպեսզի մեր հասարակական կյանքը մաքրվի, պետք է արդեն քայլեր ձեռնարկենք, ինքնաբերաբար ոչինչ չի լինի: Պետք է իսկական մշակույթը, գիրքը պատշաճ քարոզվեն, պետք է իսկական մտավորականը երևա մեր հասարակության մեջ: Ընդ որում, ամեն մեկը պիտի մտածի, թե ինքն ինչ կարող է անել իրավիճակի բարելավման, այս փոսից դուրս գալու մասին:
  Ամեն ինչ չէ, որ պետք է բարդել իշխանության և իշխանավորների վրա: Մեզանից յուրաքանչյուրից շատ բան է կախված: Ի վերջո, կյանքն ստեղծում են հասարակ մարդիկ: Եթե մենք հոգեզուրկ ենք, ապա մեր կյանքն էլ այդպիսին կլինի, մեր երկիրն ու ղեկավարությունն էլ: Հարկ է վերանայել մեր ազգային արժեքները, մեր մեջ եղած արժեքները: Վերանայել, ապա միայն գնալ դեպի ազգայինը, համազգայինն ու համամարդկայինը…

SHARE