Ազգային ակունքներից բխող` ջինջ ու մաքրամաքուր

0
64

Դժվար է, այո՞, շատ դժվար է մեր այս նոր ժամանակներում արվեստագետի, հատկապես` աշուղների համար…

Երաժշտարվեստ 

watermarked_Ashux Astxanush ashux Eram Sisiani hamerg (2)watermarked_Ashux Astxanush ashux Eram Sisiani hamerg (1)

  -Վերջերս Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում,- ասաց աշուղ Աստղանուշը,- Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում և Բռնակոթ գյուղում կայացան իմ և աշուղ Երամի համերգները, որոնք իրականացան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: <<Երգում են աշուղները>> խորագիրը կրող համերգաշարը մեր երկուսիս նախաձեռնությունն է և արդեն մի քանի տարի գործում է: Նպատակ ունենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ այդ համերգները դարձնել շարունակական: Այսինքն, մյուս մարզերում ևս համերգներ ունենալ, իսկ եզրափակիչ` գալա համերգն անցկացնել <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում: Պիտի նշեմ, որ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Սլավիկ Դադաշյանը և մշակույթի կենտրոնի տնօրեն Վարդուհի Մարգարյանը մեզ պատշաճորեն ընդունեցին ու աջակցեցին: Համերգը բարեգործական էր: Ցավով պիտի խոստովանեմ, որ մեր երկրի հատկապես հեռավոր տարածաշրջաններում թյուրըմբռնում կա մերօրյա աշուղական արվեստի նկատմամբ, ինչի պատճառը պատահական, ոչ արհեստավարժ մարդիկ են, արվեստից հեռու ցածրակարգ կատարումներն ու ունկնդրին ոչինչ չտվող <<համերգները>>: Ես ուզում եմ բարձր պահել այդ անունը, արժանի լինել այդ անվանը, իրապես համարվել մեր  մեծ աշուղների գեղագիտական սկզբունքների հետևորդ: Այս մոտեցումը նաև աշուղ Երամն ունի: Ամեն ինչին պիտի պրոֆեսիոնալի բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվել, զերծ մնալ ցածրարժեք կատարումներից: Այսօր ամենաթողություն է տիրում, ով ինչ ուզում` անում է, ով ասես կարող է բարձր  բեմերից հանդես գալ: Ես ուզում եմ մեր բեմահարթակները Էջմիածնի վանքի խորանների նման լինեն, լինեն սրբատեղի: Մշակութային քաղաքականությունն այնպես պիտի իրականացվի, որ շնորհաշատ մարդիկ աջակցություն ստանան, նրանց հանդեպ պետական հոգածություն ցուցաբերվի: Շնորհաշատ մարդը պիտի միանշանակորեն արժևորվի, տեսադաշտից դուրս չմնա: Մշակույթը պիտի փող աշխատելու միջոց չդառնա, չպիտի թերագնահատել գյուղական բնակավայրերում ապրողների ճաշակը և նրանց ոչ հայեցի, կեղծ ու արհեստական մշակույթ հրամցնել: Պետական մոտեցումը պիտի լրջանա ու խստացվի այս և, առհասարակ, բոլոր առումներով…

   Աշուղ Երամի խոսքերով, առաջին անգամ էր, որ իրենց համերգները պետական հովանավորությամբ էին անցկացվում. <<Հինգ տարի է` աշուղ Աստղանուշի հետ ստեղծել ենք <<Երամ>> աշուղական անսամբլը: Գոհ ենք, որ այս անգամ պետությունը մեզ ուշադրության արժանացրեց: Մեր արվեստը, ցավոք, չեն արժևորում այսօր, ինչը շատ հաճախ մեզ հիասթափեցնում է: Մենք կենդանի համերգ ենք տալիս, կենդանի նվագակցությամբ, էլ չեմ ասում մեր կողմից մատուցվող ազգային բարձր արվեստի մասին: Մինչդեռ որոշ անբարեխիղճներ աշուղական արվեստի անվան տակ վարկաբեկում են մեր արժանի հեղինակությունն ու համբավը: Բայց ժողովուրդը, փառք Աստծո, զանազանում է թացը չորից և պատահական չէ, որ մեզ ցնծությամբ ընդունեց, ապրում էին թե՞ իմ, թե՞ Աստղանուշի երգերով: Գեղագիտական շատ բարձր բավականություն ստացած հեռացան: Հիմնական նպատակս այն է, որ ժողովուրդը ճանաչի մերօրյա աշուղին, աշուղական արվեստի նոր խոսքը…>>:

   Սիսիանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Ս. Դադաշյանը հիացմունքով արտահայտվեց համերգից ստացած տպավորության մասին. <<Մեր հասարակությունը մեծ ուրախություն ապրեց` շփվելով աշուղական արվեստի հետ: Թվում է, թե մոռացվել է այդ արվեստը, և ժողովուրդն էլ չի ընդունում այն, բայց այս համերգը ցույց տվեց, որ իսկական արվեստասերը, իսկական երգ սիրող հանդիսատեսը կարոտ է աշուղական արվեստին և այն արվեստին, որ տեսանք` մաքրամաքուր հայերենով մաքրամաքուր երաժշտություն, սրտամոտ երգեր և բավականին պրոֆեսիոնալ, բարձր մակարդակով կատարում, լավ համույթ: Մենք դաստիարակվել ենք մեր գուսանների երգերով և մեզ համար կուռք են եղել Ջիվանին, Հավասին, Շերամը և այլք, որոնց ֆոնին, կարծես, մի քիչ չեն երևում մերօրյա աշուղները: Բայց համերգը ցույց տվեց, որ թե՞ մեր հայրենակից աշուղ Երամը և թե՞ աշուղ Աստղանուշը իրավունք ունեն, վաստակել են իրավունք դասվելու մեր մեծերի շարքը: Փառք ու պատիվ իրենց: Վստահ եմ, որ մեր եկող սերունդն էլ քիչ-քիչ կդաստիարակվի ազգային աշուղական ու ժողովրդական երգերով: Ցավ ենք ապրում, որ դահլիճում քիչ էր երիտասարդությունը: Դա այսօրվա մեր երաժշտական դաշտի խոտանն է, որ հայ երիտասարդությունն ավելի հակված է այդ թիթեռնիկի կյանք ապրող <<աստղիկների>> երգերով, քան ազգային ակունքներից բխող մեղեդիներով: Նման համերգները պիտի շատ լինեն, որ մատաղ սերունդը վերադառնա ազգային ակունքներին: Շնորհակալություն համերգի կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր իրենց սրտի խոսքն ասացին Սիսիանի մեր արվեստասեր հասարակությանը>>:

   Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Վ. Մարգարյանի խոսքերով, և՞ աշուղ Երամը, և՞ աշուղ Աստղանուշը հրաշալի, տաղանդավոր արվեստագետներ են, գործիքավորումը հրաշալի էր. <<Երեկոյից ես մեծագույն բավականություն ստացա: Հպարտ եմ, որ աշուղ Երամի պես տաղանդավոր հայրենակից ունենք: Մեր դռները նրա և մյուս շնորհաշատ աշուղների առջև միշտ բաց են: Նաև` շնորհակալություն <<Ընկեր>> թերթին, որ այս հրաշալի աշուղների արվեստն արժանիորեն գնահատում ու քարոզում է…>>: