Ազգանվեր և մեծ գնահատականի արժանի գործ

0
26
   
   Ես շատ եմ գնահատում նրան` որպես աշուղական երգերի հրաշալի կատարողի: <<Սայաթ-Նովա>> անսամբլի համերգները մեծ նշանակություն ունեն ոչ միայն հայ ժողովրդի, այլև աշխարհի մնացած ժողովուրդների համար, որ բախտ են ունենում ծանոթանալու հայ ազգի բարձրարվեստ մշակույթին, հատկապես` աշուղական, ժողովրդական երգարվեստին: Թովմաս Պողոսյանի ղեկավարած գեղեցիկ անսամբլի համերգներին ներկա լինելով, ոգեշնչվում ես, տեղեկանում ազգային երգի այն նրբերանգներին, ինչը հատուկ է, իմ կարծիքով, ամենամեղմ, ամենագեղեցիկ երգի ակունքներին: Բազմիցս ներկա լինելով այդ համերգներին, լսելով ռադիոյով և հեռուստատեսությամբ, հիացել եմ այդ բարձրարվեստ, ազգային ոճին պատկանող երգերով, երգերի նրանց կատարումներով և կոչ եմ անում, որպեսզի կարողանանք ճանաչել, հասկանալ ազգային երգի խոր արմատները: Հարկավոր է, որ այդ կարգի ելույթների հաճախականությունը լինի ընդմիշտ: Սա նկատի ունեմ նաև այն առումով և անհրաժեշտ եմ համարում, որպեսզի այսօրվա և վաղվա սերունդները առաջին հերթին անդրադառնան ազգային բառ ու բանին, հետո նոր օտար ազգերի երգերին: 

   Այս շնորհաշատ խմբին ցանկանում եմ երկարակյաց կյանք, նորանոր հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ազգային երգը հարստացնելու և հարատևելու առումով, ազգային երգին ծանոթացնելու` ի փառս հայ ժողովրդի: Եվ իմ կողմից շնորհավորելով պրոֆեսոր, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին ծննդյան 60-ամյակի առթիվ, ցանկանում եմ երկար կյանք, քաջ առողջություն, բեղմնավոր աշխատանք իր սիրած գործի, իր հիմնավորած աշխատանքի համար: Ցանկանում եմ երկարատև աշխատանքի ընթացք և նորանոր ստեղծագործություններ` ի փառս ազգային երգի լայն տարածման, ինչպես նաև աշուղական երգի ստեղծման նպատակների համար: Պետք է իրեն ուժ տալ, թև տալ` իր սիրած գործն իրականացնելու համար: Այդ առումով <<Ընկեր>> թերթը փառունակ գործ է անում` հավատարիմ լինելով իր կարգախոսին. <<Առանց ընկերության կյանքը ոչինչ է>>, ինչն արդեն լավագույնս ապացուցել է…

Օֆելյա Համբարձումյան
ՀՀ ժողովրդական արտիստ
SHARE