Ամենակարեւորը` որակ

0
61

Քանի որ որակյալ արտադրանքով է միայն հնարավոր ցանկալի հաջողության հասնել…

Արտադրություն 

ajika

    Էջմիածնի պահածոների գործարանի հիմնադրման տարեթիվը 1970-ն է: Մեծ ծավալներով սկսել է աշխատել 1971-ից: 1980-ականներին արդեն ձեռնարկությունն արտադրական մեծ հզորությամբ էր գործում: Մի քանի տասնյակ հազարավոր տոննա միրգ և բանջարեղեն էր ընդունվում վերամշակման համար, արտադրվող տեսականին անցնում էր հարյուրից:

   Ներկայումս գործարանի արտադրական հզորությունների մոտ 30 տոկոսն է օգտագործվում, ինչը պայմանավորված է ֆինանսական ընթացիկ դժվարություններով: Այս տարի ընդունվել է լոլիկ, սմբուկ, պղպեղ /կանաչ, կարմիր, ինչպես նաև կծու/, ընթացքում` նաև թուզ և հոն: Հիմնականում Էջմիածնի, ինչպես նաև Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններն են այստեղ հանձնում իրենց աճեցրած բերքը: Օրական միայն 80-100 տոննա լոլիկ է ընդունվել վերամշակման համար:

  Պատրաստի արտադրանքի ընդհանուր տեսականին քիչ չէ` լոլիկի մածուկ և այլ տեսակներ, սմբուկի խավիար, խորոված, աջիկա, լեչո, պղպեղի մի քանի տեսակներ, բամիայի մարինադ, մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ և այլն: Լոլիկի 1 կգ-ի մթերման գինն այս տարի 40 դրամ էր` նախկին 35-ի փոխարեն: Գրեթե կրկնակի բարձրացել է հատապտուղների ընդունման գինը: Այս ամենն, ինչ խոսք, անդրադառնում է վերջնական արտադրանքի իրացման գնի բարձրացման վրա:

   Գյուղացին այսօր, ընդհանուր հաշվով, աճեցրած բերքի իրացման խնդիր չունի: Նրա բերքը ժամանակին ընդունվում է, գումարը տեղում` կանխիկ վճարվում է: Բնականաբար, հանձնվող մրգի և բանջարեղենի որակի նկատմամբ պահանջները նախկինի համեմատ բարձրացել են:

   Պատրաստի արտադրանքը, որի պահանջարկը շատ մեծ է, հիմնականում իրացվում է Մոսկվայում, և, առհասարակ, չնչին մասն է տեղում` հանրապետությունում դրվում վաճառքի: Սպառման խնդիր չունեն, քանի որ աշխատում են հատուկ պատվերներով: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում որակին և ամեն ինչ արվում է, որպեսզի հայկական արտադրանքի համբավը, հատկապես դրսի շուկայում, միշտ բարձր նիշի վրա մնա: Պատահական չէ, որ սպառողի կողմից շատ մեծ գոհունակությամբ է ընդունվում ձեռնարկության արտադրանքը, միմիայն բարձր գնահատականի են արժանանում:

  Այս մասին մեզ հետ ունեցած զրույցում նշեց գործարանի տնօրեն Հարություն Աղումյանը` ընդգծելով, որ իրենց հաջողության թիվ 1 գրավականը որակի մշտական ապահովումն է: Միայն այսպես է հնարավոր դուրս գալ միջազգային շուկա և դիմանալ մրցակցությանը: Որակի ապահովման հետ մեկտեղ արտադրանքի նաև արտաքին տեսքը /դիզայն, փաթեթավորում/ պիտի համապատասխանի ժամանակակից պահանջներին, քանի որ այսօրվա սպառողը շատ խստապահանջ ու քմահաճ է. <<Լավ, որակյալ արտադրանքի հետևից ինքը` սպառողն է գալիս, ինչում համոզվել ենք մեր ձեռնարկության արտադրատեսակների օրինակով: Լավ որակը միշտ էլ փնտրվում է: Սպառողների շրջանում ավելի մեծ պահանջարկ են վայելում մեր աջիկան, բարի ախորժակը, իմանբայալդին, լեչոն, խավիարը, բամիայի մարինադը, մուրաբաները…: Պահածոների մի մասն այսօր առաքում ենք նաև Ֆրանսիա, Ռուսաստան: Նորից եմ կրկնում` միայն հատուկ պատվերներով ենք  աշխատում: Համագործակցում ենք <<Արարատ>> սննդի կոմբինատի հետ…>>:

   Նշենք, որ գործարանի ղեկավարը խստապահանջ է արտադրության կազմակերպման բոլոր հարցերում, բայց և միաժամանակ շատ մարդկային ու հոգատար է աշխատողի նկատմամբ: Ձեռնարկությունում բարոյա-հոգեբանական առողջ մթնոլորտ է ստեղծված: Սրտացավություն, հոգատարություն է պահանջվում, բարձր  պատասխանատվություն աշխատանքի, որակի ապահովման հարցում: