Ամենակարևորը` երկրի քաղաքացի լինելն է

0
21

Մեկնակերպ

ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Գորիսի պետական համալսարանի դասախոս, պատմաբան, Գորիսի համայնքների միության գործադիր տնօրեն)

-Գիտենք, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ ընկերներ եք: Չեք ասի, թե ինչպե՞ս է ձևավորվել այդ ընկերությունը:goris3

-Այդ ընկերությունը երկու տասնամյակից ավելի է: Գորիսը, ինչպես գիտենք, Արցախյան շարժման ընթացքում պատերազմական գոտի էր: Այդ ժամանակ ես Խնձորեսկի ինքնապաշտպանության մասնակիցների թվում էի, և հենց այդ ընթացքում էլ ծանոթացել ենք: Այդ ծանոթությունը ժամանակի ընթացքում վերածվեց ընկերության: Երբ ասում ես ընկեր, արդեն որոշակի պատասխանատվություն ես վերցնում քեզ վրա: Ընկերությունը պահելը հեշտ չէ, մանավանդ, երբ այն անցնում է քաղաքական թոհ ու բոհի, տարաբնույթ իրադարձությունների միջով: Ուղղակի, մարդկային քո տեսակը, սկզբունքայնությունդ, կայունությունդ այնքան ուժեղ պետք է լինեն, որ այդ փորձությանը կարողանաս դիմանալ: Փառք Աստծո, մեր ընկերությունը դիմացավ ու դիմանում է:

-Ի՞նչն է կապել այդ ընկերությունը, ի՞նչ ընդհանրություն կա:

-Ինչպես արդեն նշեցի, այդ ընկերությունը ձևավորվեց Շարժման ընթացքում, երբ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի սահմանապահ գումարտակի հրամանատարն էր, իսկ մեր ջոկատը մտնում էր նրա կազմի մեջ: Բնականաբար, հաճախակի շփվում էինք: Սուրիկ Խաչատրյանի պես մարդու ամենակարևոր գծերից մեկն այն է, որ նախ իմ մեջ տեսավ մտավորականին: Տեսավ ու գնահատեց: Իսկ ես նրա մեջ գնահատեցի ազգին, հող ու ջրին նվիրվածությունը, ինչը նրա պարագայում հասնում էր անգամ ֆանատիզմի: Ընդհանուր նպատակների շուրջ միավորվեցինք: Լինելով մարզպետի ընկեր, ցանկացած քայլիս համար դողում եմ, շատ եմ ուզում, որ այդ քայլերը ճիշտ լինեն և ցանկալի արդյունք ապահովեն: Ամեն մեկս մեր գործունեության ոլորտում այնպես պետք է անենք, որպեսզի մեր ընկերությանը օգուտ տանք, ամեն մեկս նպաստի իր ընկերոջ վարկանիշի, հեղինակության առավել ամրապնդմանը: Այո, իսկական ընկերությունն այդպես պետք է լինի: Եթե ես իմ ոլորտում հաջողության եմ հասնում, ուրեմն, կամա թե ակամա, նպաստում եմ ընդհանուր գործի, կոնկրետ այս դեպքում` մարզի հաջողությանը:

-Գանք Սահմանադրության խնդրին…

-Սահմանադրության շուրջ իմ զրույց-բանավեճերը երբեք քաղաքական հարթություն չեն տեղափոխվում, չեն քաղաքականացվում: Որքան իմ մտավոր կարողությունները, իմացության մակարդակը բավականացնում են, իմ ուսանողին, հարևանին, ընկերոջը, ինձ հանդիպած թեկուզ պատահական մարդուն  փորձում եմ ճիշտ մեկնաբանել խնդրի էությունը: Այն է` սահմանադրական բարեփոխումները բնականոն երևույթ են` բնորոշ քաղաքակիրթ հասարակություններին: Դա կուսակցական ակցիա չէ, հետևաբար, չպետք է շփոթել քաղաքականության, քաղաքական պայքարի հետ: Առաջարկվողը սովորական բարեփոխում չէ, ի վերջո, դա բերում է նաև պետական համակարգի արմատական փոփոխության: Կիսանախագահականից` պառլամենտական կառավարում: Ես կարևորում եմ այս հանգամանքը: Կարող է` նրանում առանձին կետեր լինեն, որ ես դրանում վտանգ տեսնեմ, ասենք` ազգային տեսանկյունից: Երբ ասվում է կրոնական կազմակերպությունների ազատություն, ապա ես չեմ կարող վտանգ չզգալ` նկատի առնելով ամեն տեսակ աղանդավորական շարժումների ակտիվացման հանգամանքը: Բայց Սահմանադրությունը ընդհանուր հիմնական օրենք է, դրանից բխեցվելու են հազարավոր մասնավոր օրենքներ: Այսինքն, քննարկման տեղ, հնարավորություն մնում է: Այդպես և շատ հարաբերություններ, կարծում եմ, հետագայում կկարգավորվեն` հաշվի առնելով մեր ազգային շահն ու հետաքրքրությունները: Նոր սահմանադրությամբ կարգավորվում են քաղաքական պայքարի ձևերը, քաղաքական դաշտը, կարելի է ասել, անկանխատեսելիից վերափոխվում է կանխատեսելիի: Նվազագույնի են հասցվում առճակատման գնալու հավանականությունները, ինչը, խոստովանենք, մեր նման երկրի պարագայում անչափ կարևոր ու հրատապ է: Անկախացումից հետո, բազմաթիվ թերությունների կողքին, գլխավոր մի գաղափար կար` պետականություն կառուցելու գաղափարը: Իսկ դա ընդամենը համակարգի ձևավորումը չէ: Մեր ազգը ամբողջությամբ պետք է համապատասխանեցնենք այդ պետական կառույցին: Ցավոք, մենք հոգեբանական շատ խնդիրներ ունենք, պետության քաղաքացի լինելու խնդիր ունենք: Երբ արդեն կայացած, ուժեղ հոգեբանական, բարոյական արժեքների և մարդկային կերպարի իմաստով վերածվում ենք պետության քաղաքացու, արդեն ուրիշ իրավիճակ ենք ունենում: Այլևս հեշտությամբ չենք թողնի երկիրը` հեռանանք: Այնպես որ, ամենակարևորն այս երկրի քաղաքացի լինելու զգացողության ամրապնդումն է: Տա Աստված, որ մենք բոլորս մեր մակարդակով լիովին համապատասխանենք մեր Սահմանադրության այդ արժեքներին: Սահմանադրությունն, ի վերջո, իր էությամբ արտահայտում է տվյալ ժողովրդի հասարակական հարաբերությունների զարգացման մակարդակը: Լիովին ներդաշնակվենք մեր Սահմանադրությանը և բոլորս միասին մտածենք այսպես` անկախ ամեն ինչից, սա մեր երկիրն է, մեր հայրենիքը, որը շենացնելը բոլորիս գործն է: Առանձին օրենքի կարելի է, ասենք, <<Ոչ>> ասել, բայց ոչ երբեք երկրի մայր օրենքին` Սահմանադրությանը: Ուստի <<Այո>>-ն պետք է միանշանակ լինի…

SHARE