Ամենակարևորը ժողովրդի հարգանքն է

0
49

Դիրքորոշում

Իսկ համայնքապետի պաշտոնը ծառայություն է` անմնացորդ ու անշահախնդիր

-Շատ կարճ ժամանակ է, որ զբաղեցնում եմ Մարտունու քաղաքապետի պաշտոնը,- <<Ընկեր>>-ին ասաց Արմեն Ավետիսյանը:- Եվ միանգամից ասեմ, որ ինչ անում եմ` անում եմ ի շահ համայնքի: Գործունեությունս սկսել եմ Մարտունուց և ապրածս տարիների ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ հենց այստեղ էլ վերջացնելու եմ: Հանրահայտ այսպիսի խոսք կա` մարդն իր կյանքում պիտի տուն սարքի, երեխա ունենա, ծառ տնկի: Այս խոսքին կավելացնեի` նաև իր ժողովրդին ծառայի: Այսինքն, հայրենի տունը, ընտանիքը կարևորելով, չպիտի երբևէ անտեսենք մեզ ծնող ժողովրդին: Հենց առաջին օրից ասել և այսօր էլ կրկնում եմ` ընտրվել եմ ոչ թե օգտվելու կամ վերցնելու, այլ ինձ հետ մի բան բերելու, ավելացնելու, որպեսզի բոլորն էլ հասկանան` միայն այդ կերպ կարելի է քաղաքը կառուցել ու զարգացնել, ժողովրդին պիտանի լինել: Համայնքապետի պաշտոնը ծառայություն է ժողովրդին. այլ բնորոշում, թերևս, դժվարանամ գտնել: Ուստի և պարտքս եմ համարում իմ ամենօրյա գործունեությամբ դա ապացուցել ու իրականություն դարձնել: Պատվիրել եմ քաղաքապետարանի մուտքի դիմաց` մի մեծ քարի վրա փորագրել. <<Ով ընտրվում է ժողովրդի կողմից և չի ծառայում ժողովրդին…>>: Այո՛, միայն այսքանը` շարունակությունը թողնելով հենց նույն այդ ժողովրդին: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես լավ գիտեմ ժողովրդի կողմից ինձ տրվելիքն ու հասանելիքը…

-Ցանկությունը` ցանկություն, պարո՛ն Ավետիսյան, բայց և հնարավորություններն ու միջոցներն էլ պետք է հաշվի առնել, այնպես չէ՞:

-Այո՛, ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ապրում ենք ծանր ժամանակաշրջան, որ մեր հայրենիք Հայաստանը <<քյասիբ>> վիճակում է: Ինչով կառուցես քաղաքը, երբ բյուջեն սուղ է, փող չկա: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ունեմ իմ բիզնեսները, որոնք այսօր տնօրինում են կինս ու որդիս: Եթե մինչև ընտրվելս մտածում էի, թե ինչպես զարգացնեմ դրանք, ապա այսօր արդեն ուշքումիտքս քաղաքն են ու նրա մարդիկ` ինչպես նրանց ավելի շատ օգտակար լինեմ: Ամեն ինչ անում եմ, որպեսզի անգամ չնչին գումարը ճիշտ ու նպատակին օգտագործվի: Անհրաժեշտության դեպքում սեփական միջոցներիցս եմ ներդնում: Քաղաքապետարանի շենքի վերանորոգումը մոտենում է ավարտին. այստեղ ներդրած միջոցների 95 տոկոսը նվիրատվություն է ընկերներիս կողմից: Եղանակի տաքանալու հետ սկսելու ենք քաղաքի կառուցապատումն ու բարեկարգումը. թե որքանով կգեղեցկանա ու կշենանա այն, առայժմ չասեմ` կերևա աշնանը: Քաղաքապետարանի բյուջեից ծախսվող յուրաքանչյուր լումայի մասին բնակիչը պետք է տեղյակ լինի: Ավագանու նիստերն անցկացնում ենք դռնբաց, հեռարձակվում են ուղիղ եթերով: Տեղեկացված լինելով հանդերձ, ավագանու յուրաքանչյուր անդամ հետևողական է հատկացված գումարների նպատակային ու արդյունավետ ծախսման հարցում: Արդյունքը` վերջնական, պետք է տեսանելի լինի բոլորին: Ավագանու անդամները բավականին խելացի, քաջատեղյակ մարդիկ են և աշխատում են ոչ թե ընդդեմի, այլ հանունի անխախտ սկզբունքով: Սկզբունքային ու շահագրգիռ քննարկումներ, առողջ բանավեճ, արդյունքում` ճիշտ, գործնական որոշումների ընդունում:

-Հարկ է ընդգծել, որ երկրի կառավարությունն էլ` ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, նման քաղաքականություն է որդեգրել և արմատական բարեփոխումների է տրամադրված:

-Կառավարության ղեկավարի օրինակն ու գործելաոճն, անշուշտ, ոգևորիչ են: Բոլորիս ձգտումն ու ցանկությունն էլ հենց դա է` ճիշտ, էֆեկտիվ աշխատել, կառավարության գործունեությանը համահունչ: Ինչ խոսք, եթե մենք տեղերում մեր գործը լավ չանենք, չնախաձեռնենք` այդպիսով թև ու թիկունք լինելով կառավարությանը, ապա ոչինչ էլ չենք ունենա և կձախողենք բարեփոխումների իրականացման գործընթացը: Այլ տարբերակ, պարզապես, չունենք` կառավարությանը սատարելուց բացի, քանզի Կարեն Կարապետյանը սրտանց ու եռանդագին ուզում է երկիրը ոտքի կանգնեցնել: Ես հավատում եմ նրան և նրա ծրագրերի հաջողությանը: Հայաստանն այսօր, կոպիտ ասած, փոսի մեջ է, և բոլորիս ձգտումը պետք է լինի այդ փոսից դուրս գալուն յուրովի նպաստելը: Նախ, կառավարության տրամադրած դոտացիան խիստ արդյունավետ պիտի ծախսենք, ոչ մի լումա` այլ նպատակների համար: Նախկինի պես շարունակելն այլևս անհանդուրժելի է, պետական` ընդհանուր միջոցների նկատմամբ յուրաքանչյուր ոտնձգություն, անառողջ նկրտում պետք է խստագույնս դատապարտվեն: Ի վերջո, եթե ոչ երկրային, ապա Աստծո դատաստանից պիտի զգուշանանք ու վախենանք: Համայնքի բյուջեն պետք է ծառայի բացառապես համայնքի կարիքների բավարարմանը, բնակչության առաջնահերթ խնդիրների լուծմանը, ինչը և մեր կողմից այսօր սրբորեն կատարվում է:

-Սեփական օրինակով, անձնական ձգտումների ազնիվ դրսևորումներն ի հայտ բերելով, ինչ խոսք, կարելի է բարենպաստ միջավայր ստեղծել և հասնել Ձեր նշած խնդիրների լուծման բարեհաջող ընթացքն ապահովելուն: Ի՞նչ կասեք:

-Ինչպես արդեն նշեցի, իմ բիզնեսներն ունեմ և ոչինչ ինձ այստեղից հարկավոր չէ` աչքս կուշտ է: Մեկ տասնամյակ հարկային տեսչությունում եմ աշխատել և սեփական դիմումով ազատվել աշխատանքից: 10 տարի էլ ՌԴ-ում եմ աշխատել և այնտեղ վաստակածս գումարներով այստեղ բիզնես գործունեություն ծավալել: Ես ազնիվ եմ բոլոր առումներով: Ինչպես իմ տունն եմ կառուցել, այնպես էլ ուզում եմ հայրենի քաղաքս կառուցել: Հասարակ ընտանիքի զավակ եմ: Հայրս վարպետ էր, քաղաքի շենքերի սրբատաշ պատերը նրա ձեռքի գործն են: Ունեմ 2 դուստր, որդի: Ավագ դուստրս ամուսնացած է, բարձրակարգ բժշկուհի է, ով իր ուժերով սեփական ախտորոշման կենտրոնն է հիմնել: Մյուսս, գերազանցությամբ ավարտելով ժողինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, միաժամանակ սովորում է համալսարանի իրավաբանականում և Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նա իմ գանձն է: Որդիս տնտեսագիտական համալսարանն է ավարտել, մագիստրատուրայի վերջին կուրսում է: Անկախ այս ամենից, ընտանիքիս անդամների համար առաջնահերթը մնում են շրջապատի հարգանքն ու սերը, ինչը կարելի է վաստակել ազնիվ աշխատանքով, մարդկային մոտեցմամբ ու անշահախնդիր նվիրումով: Հարստությունը, նյութական ապահովությունն ամենակարևորն ու առավելագույնը չեն: Ամենան ժողովրդի հարգանքն է, անկեղծ սերը: Ես զրոյից եմ սկսել և ինքնուրույն, բացառապես իմ աշխատանքով ու քրտինքով հաջողությունների հասել, ինչը և ինձ նման եզրահանգման է բերել: Համոզմունք, որը չեմ փոխել և հիմա առավել ևս չեմ փոխի: Ավելի մեծ հաճույք չի կարող լինել այն բանից, երբ մարդը, մտնելով աշխատասենյակդ, բավարարված ու գոհ հեռանում է: Ինձ համար գլխավորը մարդու գնահատականն է: Ինչ որ խոստացել եմ ժողովրդիս, ինչ էլ լինի և որտեղից էլ միջոցներ հայթայթելիս լինեմ, անպայման մինչև վերջ կատարելու եմ: Դա հաստատ է: Չեմ խոստացել այնպիսի բան, որն անհնարին լինի իրագործել:

-Դժվար չէ ենթադրել, որ այդ առումով ապավինում եք ընկերների աջակցությանը և նրանց օգնությամբ իրագործում որոշակի ծրագրեր: Չե՞ք մանրամասնի:

-Ընկերներս, անշուշտ, կողքիս են: Նվիրյալ ընկերներ ունեմ, ովքեր ազնիվ ու անշահախնդիր մղումներով են ինձ հետ մտերմություն անում: Հիմքում, այո՛, մարդկային, հոգևոր ու բարոյական շահն է, ոչ երբեք նյութականը: Սուտն ու կեղծիքը որևէ կերպ ընդունելի չեն մարդկային փոխհարաբերություններում, առավել ևս` ընկերության մեջ: Այս առումով ևս ժառանգներս հավատարիմ են ինձ: Հիմնել եմ <<Մարտունու զարգացման հիմնադրամ>>, որը կոչված է նպաստելու մի շարք ծրագրեր կյանքի կոչելուն: Այստեղ ներդրումներ անողներն էլի հիմնականում ընկերներս են լինելու: ՌԴ-ում ընկերական լուրջ շրջապատ ունեմ, որ, անկասկած, արժանի ներդրում կունենա նաև քաղաքի կառուցապատման գործում: Ջանալու ենք այնպես անել, որ մարտունեցին օրեցօր զգա դրական տեղաշարժերը, փոփոխությունների ականատեսն ու մասնակիցը լինի: Ընթացիկ անելիքները` ճանապարհների փոսալցում, բազմաբնակարան 3 շենքի տանիքների հիմնանորոգում, ծառատունկ, մայթերի սալիկապատում և այլն: Այնուհետև` ասֆալտապատում, փողոցների ու բակերի բարեկարգում և այդպես շարունակ: Աստիճանաբար առաջ ենք ընթանալու և համատեղ ուժերով Մարտունին դարձնելու ենք բարետես, բարեկարգ ու օրինակելի բնակավայր:

-Դառնանք օրվա թեմային` առաջիկա ընտրությանը: Ի՞նչ կմաղթեք ձեր բնակիչներին և ինչպիսի՞ ցանկությամբ կամ հորդորով կդիմեք, ընդհանրապես, ընտրողներին` այդ կարևոր իրադարձության նախաշեմին:

-Անկուսակցական եմ և համաքաղաքացիներիս հորդորում եմ անպայման ընտրության գնալ և քվեարկել խղճի թելադրանքով, գիտակցված: Ընտրել նրան, ով իրոք արժանի է` առանց հաշվի առնելու ազգակցական, բարեկամական կապերը, այլևայլ հանգամանքներ: Ես մեր մարզպետին ճանաչում եմ մոտ 30 տարի և անկեղծ հավատացած եմ, որ թեկնածուների ցուցակներում քիչ կհանդիպեք այնպիսի մարդու, անհատի, ինչպիսին Ռաֆիկ Գրիգորյանն է: Նա մաքուր, ազնիվ, արդարամիտ, անկաշառ մարդ ու ղեկավար է: Շատ կուզենայի, որ մեր ժողովուրդն արժանիորեն գնահատի պարոն Գրիգորյանին և իր ձայնը միահամուռ տա նրան: Ես իմ ձայնը սրտանց տալու եմ նրան` հանուն այն բանի, որ նա շարունակի էլ առավել եռանդով ու նվիրվածությամբ ծառայել իր ժողովրդին: Ինչպես մինչև օրս է ծառայել` անշահախնդիր, մաքուր ու ազնիվ: Տա Աստված, որ կառավարման բոլոր ոլորտներում լինեն այդպիսի ղեկավարներ: Ես կանգնած եմ և կանգնելու եմ կառավարության, մարզպետի կողքին, ինչը նշանակում է, որ ժողովրդի հետ եմ և նրա կողքին` հանուն երկրի զարգացման ու շենացման:

SHARE