Ամենակարևորը ժողովրդի հարգանքն ու վստահությունն է

0
43

Արվածը պիտի շարունակվի, ձեռքբերումներն ամրապնդվելու պահանջ ունեն…

Հետևողականություն
  Մայիսի 26-ին Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Այդ առիթով հանդիպեցինք Նուռնուսի համայնքապետ Մնացական Գեւորգյանի հետ եւ ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
   – Ես համայնքը ղեկավարում եմ 2009-ից,- ասաց նա: – Մայիսի 26-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին դնելու եմ իմ թեկնածությունը, և ժողովրդի տված քվեով էլ պարզ կլինի` կընտրվեմ, թե ոչ: Բայց մի բանում համոզված եմ, որ գյուղացին իր քվեն կտա` ելնելով իմ կատարած աշխատանքներից: Իսկ դրանք բազմաթիվ են: 2009 թ. ամբողջովին մայրուղուց դեպի Նուռնուս 9 կմ ճանապարհահատվածը հիմնովին ասֆալտապատվել է: Գյուղում անցկացրել ենք բնական գազի գիծ, որը չենք ունեցել դեռ խորհրդային տարիներից: Կառուցվել է խմելու ջրի երկրորդ կապտաժը, անցկացրել ենք գլխավոր փողոցի լուսավորությունը, մասնակի վերանորոգել ենք մշակույթի տան շենքի այն հատվածը, որտեղ գյուղապետարանն է: Կահավորել ենք գյուղապետարանի աշխատասենյակները: Բացվել է երկրորդ` Նուռնուս-Երեւան տրանսպորտային երթուղին: Այս աշխատանքներն իրականացվել են իմ ղեկավարման տարիներին: Հույս ունեմ, որ հետագա քառամյա ծրագրով, եթե ընտրվեմ, մնացած հիմնախնդիրներին լուծում կտամ: Հաջորդ քառամյա ծրագրում ներառված են գազի ներքին ցանցի ավելացում, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում, մնացած փողոցների լուսավորության անցկացում: Երբ 2009 թ. ընտրվեցի, համայնքը 6 միլիոն դրամ աշխատավարձի պարտք ուներ, որը մայիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հողի հարկի, գույքահարկի հավաքագրման շնորհիվ զրոյացրեցինք: Համայնքի բյուջեից 10 տոկոս ներդրում ենք արել (7 միլիոն դրամ) գազի գծի անցկացման համար, ընդհանուր ծրագիրը կազմել է 70 միլիոն դրամ: Այս տարի համայնքապետարանի բյուջեից 5 միլիոն 600 հազար դրամ ներդրման շնորհիվ լուծել ենք լուսավորության հարցը: Գյուղապետ ընտրվելուց հետո իմ մեջ ծնվեց բնավորության մի նոր գիծ` նախ, մարդու հետ շփվելու ունակություն, համբերատարություն, ժողովրդի հոգսը քոնը համարելը: Այս տարիներին ես յուրաքանչյուրի հոգսը հոգացել եմ, ուրախություններով ուրախացել եմ: Փոխադարձ հարգանքի ու վերաբերմունքի արդյունքում էր, որ մարդիկ ինձ վստահեցին, հավատացին` իրենց հարկերը վճարելով, ինչի արդյունքում կարողացա այսքան գործ անել: Ժողովուրդը իմ կողքին կանգնեց, ես էլ պատրաստ եմ իրենց համար ամեն ինչ անել: Ինչ խնդիր ունեն, իմն եմ համարում, իսկ բոլոր իրենց ձեռքբերումներն ու հաջողությունները մեր բոլորինն են: Իմ հնարավորությունների սահմաններում ամեն հարցում կանգնած եմ գյուղացիների կողքին, եթե անգամ չեմ կարողանում, ապա իմ խորհրդով կօգնեմ, որ մարդիկ զգան, որ իրենց հետ եմ: Ես պատրաստ եմ իմ ժողովրդին հնարավորության սահմաններում ամեն ինչով օգնելու: Հուսով եմ, որ ժողովուրդն էլ ինձ կընտրի, եւ մեր փոխադարձ աշխատանքի արդյունքում կունենանք մեծ հաջողություններ, գյուղը կծաղկեցնենք, կշենացնենք: Նպատակս է Նուռնուսը լավագույն համայնքների շարքում տեսնել: Ի շնորհիվ բնակիչների, հարկերի հավաքագրումը 95 տոկոսով կատարել ենք: Ժողովրդի վերաբերմունքից շատ գոհ եմ, վերջնական գնահատականը ընտրություններին տված քվեով է պայմանավորված: Փոխադարձ հարգանքը, վերաբերմունքը կերեւան ընտրությունների արդյունքում: Տեղին է ասել, որ 2009 թ. 85% ձայն եմ հավաքել, հուսով եմ, որ այդ տոկոսային հարաբերակցությունը հաստատ կավելանա: Եվ ինչքան ավելանա, այնքան ավելի պարտավորվածություն կզգամ իմ ժողովրդի հանդեպ, այնքան ավելի շատ կուզենամ աշխատել, ստեղծել, իմ համայնքը ծաղկեցնել: Դա միայնակ չեմ անի, իմ կողքին կլինեն ընկերներս: Մարդն առանց ընկեր անկարող է, իսկ ես ունեմ իմ ընկերական շրջապատը, աշխատանքային կոլեկտիվը: Միայնակ ոչ մի բան չեմ կարող անել, իսկ մարդը իր ընկերությամբ, իր աշխատանքային կոլեկտիվով հզորանում է, կարող է ամեն հարցի լուծումը գտնել: Իմ աշխատակազմում հին աշխատողներ են: Բոլորն էլ մնացել են մի պայմանով` եթե բավարարեն իմ պահանջները: Փոխադարձ վերաբերմունք ու հասկացողություն ցուցաբերելով, այսօր բոլորս միասին աշխատում ենք: Այսքան արդյունքի եւ հաջողությունների հասել ենք իմ աշխատանքային կոլեկտիվի եւ ընկերների, շրջապատի, ժողովրդի օգնությամբ: Համայնքը շատ փոքր է, բոլորս մեկս մյուսին ճանաչում ենք, մի տան անդամների նման ենք: Ուզում եմ լրացում անել. դպրոցի վերանորոգման աշխատանքների մեջ գյուղապետարանի ներդրումն է եղել, 600 հազար դրամ ջեռուցման հարցի լուծման համար գյուղապետարանի բյուջեից ենք տրամադրել, պատուհանների շերտավարագույրները գյուղապետարանի բյուջեի միջոցներով ենք գնել: Մեր փոխհարաբերությունները բոլոր կառույցների հետ դրական են, ինչի արդյունքում մեծ հաջողություններ ունենք: Ձեռք եմ բերել ժողովրդի վստահությունն ու հարգանքը: Ունեմ տարբեր բնագավառի ընկերներ: Անկախ ամեն ինչից, առաջին հերթին բոլոր ընկերներս մեծատառով մարդիկ են: Մարդն առանց ընկերոջ անզոր է: Մեր աշխատանքային հնարավորություններով պարտավորված ենք մեկս մյուսին օգտակար լինել, ինչի արդյունքում ունենում ենք հաջողություն, շրջապատ: Ընկերության մեջ տարիքը վստահություն ու հավատարմություն է ավելացնում: Իսկ ինչ վերաբերում է Աբովյանի տարածաշրջանի համայնքապետերի միջեւ եղած հարաբերություններին, բոլորս էլ մի թիմ ենք համարվում: Ի շնորհիվ մարզպետի խորհրդական Գեղամ Հայրապետյանի, մենք համայնքապետերով հավաքներ ենք կազմակերպում, որի ժամանակ կիսվում ենք մեր աշխատանքի, հաջողությունների, ձեռքբերումների, ինչո՞ւ չէ, նաև անհաջողությունների շուրջ: Մեր կապն ավելի է սերտանում, պարտավորեցնում է: Մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շատ լավ է տրամադրված մեր համայնքի նկատմամբ` պետական ծրագրերի իրականացում, աշխատանքներին աջակցում եւ այլն: Ուզում եմ նշել նաեւ իմ վաղեմի ընկերներից մեկին, ում հետ ընկերություն ենք արել դեռ համակարգում չաշխատելու ժամանակահատվածում: Իմ շատ մտերիմ ընկերն է մարզի գյուղվարչության պետ Մհեր Եղիազարյանը: Շատ-շատ ընկերներ ունեմ, ում կարող եմ վստահել, ում վրա կարող եմ հենվել, ումով հպարտ եմ: Իսկ դա փոխադարձ է: Մեկս մյուսով ենք հարուստ ու հպարտ…

   Զրույցի բռնվեցինք նաեւ համայնքի ղեկավարի տեղակալ Հրանտ Պետրոսյանի հետ, ով մասնավորապես ասաց. <<1998-ից աշխատում եմ այս համայնքում: Մնացականի ընտրվելուց հետո էլ միասին աշխատել ենք համայնքում, ու մեր աշխատանքը նկատելիորեն առաջընթաց է ապրել: Չորս տարիների ընթացքում լավ գործեր ենք կատարել, եւ համայնքը բավականին զարգացման փուլ է անցել: Շատ կարճ ժամանակահատվածում մերվեցինք, դարձանք մի բռունցք, մի ընտանիք, մի կոլեկտիվ եւ շատ հաջող աշխատում ենք իրար հետ: Բոլոր հարցերում միաձայն ենք, միակարծիք, միահամուռ: Ցանկացած հարց քննարկում ենք, հետո միայն կատարում: Համայնքի ղեկավարի աշխատանքից շատ գոհ եմ: Վճռական է, խոսքի տեր, գործունյա: Բարձրացված հարցի լուծումը պետք է տանք անպայման: Այս տարիներին միասին աշխատելով, նկատել եմ, որ Մնացականի մեջ այնքան էներգիա կա, որ, իմ կարծիքով, դեռ երկու փուլ էլ իր ունեցած էներգիայով կարող է աշխատել: Առաջ նայելու մեծ կարողություն ունի, կկարողանա աշխատել: Մենք էլ իրեն թեւ ու թիկունք լինելով, մեծ սիրով նորից իրեն ենք ընտրելու, որովհետեւ համայնքը գնալով առաջընթաց է ունենում>>:
   Գյուղապետարանի առաջին կարգի մասնագետ Անդրանիկ Եղիազարյանի խոսքերով, պարոն Գեւորգյանը շատ ամուր կոլեկտիվ է ստեղծել. <<Երբ նա առաջին անգամ մտավ այս կոլեկտիվ, հաջողության կարեւոր գործոններից մեկն այն եղավ, որ աշխատակազմից ոչ մեկ չազատվեց աշխատանքից: Շատ լավ ղեկավար է, շատ վճռական, շատ հարգված անձնավորություն գյուղում, հիանալի ընտանիքի հայր, գերազանց պապիկ, ունի շատ լավ թոռնիկներ: Մոտակա ընտրություններին, համոզված եմ, համայնքի ամբողջ բնակչությունը միահամուռ կընտրի գործող գյուղապետին, որովհետեւ տեսնում են կատարված աշխատանքները, ամեն ինչը շատ լավ գնում է, ցավոտ հարցերի լուծումներն արդեն տրված են: Գազաֆիկացում,   ճանապարհի ասֆալտապատում, նաեւ ճանապարհների պահպանություն. այս եւ շատ այլ հոգսեր պարոն Գեւորգյանի ուսերին են, երբեք չի թողնի, որ հողամասերից ավելորդ ջուր հոսի, փակել կտա, որ ճանապարհը չփչանա: Սրտացավ է, հետեւողական` արվածը պահպանելու հարցում>>:
SHARE