Ամենակարևորը` հույս ու հավատ

0
23

Շենացնելով հայրենի հողը և հավատարիմ մնալով նրան

Լավատեսություն

Սոթք համայնքը /Գեղարքունիքի մարզ/ Կոլիկ Շահսուվարյանը ղեկավարում է 2008 թվականից և մտադիր է առաջիկա տարիներին ևս առաջնորդել նրան: Խոսելով իրականացված աշխատանքների մասին, նախ նշեց, որ որքան էլ աշխատանք կատարես, միևնույն է, անելու բան կա ու կլինի, մանավանդ` Սոթքում:

-Երբ ստանձնեցի գյուղի ղեկավարումը,- ասաց պարոն Շահսուվարյանը,- 2 տարուց ավելի միայն պարտքեր էինք փակում: Աշխատանք իրականացրել ենք վերջին 5 տարում: Ժամանակի հետ տարբեր ծրագրեր ենք իրականացնում: Եվս մեկ ամիս և գյուղը /270 ընտանիք/ շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Խմելու ջրի նոր համակարգ ենք կառուցել` նոր կապտաժներով, նոր ջրահավաք ավազանով և խողովակներով: Գնել ենք բավականին գյուղտեխնիկա և գործիքներ: Գազաֆիկացման 85 մլն-անոց ծրագրից 44-ն արել ենք: 50-60 ընտանիք կարող է արդեն օգտվել բնական գազից: <<Վորլդ Վիժն>> կազմակերպության հետ համատեղ մանկապարտեզի շենքն ենք կառուցել, և գույք ձեռք բերելուց հետո այն հաջորդ տարի գարնանից կսկսի գործել: Գերեզմանատունն ենք ցանկապատել, ավտոկայանատեղի կառուցել, ճանապարհը բարեկարգել: Ծառատունկ ենք արել: Առաջին դասարանցիներին, նախակրթարանի սաներին պայուսակներ, գրենական պիտույքներ ենք նվիրել: Պրոբլեմները շատ են, միանգամից հնարավոր չէ լուծել, ուստի աստիճանաբար պիտի առաջ գնանք…

Ամենացավոտ խնդիրը, իրենց ամենաթույլ կողմը ոռոգման համակարգի հետ է կապված: Դա բավականին ծախսատար է, այսպես ասած` թանկ հաճույք, ահա թե ինչու ապավինում են դրսի օգնությանը: ԾԻԳ-ի ծրագրերում այն արդեն ներառվել է, նախնական գումար հատկացվել է, և հույս ունեն գարնանից սկսել այդ աշխատանքները. <<Միայն գլխավոր ջրագիծ ունենք, որի վերակառուցումը կազմում է 150 մլն դրամ, առնվազն մոտ 100 մլն էլ կպահանջի ևս 4 փոքր ջրագծերի վերակառուցումը: Սոթքում հողագործությունը շատ արագ տեմպերով զարգանում է, 310 հեկտար կարտոֆիլ է ցանված, ուստի և ոռոգման ջրի պահանջը գնալով ավելի հրատապ է դառնում: Ջրի կորուստները նվազագունի հասցնելով, հետագայում արդեն կանցնենք խորքային հորերի խնդիրը լուծելուն: Բնապահպանական ոլորտին առնչվող մոտ 11 մլն դրամ է հատկացվել գյուղին նախորդ տարի, որն ավագանու որոշմամբ ներդնելու ենք զբոսայգու կառուցման գործում: Դա բնակչության ցանկությունն է: Այս տարի ցանկապատն է կառուցվում, հաջորդ տարի կանցնենք ներսի աշխատանքներին: Այս ամենն իր տեղն ու դերն ունի, բայց ամենակարևորը մարդկանց հույս ու հավատ ներշնչելն է, ինչն էլ արել եմ պաշտոնավարմանս առաջին իսկ օրից, որպեսզի մնան, կապվեն հայրենի հող ու ջրին, վստահ լինեն նրա ապագայի հարցում: Քանդում էին սեփական տները, շինանյութը վաճառում ու անդարձ հեռանում: 700-750 տնից մնացել էր 270-ը: Իմ գալուց հետո ոչ մի տուն չի քանդվել: Հույս եմ տվել ժողովրդին, ինձ միացել են ավագանու անդամները, գյուղապետարանի աշխատակազմը, և միասին ցանկալի արդյունքի ենք հասել: Այո՛, արտագաղթը կանգնեցրել ենք, և արդեն աճ է գրանցվում` տարեկան 7-8 բնակիչ: Իմ գալու պահին 920 բնակիչ կար, այսօր արդեն` 970: Երիտասարդներն այսօր մնում են գյուղում, քանի որ զբաղմունքը շատ է, հեռանկարը` մեծ: Որոշակի աշխատատեղեր կան, հողն ու անասունն էլ` իրենց հերթին: Առաջնահերթ մտահոգված ենք մարդկանց առօրյան աշխույժ ու հետաքրքիր դարձնելու, նրանց ապրելակերպը բարելավելու խնդիրներով: Ինչ հնարավոր է, անում ենք…>>:

Ինչպես նախորդ ընտրություններին, ըստ պարոն Շահսուվարյանի, այս անգամ ևս ինքը ոչ մի խոստում չի տվել, ընդամենն ասել է, որ կանի ինչ հնարավոր է: Նախկինում եղած լարվածությունը, երկպառակությունն այսօր իսպառ վերացված են, հանգիստ ու խաղաղ մթնոլորտ է տիրում համայնքում: Համախմբված, սիրով ու համերաշխ մարդիկ ապրում, արարում են: Սա, իրոք, կարևոր ու գնահատելի ձեռքբերում է: Համայնքի ղեկավարությունը հնարավորության սահմաններում մարդկանց խրախուսում, աջակցում է, նյութապես օգնում: Գյուղապետարան մտնողն իրեն օտար միջավայրում չի զգում, իսկ գնալիս էլ բավարարված է մնում: Դպրոցն ուշադրության կենտրոնում է, նախակրթարան ունեն: Գործող գյուղապետի հավաստմամբ, հաջորդ տարվանից դպրոցին ավելի մեծ ուշադրություն են դարձնելու, ներդրումներն այստեղ առնվազն կրկնապատկվելու են:

Առհասարակ, առաջիկա տարիներին հիմնական ուշադրության կենտրոնում դպրոցն է լինելու և ապա ոռոգման խնդրի լուծումն են մեծապես կարևորելու: Շատ ուշադիր են երեխաների նկատմամբ, հաճախակի են նրանց հաճելի անակնկալներ պարգևում: Յուրաքանչյուր առիթի դեպքում համայնքի ղեկավարությունն իր ժողովրդի կողքին է, ջանում է եթե ոչ նյութապես, ապա գոնե բարոյապես իր բնակչին օգտակար լինել:

Կոլիկ Շահսուվարյանը շատ մարդամոտ է, բազմաթիվ ընկերներ ունի ոչ միայն գյուղում, այլև Վարդենիսի տարածաշրջանում, մարզում: Ինքը ընկերների, ընկերներն` իր հետ են, միմյանցից անբաժան: Խոսելով 8 տարիների ձեռքբերումների մասին, ժպիտով ասաց. <<Ավելի շուտ ծերացա, խնդիրներս կրկնապատկվեցին…>>: Իսկ եթե փորձենք լուրջ մոտենալ, ապա պիտի ուրախությամբ արձանագրենք, որ Սոթքի պես բնակավայրում մարդկանց հույս ու հավատ ներշնչելը, նրանց իրենց տունուտեղին կապելը, ապագայի նկատմամբ լավատեսություն հաղորդելը մեծ գործեր են` արժանի բարձր գնահատականի ու խրախուսման…

SHARE