Ամենակարևորը պատիվն ու հարգանքն են

0
30

Մնացածն անցողիկ են, ժամանակի ընթացքում մոռացվող ու գնացող

Հեռատեսություն

Լանջաղբյուր համայնքը /Գեղարքունիքի մարզ/ Յուրիկ Բաղդասարյանը ղեկավարում է 2005 թվականից և նորից է թեկնածությունն առաջադրել առաջիկա ընտրությանը: Ունի մրցակից:

-Ինչպես օրենքն է, կարգը,- <<Ընկեր>>-ին ասաց գործող համայնքապետը,- գնում ենք ընտրության: Մթնոլորտը նորմալ է, որովհետև ես այս 11 տարվա ընթացքում համայնքում այնպիսի մթնոլորտ եմ ձևավորել, որ ապրում ենք ինչպես մի մեծ ընտանիքում` փոխադարձ հարգանք, փոխըմբռնում, վստահություն: Բնական է, ընտրություններն առանց խոսք ու զրույցի չեն կարող անցնել, բայց ես երկու կողմերին էլ շարունակ զսպվածության, հավասարակշռության կոչեր եմ անում: Ինքս իմ օրինակով դա ցույց եմ տալիս` հակառակորդիս հետ հանդիպելուց ավելի ջերմ ու բարյացակամ վերաբերմունք դրսևորելով: Բնակիչն, իհարկե, իր քվեն կտա` գնահատելով 11 տարվա կատարածը: Իսկ արվածը շատ է: Բոզոյանների թաղ տանող ճանապարհն անանցանելի էր, բարեկարգեցինք, արտաքին լուսավորություն ենք անցկացրել: Գյուղում երկու օրը մեկ էր ջուր լինում, այն էլ` 1-2 ժամով: 16 կմ խմելու ջրի ջրագիծ ենք կառուցել մի ծրագրով, մյուսով` 2 կմ, այնուհետև` 1 կմ: Նաև ներքին ցանցի վերանորոգումներ և նոր կառուցումներ ենք արել: Կարելի է ասել, որ  խմելու ջրի հետ կապված խնդիրները 90 տոկոսով լուծել ենք: Ամենօրյա ջրամատակարարում ունենք: Սպասարկումը, անվճար, մենք ենք իրականացնում: 300 հազար դոլարի սահմաններում ոռոգման 3-րդ կարգի ջրանցքներ են կառուցվել, ինչի շնորհիվ բոլոր հողատարածքները դարձել են ոռոգելի: Ոռոգման երկու ջրամբար ունենք, որից միայն մեկն է շահագործվում: Այդուհանդերձ, ջրագծեր ունենք, որոնք նորոգման կարիք ունեն, ինչը տարեցտարի անում ենք: Նախատեսել ենք, որ մյուս ջրանցքն էլ շահագործվի: Սարից եկող` ջրամբարները սնուցող առուները` կիսախողովակները, քայքայված են, դրանց վերակառուցման ծրագիրն եմ արդեն մտցրել կառավարություն, որպեսզի այդ 2 կմ 700 մ-ը վերանորոգվի: Ծրագիրն այս տարի պետք է իրականացվեր, բայց ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց` մնալով հաջորդ տարվան: Գյուղի մանկապարտեզը չէր գործում, շահագործել ենք, այս տարի 65 երեխա է հաճախում: <<Կլոր սեղան>> և <<Վորլդ Վիժն>> կազմակերպությունների օգնությամբ, մոտ 5 մլն դրամ իմ սեփական միջոցների ներդրմամբ ենք վերանորոգել մանկապարտեզի շենքը: Մշակույթի տան հիմնանորոգման համար մոտ 30 մլն դրամ ներդրում է արվել 2014-ին պետբյուջեի միջոցներից: Այս տարի մեծահասակների համար զրուցարան ենք տեղադրել և մի թաղամասի որոշ մաս լուսավորել համայնքի միջոցներով: <<Վորլդ Վիժնի>> կողմից ձեռք ենք բերել մեկ տրակտոր: ժամանակին նրա միջոցներով 63 կթու կով հատկացվեց անապահով ընտանիքներին: 2012-ին ստեղծեցինք կոոպերացիա` 112 անդամից բաղկացած, և գյուղատնտեսության զարգացման, աջակցման ծրագրով ձեռք բերեցինք 17 միավոր գյուղտեխնիկա, ինչի արդյունքում գյուղաշխատանքների գները մոտ 50 տոկոսով մատչելի դարձան:

Ինչպես այնուհետև շարունակեց պարոն Բաղդասարյանը, ընդունելության հատուկ օրեր բնակիչների համար չկան: Գյուղացին անձնական խնդիրներով կարող է անգամ գյուղապետի տուն գնալ: Ցանկացած հարցով առաջինը դիմում են համայնքապետին: Այստեղից դիմում-բողոք դեռևս ոստիկանություն չի գնացել: Բոլոր հարցերը համայնքի ներսում լուծվում են: Փոխադարձ վստահության մթնոլորտում ծնունդ առած համերաշխությունն, իրոք, նախանձելի է: Ընկերությունն էլ իր հերթին նպաստում է, որ համայնքում առողջ մթնոլորտ իշխի.

-Տյումենում բնակվող մեր համագյուղացի Հրանտ Նալբանդյանն իմ ընկերն է: Դիմեցինք նրան, 60-70 հազար դոլարի ներդրում արեց` վերանորոգելու Մատուռավանքը /6-8-րդ դարերի կառույց/: 2006-ին, երբ պետական ծրագրով ասֆալտապատվում էր Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհը և 10-15 տոկոսի չափով ներդրում պետք է աներ համայնքը, մեր վիճակն այնքան էլ նախանձելի չէր: Նոր էի ընտրվել, գյուղապետարանը պարտքերի տակ էր: Օգնության հասան ընկերները` 5 հազար դոլարի չափով գումար հանգանակվեց, մնացած մասն էլ Հրանուշ Հակոբյանի միջամտությամբ կառավարությունն օժանդակեց: Ապրիլյան դեպքերին առաջին օգնությունը մեր գյուղից է տեղ հասել: Ապրիլի 2-ին ես արդեն այնտեղ էի` Արցախում, ապա 2 օր անց նորից օգնություն հասցվեց: Մեր կողմից, ընդհանուր առմամբ, զգալի օգնություն հասցվեց Ստեփանակերտ: Ապա Մագնիտագորսկի մեր համագյուղացիներ` Սերգեյ և Արկադի Բազեյան եղբայրները, օգնություն բերեցին, և միասին մեկնեցինք դիրքեր: Համայնքից 13 զինծառայող ունենք: Բոլոր նման հարցերում միասնական ու համախմբված ենք: Մանկուց ընկերության նկատմամբ առանձնակի հակում եմ ունեցել: Ամեն ինչում մաքրություն եմ սիրում: Մարդը պետք է պարզ ու մաքուր լինի, սուտը չեմ ընդունում: Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը: Կեղծավորությունը նույնպես չեմ հանդուրժում: Ընկերությունն առանց վստահության, առանց անկեղծության չի լինում: Ընկերն ընկերոջ կողքին պիտի կանգնած լինի, օգնի, հասկանա: Ես ավելի շատ նեղ, քան թե լեն օրվա ընկեր եմ: Եթե պետք է, ապա անգամ քեզ նեղություն տալով պիտի ձեռք մեկնես ընկերոջդ: Ամենակարևորը մարդու անունն ու պատիվն են:

-Ի՞նչ ցանկություն ունեք:

-Ընտրությունն անցկացնենք խաղաղ, հոկտեմբերի 3-ի առավոտյան բոլորս միասին, անկախ այն բանից, թե ով կհաղթի, հանդիպենք սովորականի պես, բարևենք միմյանց` ոչ մի հետք մեր հոգում չպահելով: Վերընտրվելուց հետո հստակ ծրագիր կա` որն անել, որն առաջ տանել, ինչպես անել և այլն: Գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման ծրագրում արդեն ընդգրկվել ենք, հուսամ` գարնանը կսկսենք աշխատանքները: Ոռոգման խնդրի բարելավման առումով դիմել ենք կառավարություն` ևս մեկ խորքային հոր ունենալու ակնկալիքով: Այսպես, ահա, շարունակ. երբ աշխատում ես, միշտ գործ կլինի անելու, աշխատանքները վերջ չունեն: Պիտի աշխատենք` մարդկանց երբևէ հիասթափվելու և հուսախաբ լինելու առիթ չտալով…

SHARE