Ամենամեծ գնահատականը

0
41

Սիրված ու հարգված լինելն է շրջապատիդ, քեզ վստահած մարդկանց կողմից

Անձնվեր

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը պաշտոնավարում է 1996 թվականից և այս անգամ ևս առաջադրել է թեկնածությունը: Նրա խոսքով, գյուղապետի աշխատանքը բացարձակ ծառայություն է.

-Ծառայություն ես մատուցում ժողովրդին, իշխանության կամ իշխելու մասին խոսք լինել չի կարող: Եթե քեզ իշխանավորի տեղ դնես, ապա հաջորդ անգամ ժողովուրդը չի ընտրի: Այո՛, ծառայություն, երբ օգտագործում ես նաև իշխանական բոլոր ռեսուրսները, ընկերական կապերը և հնարավոր բոլոր միջոցներով ինչ-որ բան անում համայնքի համար: Ժողովուրդն ամեն ինչ լավ տեսնում ու գիտակցում է: Սկսել եմ եղած պարտքերը փակելով: Ապա տնտեսելով` աստիճանաբար առաջ գնացել, ստեղծել իմը, կառուցել: Այսօր առկա հիմնախնդիրներից միայն մեկն է մնացել` կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը, ինչպես նաև արտաքին լուսավորության անցկացումը, որոնց իրականացմանը ձեռնամուխ կլինեմ վերընտրվելուց անմիջապես հետո: Համայնքն ավելի շատ կոսմետիկ` մասնակի նորոգումների կարիք ունի: Սևանա լճին, կարելի է ասել, կպած է` դեռևս խորհրդային շրջանում շատ զարգացած լինելով: Ունեինք մոր ու մանկան 500 տեղանոց հանգստյան տուն, միութենական պիոներական ճամբար, ձկան գործարան, տրիկոտաժի ու կոնդենսատորների արտադրություններ, ինչը նշանակում է, որ ավելի շատ քաղաքային կյանքով ենք ապրել: Այսօր ջանում ենք դա փոքրիշատե վերականգնել: Շատ լավ դպրոց, մանկապարտեզ ունենք: Բնապահպանական ծրագրkarjaghbyur-taron-qocharyan-2ի շրջանակում լճին մոտ ձկան շատ մեծ, բազմապրոֆիլ գործարան է կառուցվում` <<Սևանի իշխան>> անվանմամբ, ինչի պարագայում, մի շարք այլ առավելությունների հետ, բավականին աշխատատեղեր կունենանք: Այդուհանդերձ, երկրի շենությունը հողն է, հողագործությունը, քանզի հողն է պահում, կերակրում բնակչությանը: Համայնքում ամբողջությամբ լուծված է խմելու ջրի խնդիրը: Սարից 4,5 կմ ջրատար ենք բերել, ողջ ներքին ցանցը փոխել: Նորացված է նաև ոռոգման ողջ համակարգը` պոմպակայաններով հանդերձ: Կարճաղբյուրցին այս առումներով որևէ խնդիր արդեն չունի: Միայն թե բավարար աշխատանք լինի` աշխատի, ստեղծի, իր ընտանիքը պահի: Մեզ համար տնտեսապես ձեռնտու չէ հող մշակելը` բնակավայրից հեռու /մոտ 20 կմ/ լինելու պատճառով: Գյուղտեխնիկայի կարիք ունենք, որպեսզի գյուղացին շահագրգռված լինի հողը մշակել և ցանկալի արդյունք ստանալ: Ջանալու եմ հասնել այն բանին, որ Կարճաղբյուրը ներառվի արտոնյալ /սահմանամերձ/ համայնքների ցանկում և ազատվի, մասնավորապես, հողի հարկ վճարելուց… Համոզված եմ, որ ամեն մեկն ինքն է իր ճակատագիրը կերտում: Պետք է լինես ուղղամիտ, պարզ, կամեցող, դիմացինին բաժին հանես ունեցածիցդ: Ես մի բան գիտեմ` մարդն իր <<ողորմի>>-ն ստանում, վաստակում է կենդանության օրոք, այլ ոչ թե մեռնելուց հետո: Այս սկզբունքով էլ առաջնորդվում ու գործում եմ: Իմ համբավն ու հեղինակությունը վաստակել եմ ուղղամտությամբ, խոսքիս տերը լինելու, ազնվության, դժբախտության պահին մարդուն մենակ չթողնելու, ուրախանալիս նրան ընկերակցելու արդյունքում: Պետք է կարողանաս, իրոք, ապրել համայնքի հոգսերով` նրա ամեն ինչը քոնը դարձնելով, ոչինչ չանտեսելով, ինչպես նաև շատ հաճախ անձնականիդ մասին մոռանալով: Այո՛, կորցնելով, քան գտնելով, սակայն, այդուամենայնիվ, այսօր գոհ ու բավարարված եմ զգում ինձ, քանզի ունեմ ամենամեծ գնահատականը` ժողովրդիս սերն ու հարգանքը…

Ընկերության թեմային անդրադառնալիս, պարոն Քոչարյանն առանձնակի նշեց, որ իր ընկերն այն մարդն է, ով արդարամիտ է, պարզ, հասնող, հայրենիքը սիրող, նեղ պահին դիմացինի կողքը կանգնող. <<Ով կարողանում է հանրային դրական կարծիք ձևավորել իր անձի շուրջը, նա իմ ընկերն է: Ես միշտ պայքարի մեջ եմ եղել: Չեմ ընդունում` մեկը փող ունի, ուրեմն լավ տղա է. ընդհակառակը, թող նա իր փողից կամովին բաժին հանի աղքատներին, որպեսզի դրանով դառնա լավ մարդ, չէ՞ որ միայն կուտակելով չէ: Թող այդ մեկը բարի համբավ <<կուտակի>>` ծառայելով բարությանը, լավ ու առաքինի գործերին և այդ կերպ մարդ կոչմանն արժանանալով: Շարքային, հասարակ մարդու հետ ես ինձ ավելի լավ եմ զգում: Իմ գյուղացու համար երբեք <<պարոն>> չեմ եղել, ընկեր եմ ու հարազատ: Ես նրանց շրջապատում եմ ինձ լավ զգում, լիարժեք մարդ, լիարժեք հայ զգում: Միշտ էլ բարձր վստահության եմ արժանացել, քանզի ապրել եմ բոլորի հոգսերով, կանգնած եմ եղել բոլորի կողքին: 25 տարեկանում ղեկավարել եմ խորհտնտեսությունը, ունեցածս հնարավորությունները, միջոցներն ու կապերը ծառայեցրել եմ իմ գյուղացու համար: Մարդն ուժեղ է իր ժողովրդականությամբ, հարգանքով ու պատվով: Այսուհետև էլ անելու եմ առավելագույնը, որպեսզի Կարճաղբյուրը դառնա ավելի զարգացած, ժամանակակից բնակավայր` բարեկեցիկ ու շեն համայնքով…>>:

Այո՛, մարդը պետք է ապրի հոգևոր, բարոյական արժեքներով, երբևէ կուլ չգնա նյութականին, կյանքի նպատակ չդարձնի հարստություն կուտակելը, փող դիզելը: Ամեն ինչ անցողիկ է, մնայունը բարի համբավն ու հեղինակությունն են…

SHARE