Ամենօրյա խնամք, հոգատարություն

0
22

Ճանապարհների պահպանության, սպասարկման ու շահագործման նկատմամբ…

Ճանապարհաշինություն

watermarked_IMG_0650

  <<Կոտայքի ՃՇՇ>> ՍՊԸ Բաղրամյանի մասնաճյուղն իրականացնում է Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի միջպետական, հանրապետական, մարզային, ինչպես նաև տեղական շուրջ 70 կմ ճանապարհների սպասարկման ու վերանորոգման աշխատանքները: Մրցույթների միջոցով նաև ճանապարհների վերակառուցում են կատարում: Փոսային նորոգումների հետ մեկտեղ ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներ ևս իրականացնում են: Սպասարկումը ներառում է ասֆալտի պահպանություն, մաքրություն, ձմեռային ապահովություն և այլն:
Մարզի մյուս տարածաշրջանների համեմատ, ասաց մասնաճյուղի տնօրեն Սլավիկ Գալստյանը, Բաղրամյանում ձմեռն ավելի խիստ է լինում, ձյունաշատ, ինչն էլ լրացուցիչ դժվարությունների տեղիք է տալիս: Վերջին 1015 տարիներին մեր քաղաքացիներն, ասես, մաքրության պահպանության առումով այնքան էլ նախանձախնդիր չեն, չեն հետևում մաքրությանը, աղբը թափում են` որտեղ պատահի: Ամենօրյա աշխատանք է պահանջվում մեզանից, բանվորներն ամեն օր մաքրում, հավաքում են թափված աղբը և տեղափոխում: Գյուղական համայնքներում աղբահանությունը ճիշտ չեն կազմակերպում, մարդիկ բերում ճանապարհների կողքերն են լցնում աղբը: Այս խնդրի մասին բազմիցս ենք բարձրաձայնել մարզպետարանում, գյուղապետարաններում, որպեսզի պատշաճ ուշադրություն դարձվի աղբահանությանը: Ցավոք, վիճակը շարունակում է նույնը մնալ: Ժողովրդի կուլտուրան շատ ցածր է այդ հարցում, կարգապահության զգացումը բացակայում է: Այս ամենն անպատասխանատվության, անտարբերության հետևանք են, որ հարիր չեն քաղաքակիրթ ազգին: Ասես, այս հողը, այս երկիրը մերը չլինեն: Բաղրամյանի զորավարժարանի դիմաց մարդիկ ինքնագլուխ, կամայական աղբավայր են ստեղծել, այն դեպքում, երբ այստեղ աղբավայր նախատեսված չէ: Հաշվի չի առնվել նաև այն կարևոր հանգամանքը, որ այստեղ շատ են լինում արտասահմանցիներ: Սա արդեն պետական մասշտաբի խնդիր է, որ պետք է կառավարության մակարդակով ստանա իր լուծումը:
Պարոն Գալստյանն այնուհետև նշեց, որ մասնաճյուղը հագեցած է համապատասխան տեխնիկական միջոցներով, ինչը հնարավորություն է ընձեռում պատշաճ իրականացնելու թե՛ ճանապարհների պահպանությունը և թե՛ առհասարակ ճանապարհաշինությունը: Առաջիկայում ճանապարհների փոսալցման աշխատանքներ ունեն, նաև տենդերային մրցույթներով նախատեսված աշխատանքներ կան: Իսկ, ընդհանրապես, ճանապարհն ամենօրյա խնամք ու հոգատարություն է պահանջում:
Մեր հիմնական խնդիրը, շարունակեց խոսքը մասնաճյուղի ղեկավարը, աշխատանքների քիչ լինելն է, սակավությունը, ունեցած հնարավորությունների ոչ լիարժեք օգտագործումը: Այս տարածաշրջանի նկատմամբ պետական ուշադրությունն այնքան էլ նկատելի չէ, հոգածությունից դուրս է մնացել: Սխալ էր, ըստ իս, տեղական նշանակության ճանապարհները մարզպետարանների ենթակայությանը հանձնելը, քանի որ վերջիններս նյութական բավարար միջոցներ չունեն դրանց շահագործման, պահպանության համար: Այդ ճանապարհները պիտի տրանսպորտի նախարարությունն սպասարկի, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում էր: Պահանջվող հոգածությունից զրկվելով, ճանապարհն էլ ժամանակի ընթացքում քայքայվում, վթարային է դառնում, և հետագայում ավելի շատ միջոցներ պետք կլինեն դրանց անվտանգ շահագործման համար: Մի խոսքով, ճանապարհային մեծ, հարուստ ցանց ունենք, որը սակայն պատշաճ չի սպասարկվում, քանի որ նութական համապատասխան միջոցներ այդ նպատակի համար չեն հատկացվում… Ասֆալտը մենք ենք արտադրում: Ունենք մասնագիտացված լաբորատորիա, այնպես որ ասֆալտի որակը մեր անմիջական հսկողության տակ է: Մրցութային աշխատանքների իրականացման դեպքում նաև այլ լաբորատորիաներում է ստուգվում դրա որակը: Ասֆալտապատման բոլոր չափանիշները պարտադրաբար պահպանում ենք: Մեր աշխատանքը սեզոնային է, ուստի աշխատողների զբաղվածության խնդիրը մտահոգող է: Մեկ այլ խնդիր է որակյալ մեխանիզատորներ չունենալը: Երիտասարդներին այսօր չի ձգում այդ մասնագիտությունը, քանի որ վարձատրությունը փոքր է: Համենայնդեպս, մեր կոլեկտիվում նվիրյալ մարդիկ են աշխատում, որ ինչոր առումով անտեսում են գումարի քիչ լինելու հանգամանքը: Ընտանեկան մթնոլորտ է ստեղծվել, ինչը մարդկանց պահում է այստեղ: Մի մեծ տան պես ենք, որտեղ ամեն մեկը գիտի իր գործը, իր անելիքն ու պարտականությունը: Ինքս արդեն 33 տարի զբաղվում եմ ճանապարհաշինությամբ, գործս շատ եմ սիրում: Ճանապարհաշինարարները բարի գործ անողներ են: Որտեղ կյանք, այնտեղ ճանապարհ: Լավատես եմ, և նույնը ցանկանում եմ բոլորին: Յուրաքանչյուրն իր տեղում իր գործը պիտի լավ անի: Մենք լավ, հզոր երկիր ենք ունենալու…
Սլավիկ Գալստյանի համոզմամբ, առանց ընկերների ապրելն անիմաստ է: Ընկերություն անելիս հաշվի է առնում դիմացինի ազնվությունը, ջանասիրությունը, նվիրվածությունը: Այս հատկանիշները պարտադիր պետք է լինեն բոլոր հարաբերություններում: Լավ ընկերը կողքիդ է բոլոր իրավիճակներում, ավելի շատ` դժվարության պահերին: Ճանապարհաշինարարներն ավանդաբար ընկերասեր, մարդասեր են: Երախտագիտության զգացումը մարդուց պետք է անբաժան լինի: