Ամեն բնակիչ իր հոգսն ու խնդիրն ունի,

0
24
և յուրաքանչյուրին պիտի յուրովի վերաբերվել ու հասկանալ…

Կենսասիրություն


 -Արարատի մարզի Ղուկասավան համայնքը ղեկավարում եմ 2005 թվականից,-մեզ հետ ունեցած զրույցում ասաց գործող գյուղապետ Արա Վարդանյանը:-Սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքապետի ընտրությանն առաջադրել եմ թեկնածությունս, ինչը պատահական ու ինքնանպատակ չեմ համարում: Նախ, նկատի եմ ունեցել այն, որ այս տարիների ընթացքում գյուղում լայնածավալ աշխատանքներ եմ իրականացրել, և այսօր էլ դեռ շատ անելիքներ կան, սկսած գործեր, որոնք պարտավոր եմ անպայման բարեհաջող ավարտին հասցնել: Ներկայումս մի շարք աշխատանքներ են ընթացքի մեջ: Մանկապարտեզի տարածքն ենք քարով պարսպապատել` մոտ 450 մ երկարությամբ: Պայմանավորվել ենք ամերիկացի բարերարների հետ` մանկապարտեզի տարածքում խաղահրապարակներ կառուցելու վերաբերյալ: Ի դեպ, մանկապարտեզը գործում է 2 խմբով: Հենց 2005-ին, հարդարման աշխատանքներ կատարելուց հետո, առաջնահերթ վերագործարկել ենք այն: Ամենացավոտն այսօր բուժկենտրոնի անմխիթար վիճակն է, և ներկայումս հնարավորություն է ստեղծվել լուծելու տվյալ խնդիրը: Բելգիական ծրագրի շրջանակում, համայնքի համատեղ ներդրմամբ, բուժկետի համար մոտ 120 քմ տարածքով շենք ենք կառուցում: Մտադիր եմ խնդրանքով դիմելու առողջապահության նախարարություն, որպեսզի այն անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրելու հարցում օգնեն մեզ: Մշակույթի տունը համայնքի բյուջեի միջոցներով մասնակի վերանորոգման ենք ենթարկել: Հիմնականում մնացել է դահլիճի վերանորոգումը, ինչի համար մեծ գումար կպահանջվի: Պարզ է, համայնքի հնարավորությունները սուղ են դրա համար, ուստի փորձում ենք ինչ-որ ծրագրի միջոցով այն իրագործել: Գյուղապետարանը տեղավորված է մշակույթի տան շենքում, որի հնարավորություններն ընդարձակ ու հարմարավետ են: Դպրոցը վերանորոգված է, ունի առանձին ջեռուցում, ինչն արվել է պետբյուջեի միջոցներով: 2006-ին գիշերային լուսավորության ցանցն ենք վերակառուցել, որն այսօր էլ շարունակում է, ժամանակակից հնարավորություններ ունենալով, անխափան գործել: Ասիական զարգացման բանկի միջոցներով ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը: Ընդ որում, ասֆալտապատվեց 9,4 կմ ճանապարհահատված` ներառելով 7 գյուղ…

     Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի հարևանությամբ զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքար-հուշարձան կառուցվեց: Այստեղ ամեն տարի Մայիսի 9-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվում, շուքով նշվում Հաղթանակի օրը: Մնացած տոները ևս պատշաճ են նշվում, համայնքի ղեկավարության առանձնակի վերաբերմունքին արժանանում հատկապես սոցիալապես անապահով ընտանիքները: Օգնություն է տրամադրվում դպրոցականներին, դժբախտ դեպքերին գյուղապետարանի աջակցությունը չի ուշանում և այլն: 
       -Ոռոգման ջրի խնդիր չունենք,-շարունակեց համայնքի ղեկավարը,-օգտվում ենք Սայաթ-Նովայի ջրանցքից: Բնակիչները մի փոքր բողոքում են խմելու ջրի որակից: Նախկինում, երբ <<Երևան Ջուրն>> էր մեզ սպասարկում, այդպես չէր: Վիճակը փոխվեց <<Հայջրմուղկոյուղու>> սպասարկմանն անցնելուց հետո: Համենայնդեպս, ջրով ապահովված ենք, խմելու ջրի ներքին ցանցը, Ասիական զարգացման բանկի ծրագրով, գրեթե ամբողջովին փոխված է: <<Հայէլեկտրացանցի>> միջոցներով մոտ 2,5 կմ էլեկտրական հոսանքի նոր բետոնասյուներ են տեղադրվել նոր թաղամասում: Համայնքի բյուջեի միջոցներով գազաֆիկացվեց 2-3 փողոց, որոնք դեռևս բնական գազից զրկված էին: Փողոցները խճապատել ենք: Ունևոր բնակիչներ ունենք, ովքեր իրենց տուն տանող ճանապարհահատվածը սեփական միջոցներով ասֆալտապատել են: Մեր բարեխիղճ ու պարտաճանաչ բնակիչների` ժամանակին և անգամ ժամանակից շուտ իրենց հարկային պարտավորությունները կատարելու շնորհիվ կարողանում ենք մանկապարտեզի բնականոն կենսագործունեությունն ապահովել: Համայնքը ղեկավարելու համար շատ շնորհներ են անհրաժեշտ, մասնավորապես` ընկերական շրջապատ, մարդկանց հասկանալու կարողություն, համբերատարություն… Ամեն մեկը յուրովի է` իր խնդիրներով, հոգսերով ու մտածելակերպով, նրանցից յուրաքանչյուրին պիտի կարողանաս հասկանալ, յուրովի վերաբերվել, ջերմ, ժողովրդական ու մարդամոտ լինել: Ես այդպիսին եմ, ահա թե ինչու վայելում եմ համայնքի բնակչության հարգանքն ու համակրանքը: Պատահական չէ, որ այսօր մրցակից չունեմ: Ժողովուրդը վստահ է, գիտի, որ իր սպասելիքներն արդարացված են, հավատում է,  որ ավելին եմ անելու: Ամենակարևորը` փոխադարձ հարգանքի մթնոլորտ է ձևավորված համայնքում: Ընկերական մեծ շրջապատ ունենալը նպաստում է, որ ժողովրդի հետ էլ ընկերական լինես: Առաջնահերթ ժողովրդի ընկերն եմ: Մեզ մտահոգողն այսօր եկեղեցու խոնարհված` կիսաքանդ վիճակն է: Պետք է այն վերանորոգենք, վերականգնենք: Չնայած, այդ առթիվ բնակիչների հետ քննարկումների արդյունքում այն համոզմանն ենք եկել, որ առավել քիչ ծախսատար կլինի նորի կառուցումը… Անկախ այդ ամենից, ինքս առաջնահերթ կարևորում եմ ընթացիկ` սոցիալ-տնտեսական, կենցաղային խնդիրների լուծումը` այն նկատառումով, որ մարդկանց նախ պետք է ամուր կապել իրենց տունուտեղին, հայրենի հողին, նրանց համար մարդավարի ապրելու պայմաններ ապահովել: Շնորհակալ եմ իմ բնակիչներից, որ գնահատում են աշխատանքս ու ջանքերս…  
     Արա  Վարդանյանի համար ոչ պակաս կարևոր ու գնահատելի են ընկերները, ընտանիքը, եղբայրները, որոնցով իրավամբ հպարտանում է: Այո, մեծ երջանկություն է հավատարիմ ընկերներ, հրաշալի ընտանիք և ճանաչված եղբայրներ ունենալը: Հայրը` արձակագիր, մանկավարժ Արշավիր Վարդանյանն է: 26 գրքի հեղինակ է: Լայն աշխարհայացք, սրամիտ, կատակասեր, ժողովրդական, բարի մարդ էր, որ մեծ հարգանք ու ճանաչում ուներ: Իմաստուն այր էր: Զգալով մոտալուտ մահը, կանխազգացել էր, որ այս աշխարհից իր հեռանալու օրը նշանավորվելու է ձյունով: Իրոք, 2012 թ. մարտի 10-ին անսպասելի ձյուն տեղաց: Հիշենք նրա բանաստեղծական տողերը.
Դուռս կգան հազար-հազար, թե որ մեռնեմ հանկարծ,
Ձմռան օրով իմ երեսին շող կլինի ընկած,
Կասեն` բարի, արդարասեր, 
Աստվածային մարդ էր,
Շողի միջով նրա հոգին վեր է տանում Աստված…
SHARE