Ամեն լավն ընդօրինակելի ու խրախուսելի է…

0
38
Հավատարմություն


   <<Թե՛ բնակիչների և թե՛ իմ ներքին պահանջն է մղել ինձ ստանձնելու այս պաշտոնը` ի բարօրություն համայնքի: Գյուղապետ ընտրվելն ինձ համար նպատակ չի եղել, այլ միջոց` ծառայելու գյուղին ու նրա մարդկանց>>,- ահա այսպես սկսեց զրույցը Արարատի մարզի Մխչյանի նորընտիր համայնքապետ Խաչիկ Պողոսյանը: Նա մինչ այդ գյուղապետի տեղակալն էր: 
  Մխչյանը տարիներ ի վեր աղբահանության խնդիր ուներ: Առաջնահերթ լուծվել է աղբավայրի խնդիրը` հատուկ տեղ է հատկացվել: Աղբահան մեքենան այսօր կանոնավոր շրջում է գյուղում և ժամանակին իրականացնում այդ կարևոր գործը: Աղբն աստիճանաբար տեղի է տալիս: Այսօր անչափ կարևոր է ենթակառուցվածքների բնականոն վիճակը և, մասնավորապես, բարեկարգ ճանապարհների առկայությունը: Առանց դրա զարգացման կամ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող: Ահա թե ինչու ներկայումս այստեղ լրջորեն զբաղված են տվյալ խնդրով` ճանապարհների բարեկարգմամբ: Գյուղապետարանի ուշադրության կենտրոնում են Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքները: Ամենօրյա հոգատարություն կա, ինչը գործնական է դառնում, երբ խոսքը նրանց կարիքների բավարարմանն է վերաբերում: Նրանց օգտակար լինելը գյուղապետ Խաչիկ Պողոսյանի գործունեության հիմնական նպատակներից մեկն է: 
    Մխչյանը ոռոգման ջրի խնդիր ունի, որն անչափ կարևոր է և որի լուծումը համայնքի ուժերից վեր է: Համայնքի ղեկավարի խոսքերով, <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով փոքրիշատե աշխատանք այդ ուղղությամբ կատարվել է նախկին գյուղապետի օրոք, ինչը իրենք կշարունակեն: Սակայն խնդիրը տարածաշրջանային ընդգրկում ունի և հենց այդ մակարդակի լուծում էլ պահանջում է: Հաջորդ տարվանից նախատեսում են լուսավորել փողոցները, ինչի դեպքում հնարավորինս կկանխվեն գիշերային անցանկալի վթարները: 

   -Մեր համայնքը,-շարունակեց պարոն Պողոսյանը,-ուրիշ այլ խնդիր կամ մտահոգություն չունի: Եվ դա` շնորհիվ Մխչյանում բնակվող Աբրահամյան ընտանիքի և հատկապես` Հովիկ Աբրահամյանի: Նրանց ջանքերով մեր դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը, երաժշտական դպրոցը բարեկարգ վիճակում են: Երեխաների թվի մեծ լինելու հանգամանքով պայմանավորված` մանկապարտեզն աշխատում է հերթափոխով: Երաժշտական դպրոցում ուսուցանվում են թե՛ դասական, թե՛ ազգային նվագարաններ: Մշակույթի տունը ջեռուցվում է, ունի աուդիո համակարգ և անհրաժեշտ բոլոր պայմանները` մշակութային ցանկացած միջոցառում անցկացնելու համար: Կրթական և մշակույթի ոլորտների անհանգստացնող խնդիրներ չունենք: Այն մտահոգությունները, որ ունենք, կարճ ժամանակի ընթացքում անպայման կլուծվեն…
   Ինչպես այնուհետև տեղեկացանք, Խաչիկ Պողոսյանը շատ ընկերասեր է: Ունի մանկության, ուսանողական տարիների, ինչպես նաև զինծառայակից ընկերներ: Ըստ նրա, անկախ զբաղեցրած դիրքից, սոցիալական վիճակից ու քաղաքական դիրքորոշումից, իր ընկերները լավ մարդիկ են.
   -Ընկերոջ մեջ գնահատում եմ հավատարմությունը: Ընկերություն հասկացողության մեջ շատ մարդիկ կարող են մտնել, բայց բոլորը չէ, որ կարող են իսկական ընկերոջ պես ամեն պահի կողքիդ լինել: Ճիշտ էլ չէ, որ բոլոր ընկերներին <<մի արշինով>> չափես: Ամեն մի ընկերոջ պիտի անհատական վերաբերվես, առանձին սիրով մոտենաս: Բոլորն էլ, ի վերջո, իմ ընկերները կարող են լինել և բոլորին էլ ես սիրում եմ: Ունեմ շատ հավատարիմ ընկերներ, որ ցանկացած ժամի կհայտնվեն կողքիս: Այդպիսի ընկեր է Հրանտը: Ժամանակն ապացուցել է այդ: Երբևէ չեմ մտածել փորձել ընկերներիս: Ընկերոջը պետք է հավատալ ու վստահել: Եթե ինքդ լավ ընկեր ես, ապա անպայման լավ ընկերներ կունենաս: Պետք է ներողամիտ ու մեծահոգի լինել: Ցանկացած իրավիճակ, երևույթ վերլուծելուց, գնահատելուց առաջ` ինքդ քո ներսը փորձես <<տնտղել>>, ապա միայն եզրահանգումների գաս: Ինձ համար ընկեր լինելու, ընկեր ունենալու օրինակ եղել է հայրիկս` իր ընկերությունով: Մեծացել եմ նրա ընկերական շրջապատում, մինչև հիմա էլ, հորս մահից հետո անգամ, նրա ընկերների հետ եմ: Ընտանիքներով ենք մեծացել: Հպարտ եմ, որ բանվոր, ռամիկ մարդուց սկսած մինչև ամենաբարձր պաշտոնյաները, ինձ հանդիպելուց, ասում են.<<Քո հայրը մեր ընկերն է եղել>>: Հայրս` Ռոստամը, աշխատել է Հենրիկ /Ջոնիկ/ Աբրահամյանի ղեկավարած գինու գործարանում, նրա պատանեկան ընկերն է եղել: Հորս հետ համեմատվել չեմ կարող և չեմ էլ համարձակվում երբևէ: Մեծ է եղել` իր սրտով, հոգով, ընկերական շրջապատով, շնորհքով: Նրա ստեղծած ընկերությունն ինձ համար անչափ պարտավորեցնող է: Ընկերությունը վեհ գաղափար է, բարձրագույն արժեք: Առանց ընկերության հնարավոր չէ հաջողության հասնել կյանքում: Ընկերությունը բարոյական արժեքների վրա է հիմնված: Կան սկզբունքներ ու արժեքներ, որ չես կարող ոտնահարել: Մեր ավանդական արժեքները և ամեն լավը, նորը պատրաստ եմ կիրառելու և առաջ տանելու թե՛ կյանքում, թե՛ ամենօրյա աշխատանքում…
SHARE