Ամեն մեկս մեր բաժին քարը դնենք

0
70

Պահենք համայնքը և հայ մարդու բարեկեցության մասին մտահոգվենք

Ճակատագիր

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքի ղեկավար Հակոբ Գաբոյանի համար լրագրությունը լուրջ մշակույթ է և քաղաքակրթության մի մասն է կազմում:

-Ինձ համար շատ հաճելի է,- անկեղծացավ պարոն Գաբոյանը,- այդպիսի լրագրության հետ առնչվելը, առավել ևս` <<Ընկեր>> անվանումով պարբերականի: Առհասարակ, ես ողջունում եմ ընկերությունը: Ընկերության վրա է հիմնված գրեթե ամեն ինչ: Նաև չգրված օրենքներ կան, որոնք դե ֆակտո գործում են, քան գրված օրենքները: Մեր երկրի կայացման գործում իր կարևոր դերն ունի լրագրությունը ևս, մասնավորապես` այն լրագրությունը, որն արժևորում է նաև մարդկային ճիշտ հարաբերությունները, ընկերության գաղափարը: Ինձ համար, որպես ՀՅԴ անդամի, ընկեր բառը շատ հոգեհարազատ է: Ընկեր` ոչ միայն միմյանց հարաբերվելու ընթացքում, այլև կարեկցող ընկեր, երկրի ընկեր, հայ մարդու ընկեր… Դաշնակցությունն ինձ համար ոչ միայն այսօրվա քաղաքական թոհուբոհում հայտնված քաղաքական ուժն է, այլև Էրգրից, գաղթական մեր պապերից եկած դաշնակցությունը, որ ծանր ու դժվարին ժամանակներում փրկել է աշխարհասփյուռ հայի ոգին: Այո՛, ընկեր լինելով, սատարել միմյանց, ձեռք ձեռքի տալ, համախմբվել ու միասնանալ: Այսօր շատ պակասություններ ունենք, բայց, հավատացեք, անկեղծության դեֆիցիտն ամենամեծն է: Ընկերության բառի տակ էլի անկեղծությունն ես ման գալիս: Եթե անկեղծ է, ուրեմն ընկեր է: Առանց անկեղծության մի տեսակ ամեն ինչ շինծու է դառնում: Իմ ընկերը իսկական այն հայ մարդն է, ով անկեղծ նպատակաուղղվածությամբ ապրում է այստեղ, նպաստում հայրենի երկրի զարգացմանը` անկախ այն հանգամանքից, թե նյութական ինչպիսի վիճակում է, ինչ հոգս ու կարիք ունի տվյալ պահին: Պետք է վաղվա օրվա տեսլականն ունենաս հոգուդ մեջ, մտածես երկիրը հզորացնելու մասին, արժանապատիվ կյանքի ու ապագայի մասին: Նա, ով նպաստում է երկրի կայուն զարգացմանը, իմ ընկերն է: Հնարավորություններ եմ ունեցել դուրս գնալու, բայց մնացել եմ գյուղում, որովհետև հենց այդ տեսլականն է իմ մեջ, որն ստիպում է անտրտունջ ու հավատարմորեն տանել ճակատագրով ինձ բաժին հասած ծանր խաչը: Ամեն մեկս մեր բաժին քարը պիտի դնենք, պահենք համայնքը, գյուղը, երկիրը և հայ մարդու վաղվա բարեկեցության մասին մտահոգվենք: Հենց սա է մեր ընկերության պատկերացրած ամենամեծ գաղափարը…

Հակոբ Գաբոյանը համայնքը ղեկավարում է 1999 թվականից. <<Այն ժամանակներն էին, երբ նոր-նոր սկսում էինք առաջ շարժվել` դեռևս վախն ու շփոթմունքը մեր մեջ կրելով: Համայնքում կար ընկերության մի խումբ, և միասին որոշեցինք, որ այստեղ ենք <<պառավելու>>, սա է մեր տունը: Այսօր շատերն այստեղ չեն, գյուղը դատարկվել է: Ընկերներ կային, որ հեռացան. որտեղ հաց` այնտեղ կաց… Մենք այդպես չմտածեցինք, մեր տեսակը մի փոքր այլ էր: Մնացինք և փորձեցինք մեր հնարավորությունների չափով օգտակար լինել գյուղին, շենացնել այն: Սեփականաշնորհումը մեր երկրի համար սեփականատրոհում էր, քանդում էր: Սխալ կատարվեց: Երկրի ունեցվածքը մասնատեցինք, փոշիացրինք: Գյուղի, մեր գյուղի համար շատ վնաս էր. բաժան-բաժան հողակտորներ, իրարից տասնյակ կիլոմետրերով հեռու… Հարյուրավոր հեկտար հողատարածքներ կան, որ չենք կարողանում մշակել: Համայնքի բնակչության գրեթե 70 տոկոսը վարկերի տակ կքած է: Ոչ կարողանում են հող մշակել, ոչ էլ հարկային պարտավորությունները կատարել: Անկարողությունը հետընթաց է տանում, ինչի պայմաններում զարգացում հնարավոր չէ ապահովել: Այս տարի, մյուս տարիների հետ համեմատած, հացահատիկային մշակաբույսերի մասով ամենալավ բերքն ենք ստացել: Բարձր կլինի, հուսով ենք, նաև կարտոֆիլի բերքատվությունը: Միակ տարին է, որ ասում են` Աստված տվեց ու պահեց: Բայց իրացման խնդրի առաջ ենք կանգնում: Ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի բոլոր բնակավայրերը: Արտադրում ենք, բայց թե ինչ է լինելու հետո` միայն Աստծուն է հայտնի: Այստեղ պետական աջակցությունը պարտադիր պետք է լինի: Մեր ընկերների միջոցով պայմանավորվածություններ ենք ձեռք բերում` որոշակի քանակ արտահանելու համար, բայց ամեն դեպքում դա խնդրի լուծում չէ: Շարքային հողօգտագործողը խոշոր արտադրողի առկայության պայմաններում հայտնվել է ստվերում: Հասարակ քաղաքացին չպետք է ունեզրկվի: Հողի հարկը վճարելու հարցում խնդիրներ են առաջ եկել նաև այն առումով, որ հողերի կադաստրային արժեքները վերանայման կարիք ունեն, հողի որակական արժեքների գնահատման անհրաժեշտություն կա: Հողերի ընդհանուր կատեգորիաները պետք է վերանայվեն, որպեսզի անհամապատասխանությունը վերացվի: Մեր գյուղացու դժգոհությունն արդարացի է` ինչու պետք է բարձր հարկեր վճարի…>>:

Խաչաղբյուրում, ինչպես և մեր մնացած մյուս բոլոր համայնքներում, սոցիալական ու կենցաղային խնդիրներն են շատ. <<Իմ ղեկավարման օրոք նորոգեցի հին ջրաղբյուրների գծերը, 4 կմ-ի չափով ջրագծեր անցկացրեցի, 2 ակունքի նոր կապտաժներ կառուցեցի` բարելավելով ջրամատակարարումը: Այսօր միջոցներ չունենք, որպեսզի մի թաղամասի հին, քայքայված ջրագծերը փոխենք: Իմ օրոք համայնքն ամբողջությամբ գազաֆիկացվեց: Փողոցները լուսավորել ենք: Կենտրոնական փողոցներն ասֆալտապատ են: Համայնքային տան, որտեղ տեղավորված են գյուղապետարանը, մշակույթի տունը, գրադարանը և այլն, երկրորդ հարկն ենք նորոգել: Շուտով կվերանորոգենք նաև առաջին հարկը` մրցույթ է հայտարարված: Նախակրթարան ենք կառուցելու: Դպրոցը հարմարավետ պայմաններ ունի` Մարտին և Սիլվա Գրիգորյանների /Պարսկաստան/ բարեգործական միջոցների ներդրման շնորհիվ: Ոռոգման ջրի 4,2 կմ ներքին ցանց ենք անցկացրել, մնացած մասի` շուրջ 3 կմ, անցկացման համար պետական աջակցություն է հարկավոր: Նման աջակցության կարիք նաև ոռոգման 11 ջրաղբյուրների ընդհանուր պատվարների կառուցման համար ունենք: ՀԷԿ-ից եկող ջրատարը քայքայված է, լցվում է տների հիմքերը` լուրջ սպառնալիք ստեղծելով: Այն պետք է վերանորոգվի, ինչի համար համայնքը դեռևս 2014-ին իր ներդրումն արել է: Մարդկանց դժգոհությունն այդ առումով տեղին ու արդարացի է…>>:

Գործող համայնքապետն առաջադրել է թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրությանը, որպեսզի կիսատ գործերն ավարտի հասցնի: Մասնավորապես` գյուղից մայրուղի տանող 2,5 կմ ճանապարհահատվածի նորոգումը, մանկապարտեզ ունենալը, մշակութային կյանքի աշխուժացումը և այլն: Անկախ ամեն ինչից, գյուղի ղեկավարությունը կանգնած է իր բնակչի կողքին և ջանում է հնարավորինս թեթևացնել նրա հոգսերի բեռը…

SHARE