Սև հովազն այսօր էլ առաջին գծում է

0
80

Խոնարհում

Պաշտպանելով ազատագրված Արցախն ու հայրենիքի սահմանները

Այս տարի Ջանֆիդայում անցկացված շախմատի ամենամյա հուշամրցաշարը հոբելյանական էր` 20-րդը:

-Միջոցառումը նվիրված էր Արցախյան ազատամարտում զոհված մեր ընկերների հիշատակին,- <<Ընկեր>>-ին ասաց Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանը:- Արդեն 20-րդ տարին է, որ անցկացնում ենք այն: Ավանդույթի համաձայն, միջոցառմանը ներկայանում են <<Սև հովազ>> ջոկատում ընդգրկված ազատամարտիկները: Արցախյան պատերազմում 3 և հետպատերազմյան շրջանում զոհված 17 մարտիկներ ունենք, ովքեր հանգչում են գյուղի պանթեոնում և որոնց շիրիմներին մրցաշարի ավարտից հետո մեր խոնարհումն ենք բերում: Ջանֆիդան առաջին բնակավայրերից մեկն էր, որ կազմավորելով <<Սև հովազ>> ջոկատը, ռազմաճակատի ամենաթեժ կետերում ակտիվ մասնակցություն ունեցավ Արցախի ազատագրմանն ու հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Հայրենիքի բոլոր նվիրյալների անունն ու հիշատակը վառ ենք պահելու և մեր այդ պատգամը սրբորեն փոխանցելու ենք սերնդե-սերունդ: Մեզ հետ է այսօր, մեր կողքին ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Սերյոժա Սահակյանը, ով Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է Արիության մեդալով: Հպարտ է մեր համայնքը, որ այդպիսի զինվոր որդի ունի: Այս միջոցառումը լավ դաս ու օրինակ է մատաղ սերնդի համար, մեր կողմից` սրբազան պարտավորվածություն: Բնականաբար, այստեղ ու մեզ հետ է նաև <<Սև հովազ>> ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով մարտական փառավոր ուղի է անցել և մեծ ու անգնահատելի դերակատարում ունի հայրենի հողի պաշտպանության գործում: Ունեցել ենք նաև այլ հրամանատարներ` Սամվել Պողոսյան, Սմբատ Սրեյան: Բոլորն էլ հայ ազգի համար իրենց արժանի լուման ունեն: <<Սև հովազն>> այսօր, կարող եմ ասել, մի նոր վերածնունդ է ապրում: Ջոկատն ունի 200 <<սև հովազներ>>, ովքեր հերթափոխով Արցախի պաշտպանության առաջին գծում են: Իհարկե, Ռուստամ Գասպարյանի հրամանատարությամբ: Մենք էլ մեր հերթին կանգնած ենք մեր հրամանատարների, մեր ազատամարտիկների ու զինվորների կողքին: Ջանֆիդան միշտ էլ կանգնած է եղել երկրի պաշտպանների կողքին, Արցախի ժողովրդի հետ: Համախմբված ենք եղել այդ սուրբ գաղափարի շուրջ և այդպիսին էլ կմնանք…

Ջանֆիդան, իրոք, հերոս գյուղ է, և նրա այդ համբավը մեծ տարածում ու ճանաչում ունի: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ ջոկատը կոչվեց այդպես` <<Սև հովազ>>: ՀՀ առաջին նախագահն է նրան կնքել այդ անվամբ` նկատի ունենալով ջոկատի մարտունակությունն ու խիզախությունը: Սևը խորհրդանշում է վրեժխնդրությունը, իսկ հովազը, ինչպես գիտենք, ամենաճարպիկ կենդանին է:

-100-120 ազատամարտիկ առաջին իսկ օրից կամավոր անդամագրվեց մեր ջոկատին,- նշեց Ռուստամ Գասպարյանը,- և կռվեց թշնամու դեմ: <<Սև հովազը>> ազերիների ահ ու սարսափն էր, մեր անունը լսելուց անգամ փախչում էին: Հետո մեզ շատերը միացան, և ջոկատն իր տարեգրության փառավոր էջերը գրեց Արցախյան ազատամարտում: Շախմատի հուշամրցաշարը մեծ շուքով է անցկացվում, ինչը մեր հերոս տղերքի պատվին է, որպես խոնարհում նրանց պայծառ հիշատակին: Այսօր Արմավիրում ստեղծել ենք <<Սև հովազ>> ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն, որի հենքի վրա էլ կազմավորվեց նույնանուն գումարտակը` զինվորական ծառայություն իրականացնելով սահմանին, հիմնականում` Արցախում: Շախմատի առաջնությունում առաջին երեք տեղերը գրաված երեխաներին պատվոգրեր շնորհեցինք, իսկ համայնքի ղեկավար պարոն Ղորղանյանին շնորհակալագիր հանձնեցինք, քանի որ մշտապես մեր կառույցի կողքին է, աջակցում է հնարավոր ամեն ինչով…

Ռուստամ Գասպարյանն իր հերթին մեծապես աջակցում է հայրենի գյուղի զարգացմանը, իր հնարավորություններն օգտագործում է Ջանֆիդայի առաջընթացի ապահովման համար: Մասնավորապես, իր միջամտության արդյունքում վերջերս ասֆալտապատում է արվել: Կշարունակի աջակցել, քանի որ անելիքներն ու ծրագրերը շատ են` դպրոցի, մշակույթի տան վերանորոգում և այլն: Պարոն Գասպարյանն ուրախությամբ նշեց, որ Կամսար Ղորղանյանն, իրոք, ճիշտ իր տեղում է, և առհասարակ Ջանֆիդայի գյուղապետ լինելը մեծ պատիվ է, միաժամանակ` բարձր պատասխանատվություն: Նորընտիր համայնքապետն առաջին իսկ օրից նվիրումով լծվել է գործի և անգամ անձնական միջոցներն է ներդնում գյուղի առջև ծառացած խնդիրները (լուսավորություն, աղբահանություն և այլն) լուծելու համար:

Ռուստամ Գասպարյանը ևս այն համոզմանն է, որ ամենանվիրական ընկերներն, իրոք, մարտական ընկերներն են, քանի որ ռազմի դաշտում սեփական կյանքի գնով պատրաստ են միմյանց պաշտպանել: Շատ խոր ու անասելի ցավ է մարտական ընկերոջ կորուստը. <<Բնականաբար, այդ ցավը շատ մեծ է: Հաճախ երազներում ենք տեսնում մարտի դաշտում հերոսաբար զոհված մեր ընկերներին: Նրանք մեր նորօրյա պատմությունը կերտեցին: Դարեր շարունակ երազել ենք ունենալ այն, ինչ այսօր ունենք` պետություն, հաղթանակած բանակ: Պատմության մեջ ոսկե տառերով է գրվելու այս ամենի մասին, և տղաները հավերժ մնալու են որպես իսկական հերոսներ…>>:

Համայնքապետ Ղորղանյանը նշեց, որ ավագանու որոշմամբ գյուղի փողոցներից մեկը կոչելու են Սմբատ Սրեյանի անվամբ: Նա <<Սև հովազի>> առաջին հրամանատարն էր, գնդապետ, մեր պետության կայացման, բանակաշինության գործում արժանի ավանդ է ներդրել: Իսկ միջոցառման ավարտին համայնքի անունից, ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, պատվոգրեր հանձնվեցին Հակոբ Սրեյանին և Գնել Սուքիասյանին:

SHARE