Անաչառ ու անկաշառ կեցվածք…

0
22

watermarked_Tovmas-PoghosyanՍիրով ու գնահատանքով եմ շնորհավորում <<Ընկեր>>-ի 5-ամյակը և ուզում եմ առանձնակի շեշտել այն հանգամանքը, որ թերթն իսկապես անկախ է, որևէ քաղաքական հոսանքի չի հարում, որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում, հետևաբար, ծառայում է իր անվանը: Թերթ, որի էջերում պարբերաբար լավ մարդիկ են ի հայտ գալիս, որտեղ ներկայացվում են ազգի նվիրյալները` արժանապատիվ ու արժանավոր հայորդիներ: Եվ, ինչու չէ, գլխավոր խմբագիր տիկին Ռուզաննայի շնորհիվ թերթը նաև մշակութային ուղղվածություն ունի, ընդգծված վերաբերմունք կա հայ աշուղական դասական արվեստի նկատմամբ:

Ազգային մշակույթը մեր կյանքում, գեղագիտականից բացի, նաև դաստիարակչական կարևոր դերակատարում ունի, և <<Ընկեր>>-ն այս խնդիրը ներկայացնում, լուսաբանում է արժանապատվորեն: Ճիշտը, հայեցին բերելով և արժանավոր հայորդիների ամբիոն տրամադրելով, թերթը ընթերցողին տրամադրում է դեպի ազգային արժեքները` դրանք ճանաչելի ու ընդօրինակելի դարձնելով: Սա, ինչ խոսք, անչափ գնահատելի ու խրախուսելի աշխատանք է:

Ցանկանում եմ, որ թերթը միշտ պինդ պահի իր ողնաշարը և հավատարիմ մնա որդեգրած սկզբունքներին, մնա աներեր, անկաշառ և այդպես պահպանի անաչառ կեցվածքն ու ուղղվածությունը: Ընկերը բազմաբովանդակ բառ է: Կան մարդու համար իրապես մարդիկ, որ ընկեր են, կան նաև, որ գործընկեր են, և բարի, իսկական իմաստով ընկերը շատ թանկ երևույթ է: Մարդս միայնակ չի կարող ապրել, և երանի նրան, որ շրջապատված է լուրջ ու ազնիվ ընկերներով: Ընկերը նեցուկ է, ապավեն:

Ինձ համար ընկեր է նա, ումից մշտապես սովորելու բան ունեմ: Մարդը դադարում է ընկեր լինելուց, երբ իր նկատմամբ եղած հետաքրքրություններն արդեն սպառվում են: Բայց և սա չոր օրենք չեմ համարում, որովհետև ընկերոջ մեջ նաև հարազատներն են մտնում: Հարազատներ կան, որ ընկերներ չեն, այլ` միայն հարազատներ: Սակայն կան հարազատներ էլ, որ նաև ընկեր են և քո ամենադժվար ու նեղ պահերին կողքիդ են: Կարծում եմ, որ <<Ընկեր>>-ն ազնվորեն է ծառայում այս վեհ գաղափարին և պիտի որ մարդկանց օգնի` միայնակ չապրելու, հասկացվելու, գնահատվելու համար, արժանապատվորեն անցնելու կյանքի իրենց ճանապարհը:

Թովմաս Պողոսյան

Պրոֆեսոր, <<Սայաթ-Նովա>>աշուղական

անսամբլի գեղարվեստական ղեկավար

SHARE