Անգամ փոքր միջոցներով կարելի է հաջողության հասնել

0
35

Դիրքորոշում

Երբ աշխատանքային ճիշտ մոտեցում ու հստակ գործելաոճ ես որդեգրում

 

-Առաջիկա ՏԻՄ ընտրությանն առաջադրել եմ թեկնածությունս,- <<Ընկեր>>-ին տեղեկացրեց Շիրակի մարզի Ախուրիկի գործող համայնքապետ Վարդիթեր Գասպարյանը:- Արդեն իմ երրորդ ընտրաշրջանն է, պաշտոնավարում եմ 2009 թ. հունիսից: Անհամեստ թող չհնչի, եթե ասեմ, որ այս աշխատանքն, ասես, իմ <<հագով կարած լինի>>, ես նրա համար, իսկ նա` ինձ համար ստեղծված: Բայց և չեմ կարող չհավելել, որ այդպես է եղել նաև այն աշխատավայրերում, որտեղ աշխատել եմ: Միշտ էլ մտածել եմ, որ իմն է… Ծնվել եմ Ախուրիկում, ավարտել տեղի դպրոցը: 1976 թ. ընդունվել եմ Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի կաթ-կաթնամթերքի ինժեներատեխնոլոգիայի ֆակուլտետը: 1981-ին, ավարտելուց հետո, աշխատել եմ Գյումրիի կաթի գործարանում` վարպետ, 1983-90 թթ. եղել եմ գործարանի գլխավոր ինժեները: Այնուհետև տեղափոխվել եմ Ախուրիկ` սովխոզի տնօրեն: 1991-96 թթ. պաշտոնավարել եմ Ախուրյանի շրջխորհրդի գործկոմում` քարտուղար: Ապա տեղափոխվել եմ մարզպետարան` գյուղատնտեսության և բնապահպանության վարչության  մասնագետ: 2009-ին վերադարձա հայրենի գյուղ…

Հետաքրքրվեցինք` տարբերություն կա՞, արդյոք, /և եթե կա, ապա ինչպիսի՞/ կոնկրետ որևէ ոլորտում և համայնքում աշխատելու միջև: Պատասխանը հետևյալն էր. <<Սովորաբար, աշխատանքի ընդունելիս հաշվի են առնում մասնագիտական հմտությունները, իսկ համայնքը ղեկավարելն ուրիշ է, շատ նուրբ աշխատանք: Մի ամբողջ համայնքի աչքի առաջ ես, քեզ չափում են ապուպապերիդ գենետիկ ծագումով, ում տոհմից ես և, ինչու չէ, ով ես այսօր: Քո անձնականը խիստ թափանցիկ է, ծառայությունդ, ձեռքբերումներդ, սխալներդ բոլորի աչքի առաջ են: 1300 բնակիչ ունեցող գյուղը, որն ունի 850 ընտրող, ի դեմս քեզ` որպես ղեկավարի, ուզում է իր համայնքը տեսնել բարեկեցիկ: Այդպես էլ, կարելի է ասել, կա: Ասֆալտապատ ճանապարհ, մայթեր, նորակառույց դպրոց… Դա իմ պաշտոնավարության ժամանակ է արվել: Չեմ ասում` գյուղի բյուջեով: Այն շատ փոքր է, դրանով հնարավոր չէ: Համայնքի ղեկավարն այն մարդը պետք է լինի, ով, նստելով իշխանությունների հետ միևնույն սեղանի շուրջ, բացատրի նրանց, թե ինչից հետո ինչ պիտի լինի: Քեզ հետ հաշվի պիտի նստեն, այլապես… Երբ ՀԲ-ի միջոցներով ճանապարհ էր կառուցվում, մենք էլ մեր գումարով գիշերային լուսավորություն անցկացրեցինք: Երկու կամուրջ ենք վերակառուցել` էլի բանկի միջոցներով: Այսօր կենտրոնացված աղբահանություն ենք իրականացնում: Մեր միջոցներով երկու հակակարկտային կայան ենք տեղադրել: Գյուղապետարանի դռները բաց են, և գյուղացին գիտի` ինչ հարցով ում դիմի: Անկախ տվյալ խնդիրը լուծել-չլուծելու հանգամանքից, մարդը վստահ է, որ իրեն լսելու են, օգնելու են, ճիշտ ուղղություն են ցույց տալու… Գյուղն այսօր 1 կմ երկարությամբ նոր թաղամաս ունի, որտեղ մեր ուժերով խմելու ջուր ենք անցկացրել: Համայնքային ճանապարհների վիճակը բարվոք է, փոսալցումներն արվում են: Այնպես որ, գյուղը դարձնում ենք մի տաքուկ անկյուն, և մեր բնակիչը չի ձգտում դեպի քաղաք: Կանաչապատում ենք, ծառեր տնկում: Փոքր միջոցներով էլ գործ կարելի է անել, և մենք անում ենք: Այստեղ աշխատաոճն էլ կարևոր դեր ունի, կնոջ գործոնը` նույնպես: Ձեռքբերումներն, ինչ խոսք, շատ են, իսկ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ արդեն ունենք կայացած համայնք: Համայնք, որտեղ բնակիչը սիրով ու պատրաստակամությամբ է կատարում իր պարտականությունները: Ախուրիկցին, այո՛, իրեն հարգելու, իր արժանապատվությունը բարձր դասելու և, ի վերջո, ընտրելու մշակույթ ունի: Ունեմ մեկ մրցակից և միշտ էլ ունեցել եմ: 2009-ից սկսած այդ մրցակցությունը թեժացել է: Ինչո՞ւ… Համայնքը կնոջ կողմից ղեկավարելու հանգամանքը հրապուրիչ, գայթակղիչ է դարձնում տվյալ պաշտոնը: Տղամարդը ձգտում է պատրաստիին, այ, եթե փլուզված, քայքայված գյուղ լիներ, այդպես չէր ձգտի: Մոտեցումը, ցավոք, ավելի շատ սպառողի է` վերցնի, ստանա, բայց դրա դիմաց հնարավորինս քիչ բան տա: Տարիներով ստեղծածը վատնի և առանց ցավ ու ափսոսանք զգալու` թողնի ու հեռանա: Տեր լինի, բայց ոչ ծառա: Այսպիսի խոսք ունեմ` սին է իմ այսօրվա աշխատանքը, երբ ես վաղվա հուսալի հերթափոխ չունեմ…>>:

Տիկին Գասպարյանի խոսքով, տղամարդիկ, այո՛, անզիջում են, և կանայք ստիպված են իրենք հարթել իրենց ճանապարհը: Այդպես էլ անում են, միայն թե այս հարցում իշխանությունների օգնության կարիքն է զգացվում: Ճիշտ է, եվրոպական տարբեր կառույցներում այդ մասին շատ ջերմ են խոսում, բայց դա ընդամենը խոսք է: Ցավալիորեն անտեսվում են հատկապես մարզերում բնակվող կանայք, մինչդեռ էլ ով, եթե ոչ նրանք պիտի բարձր ամբիոններից բարձրաձայնեն իրենց խնդիրների ու հոգսերի մասին: Արժանիները միայն մայրաքաղաքում չեն, մարզերում ևս շատ կան կայացած ու զարգացած կանայք, որ ի վիճակի են իրենց լավագույնս դրսևորելու իշխանության տարբեր օղակներում:

Անգամ այսպիսի առաջարկ է հնչել Վարդիթեր Գասպարյանի կողմից, որ, թեկուզ`  փորձնական, մի քանի ծրագրեր հատկացնեն կին համայնքապետերին` համոզվելու համար, որ կինն էլ կարող է բանիմաց, գրագետ ու խելացի լինել, անգամ ավելիին է ընդունակ և տղամարդուց ոչ պակաս կարող է <<գլուխ հանել>> շատ ու շատ բարդ գործերից: Բարձրացնելով, վստահելով կնոջը, դրանով կամրապնդենք նաև նրա հեղինակությունը, ուստի և նրան, տղամարդու հավասար, ղեկավարման  մարմիններում առաջադրվելու լիարժեք հնարավորություն պիտի տալ: Իշխանությունները համաձայնում են, բայց երբ բանը հասնում է կոնկրետությանը, ապա` զանազան պատճառաբանություններ, արդարացումներ և այլն: Խոսքերով վերաբերմունք չես ստեղծի, միայն գործերով…

<<Հետևողական է, իր աշխատողի, համայնքի բնակչի հոգսերով ապրող, գործնական ու պահանջկոտ ղեկավար: Շատ ու շատ տղամարդ ղեկավարներից ավելի տղամարդ, ավելի մարդկային, ավելի հասկացող է: Փորձառու է, չափազանց գրագետ: Երբ նա ընտրվեց, համայնքապետարանը 20 մլն դրամ պարտք ուներ, հարկերի հավաքագրումը 5 տոկոսից չէր անցնում, մարզի ամենահետամնաց տնտեսությունն էր: Շատ արագ կարողացավ շտկել իրավիճակը, թարմություն բերեց իր հետ, աշխատանքի ոճ և, ի վերջո, կուլտուրա, մշակույթ մտցրեց Ախուրիկում: Մշակույթ` բոլոր առումներով…>>.- համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բադեյանի խոսքից մի հատված է:

Ախուրիկը գազաֆիկացված չէ, մանկապարտեզ չունեն, պետք է ոռոգման համակարգը վերականգնել: Ահա այն հիմնական ու գլխավոր խնդիրները, որոնք ավելի շատ են այսօր մտահոգում գործող համայնքապետին, և որոնց համար լուծումներ գտնելու նպատակով նա կենտրոնացնելու է առաջիկա ջանքերն ու ձեռնարկումները: Քանի որ սեփական միջոցներով հնարավոր չէ այս գործերն անել, ուստի հարկ է ընդունելի այլ ճանապարհներ փնտրել, հարմար ծրագրեր ընտրել և հետևողական ու համառ աշխատանքով առաջ գնալ. <<Պետք է գյուղը շենացնել, որպեսզի երկիրդ շենանա: Հայրենիքը չեն լքում, ընդհակառակը` հայրենատեր են դառնում…>>: 

SHARE