Անելիքները շատ են, աշխատանքը` ծավալուն

0
1294

Առաջմղում

Սակայն հուսահատվելու իրավունք չունես, երբ վստահում ու հավատում են քեզ

<<Ընկեր>>-ը հանդիպեց Արմավիրի մարզի /Էջմիածնի տարածաշրջան/ Բաղրամյան համայնքի նորընտիր ղեկավար Գոռ Միրզոյանի հետ:

-Համայնքապետ ընտրվելուս նպատակը,- ասաց պարոն Միրզոյանը,- մեր գյուղը բարեկարգելն ու հնարավորինս բարեկեցիկ պայմաններով ապահովելն է: Արդեն սկսել ենք այդ աշխատանքները: Գերեզմանատներում տաղավարներ ենք տեղադրել, որպեսզի մարդիկ եղանակային վատ պայմանների դեպքում պատսպարվելու տեղ ունենան: Կանգառներ ենք տեղադրել, արտաքին լուսավորություն անցկացրել /3 կմ/: 17 մ բարձրության խաչ ենք տեղադրել: Այս աշխատանքներն իրականացնելիս ինձ օգնել են ընկերներս: Արտերկրում գտնվող ընկերներս էլ են օգնում, միջոցներ հատկացնում գյուղի արտաքին տեսքի բարելավման համար: Համայնքային ֆինանսական միջոցները տնտեսում ենք` նպատակ ունենալով դրանք հիմնականում ներդնելու որոշակի ծրագրերում: Այս տարի ուզում ենք կառուցել գյուղի մուտքի կամարը, ինչում էլի ընկերներիս մասնակցությունը մեծ կլինի: Աշխատանքներն այնպիսի նպատակաուղղվածությամբ ենք տանում, որպեսզի մարդկանց վստահությունը գնալով մեծանա, լավատեսությամբ լցվեն համայնքի վաղվա օրվա նկատմամբ: Հիմնադրամ ենք բացել, որտեղ կարող են իրենց բաժին մասհանումը կատարել գյուղի բոլոր կարողունակ ուժերը: Փառք Աստծո, մարդիկ հավատով լցված են, ինչն էլ մեզ ավելի է ոգևորում մեր բոլոր մեծ ու փոքր ձեռնարկումներում…

Գոռ Միրզոյանը ընկերական մեծ շրջապատ ունի: Ընկերության մեջ գնահատում է նվիրվածությունը, անկեղծությունը և մնացած բոլոր այն հատկանիշները, որոնք ընկերությունն ավելի հաստատուն ու ամրակուռ են դարձնում. <<Ունեմ ընկերներ, որ կարող է` ուշ-ուշ հանդիպենք, բայց ամեն անգամ իրար տեսնելուց շարունակում ենք մաքուր ու պարզ հարաբերություններով շփվել: Ընկերներ էլ կան, որ ողջ օրը միասին ենք: Ընկերներ ձեռք բերելուն նպաստել է աշխատանքը, փորձություններն էլ` իրենց հերթին և այլն: Ընկերության մեջ դավաճանությունն ու սուտը տեղ չունեն: Ընկերն ընկերոջը չի կարող չվստահել…>>:

Մինչև համայնքապետ ընտրվելը Գոռ Միրզոյանը զբաղվել է բիզնեսով, կահույքի արտադրություն ունեն, որով հիմա եղբայրն է զբաղվում: Շատ հարցերում սեփական միջոցներից է ներդրում կատարել` ամեն կերպ աջակցելով համայնքային աշխատանքների բարեհաջող ընթացքի ապահովմանը: Ձեռնարկվող աշխատանքներում ջանում են բնակիչներին ներգրավել, որպեսզի այդ կերպ փոքրիշատե լուծվի մարդկանց զբաղվածության խնդիրը: Ամենակարևորն այն է, որ գյուղում համախմբվածություն ստեղծվի, որ մարդիկ ինչ-որ կերպ մասնակիցը դառնան հարազատ համայնքի զարգացմանն ու առաջընթացին: Այո՛, տիրոջ զգացում ունենալու պարագայում միայն համայնքը դրական տեղաշարժ կունենա: Հարկ է մտածել նաև դրսից ներդրումներ բերելու ուղղությամբ, որպեսզի աշխատանք լինի, արտադրություններ գործեն, ինչի դեպքում արդեն բնակիչը ստիպված չի լինի հեռանալ ծննդավայրից:

Գլոբալ խնդիրներից համայնքի ղեկավարը մատնանշեց մանկապարտեզի, բուժարանի, խմելու ջրի, մշակույթի տան հետ կապված իրավիճակը: Դրանց շենքային պայմանները, մեղմ ասած, անբավարար են, զուրկ տարրական հարմարություններից: Այս ամենի մասին ահազանգել են համապատասխան պատկան մարմիններին: Մի խոսքով, անելիքները շատ են, աշխատանքը` ծավալուն, մնում է կամաց-կամաց կյանքի կոչել առաջնահերթ ծրագրերը: Ժամանակ է պետք, համբերատարություն, հաջողությունը միանգամից չի լինում:

Գոռ Միրզոյանը հավատացած է, որ համախմբելով բաղրամյանցիներին, կկարողանա առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները, և միասին շատ բանի կարող են հասնել: Ունեցած ներուժը պետք է լավագույնս ներդնեն 3000 բնակչությամբ գյուղի զարգացման համար: Անձնական օրինակով է համայնքապետը վարակում մնացածներին, նաև` եղբայրների, որ կանգնած են իրենց գյուղացու կողքին և անտարբեր չեն համայնքի խնդիրների լուծման հարցում:

Ահա այս բարձր գիտակցությամբ էլ, հայրենի գյուղին անձնվեր ծառայելու պատրաստակամությամբ համակված, Բաղրամյանում լծվել են գործի: Փոքր խնդիրներից գնալու են դեպի առավել խոշորներն ու կարևորները` հավաստելու, որ ցանկության դեպքում կարելի է լավ, անգամ առավելագույն արդյունքի հասնել: Եթե սիրում ես բնակավայրդ, սիրում ես աշխատանքդ, ապա հաջողությունը երբեք չի ուշանա…

 

SHARE