Անելիք միշտ էլ կա

0
20

Եվ պետք է շարունակել գործել ու  առաջ նայել

Հետևողական

<<Ընկեր>>-ի հանդիպումը Կոտայքի մարզի Գողթ համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանի հետ այս անգամ ևս նպատակ ուներ տեղեկանալու ընթացիկ գործերի ու առաջիկա անելիքների մասին: Ի դեպ, այստեղ նույնպես ՏԻՄ ընտրություններ են կայանալու, և գործող համայնքապետը ևս առաջադրել է իր թեկնածությունը:

-Արդեն 15 տարի ղեկավարում եմ Գողթ համայնքը,- ասաց պարոն Հակոբյանը:- Համատեղ ուժերով ջանացել ենք Գողթը դարձնել գեղեցիկ, բարեկեցիկ ու ժամանակի հետ քայլող համայնքներից մեկը և այդ նպատակով բազմաթիվ մտահղացումներ ենք կյանքի կոչել: Արվածի հետ մեկտեղ նաև անելիքներ ու ծրագրեր էլ ունենք: Այստեղ 60-70 տոկոսով լուծված կարելի է համարել զբաղվածության խնդիրը: Վարդի ջերմոցային տնտեսություններում ներգրավված են տեղի բնակիչները, հիմնականում` երիտասարդներ: Գյուղում գնալով առավել զարգացում է ապրում նաև այգեգործությունը, որը հեռանկարային է Գողթի համար և որի դրական ազդեցությունը մոտ ապագայում արդեն մեծապես զգացնել կտա: Բնական է, որ գյուղատնտեսության այս ճյուղի զարգացումն իր հետ նաև ոռոգման ջրի պահանջարկն է մեծացնում: Մտավախություն կար, որ ջրով բավարարելով նաև հարևան համայնքներին, գողթեցիներն անցանկալի խնդրի առաջ կկանգնեն, քանի որ ծրագրի համաձայն նրանց ինքնահոս եղանակով ջուր է մատակարարվում: Մեր համախմբված ջանքերի ու միասնական պայքարի արդյունքում հասանք այն բանին, որ հարևան համայնքներին ջրամբարից ջրի բաց թողնելը ի հաշիվ Գողթի չի լինելու և բնավ չի ազդի մեր ունեցած պահանջարկի նվազեցման վրա: Կառավարությունը նաև Գողթի ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի վերանորոգման ու կառուցման ծրագիր ունի, ինչի արդյունքում կբարձրանա ջրի մատակարարման արդյունավետությունը, ինչպես և զգալիորեն կկրճատվեն կորուստները: Այս աշխատանքները նախագծման փուլում են, գարնանը կսկսենք… Գյուղը նաև զբոսաշրջության զարգացման լավ նախադրյալներ ունի, քանի որ գտնվում է Գառնի-Գեղարդ մայրուղու վրա: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները: Դա, պարզ է, մի նոր խթան կդառնա Գողթի զարգացման, նրա ապագայի համար…

Խոսելով արված գործերի մասին, Արտավազդ Հակոբյանը մանրամասնեց, որ 1 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում են կատարել, առայժմ 11 կմ-ի հասնող խմելու ջրի ներտնտեսային ցանց են կառուցել: Մանկապարտեզ ունեն, որտեղ 50 երեխա է հաճախում: Շենքը հին է, լավ կլիներ նորն ունենային, ինչի ուղղությամբ ապագայի պլաններ են կազմում: Այստեղ վերանորոգման աշխատանքներ ունեն անելու: Գործող համայնքապետը ցանկանում է վերընտրվել, որպեսզի մի շարք ծրագրային մտահղացումներն ի վիճակի լինի կյանքի կոչելու: Մասնավորապես` ճանապարհների ասֆալտապատում, արտաքին լուսավորության անցկացում և այլն:

Ինչ վերաբերում է ընկերների օգնությանը, ապա դա, անշուշտ, կա և մշտապես զգացվում է: Ամեն մեկն իր հնարավորությունների, կարողությունների չափով ներդրում ունի գյուղի զարգացման ու առաջընթացի գործում: Արտավազդ Հակոբյանը հպարտ է, որ ընկերները մեծ դեր ունեն հատկապես համայնքի բնակիչների զբաղվածության ապահովման առումով. <<Ջերմոցային տնտեսությունները հիմնել են ընկերներս` Մարկոսը, Արմենը և Արսենը: Նրանք նաև առանձին օգնություններ են ցուցաբերում մեր ուսանողներին, սոցիալապես անապահով ընտանիքներին: Դա, առհասարակ, մեծ օգնություն ու աջակցություն է ողջ համայնքին: Ամեն ինչի հիմքում, կարելի է ասել, ընկերությունն է, այդ վեհ գաղափարը: Բոլոր գողթեցիների համար ինքս ընկեր եմ, ընկեր եմ շատ համայնքապետերի հետ, ինչն, ի վերջո, ի շահ համայնքի ու նրա բնակչի է: Մեր ամենագլխավոր խնդիրն այն է, որ լավագույն պայմաններ ստեղծենք մեր բնակչության համար, բարելավենք նրա կյանքի ու ապրելակերպի որակը: Դա Գողթում իրականանում է` մեր հետևողական աշխատանքի, նվիրված ջանքերի արդյունքում: Մեր ժողովուրդն աշխատող ու արարող է, ուստի արժանի է լավ ապրելու…>>:

SHARE