Անձնականը ընդհանուրի շահերին ծառայեցնելով,

0
22

լավ ու բարի գործերի հեղինակ ու ջատագով ենք դառնում…
   Հարություն Սուքիասյանը ծնվել է 1953 թ., Աշտարակի Կոշ գյուղում: Ունի իրավաբանական կրթություն: Աշխատել է ՆԳ համակարգում` մոտ 40 տարի, զբաղեցրել տարբեր պաշտոններ: Վերջին շրջանում եղել է ոստիկանության բաժնի պետ: Ունի 25 տարվա օպերատիվ աշխատանքի փորձ: Առաջադրելով թեկնածությունը փետրվարի 12-ին կայանալիք համայնքապետի ընտրությանը, նպատակ ունի գյուղի բնակչությանը համախմբել իր շուրջը և համատեղ ու միասնական ուժերով լծվել համայնքի զարգացման ու բարեկեցության ապահովման գործին: Նախանձախնդիր է հարազատ համայնքին վերաբերող ցանկացած հարցում և ցավով ու ափսոսանքով է խոստովանում, որ Կոշն այսօր այնքան էլ լավ օրեր չի ապրում և մի շարք առումներով զիջում է հարևան համայնքներին: Այնպես որ, թեկնածությունն առաջադրել է ի շահ համայնքի առաջընթացի ապահովման, բնակչության կենսամակարդակի բարելավման և առկա խնդիրների արժանապատիվ հաղթահարման.

<<Նպատակս գյուղի վիճակի ընդհանուր բարելավումն է, ինչը և նրա ղեկավարի սուրբ պարտականությունը պետք է լինի: Բնակչի օգնությամբ, նրա հետ ձեռք ձեռքի ու համախմբված պետք է առաջ ընթանալ և բավարարել խնդիրների լուծումը: Անհնարին ոչինչ չկա, միայն կազմակերպել ու ոգևորել է պետք մարդկանց: Եթե անտարբեր ու հաշտվող ես, չես նախաձեռնում, ապա եղածն էլ աստիճանաբար քանդվում ու վերանում է: Պետք է համախմբվենք ու միասնական ուժերով վերականգնենք բարի ավանդույթներով հարուստ Կոշի երբեմնի համբավն ու հեղինակությունը: Այո, ժամանակին եղել են դժվարություններ, զրկանքներ տեսել ենք, բայց այսօր արդեն հարկ է մտածել միմիայն առաջընթացի ու ապագայի մասին: 1995-2002 թթ. ղեկավարել եմ համայնքը: Այն ժամանակ կարողանում էինք բարելավել ժողովրդի վիճակը, չնայած ծանր ժամանակաշրջանին` արժեքները պահում-պահպանում էինք: ՆԳ համակարգ տեղափոխվելուց հետո օգնել եմ ներկայիս գյուղապետին, որպեսզի ընտրվի և առաջ տանի համայնքի գործերը: Սակայն, ցավոք, այսօր մարդիկ հուսախաբ են և ինչ-որ առումով նաև ինձ են մեղադրում… Խնդիրներ շատ կան: Չի գործում մանկապարտեզը, մեռյալ վիճակ է մշակույթի, սպորտի ոլորտում: Մեր համագյուղացի Արշակ Գևորգյանն իր հնարավորություններով ստեղծել է արվեստի դպրոց, որն այսօր փակման եզրին է, որովհետև ոչ մի օգնող, օժանդակող չունի, անտարբերության է հանդիպում: Չէ՞ որ միայնակ հնարավոր չէ նման օջախ պահել, արվեստը զարգացնել: Գյուղի երիտասարդությունն անգործության է մատնված: Սոցիալտնտեսական անբարվոք վիճակ է Կոշում: Բնական աղետներն էլ մի կողմից են մարդկանց հուսախաբ անում, և մնում է այլ տեղ ապրուստի միջոց որոնելու ճարահատ քայլին դիմելը: Այսպես գյուղը օրեցօր <<մաշվում>> ու դատարկվում է: Եթե չեն կարողանում օրվա ապրուստի հոգսը հոգալ, ապա, բնականաբար, այլ բաների մասին մտածելու ունակ չեն, հնարավորություն չունեն: Ունեմ ծրագիր, որում ընդգրկված են բոլոր այս հարցերը, նշված են լուծման ու հաղթահարման ուղիները: Աղբահանություն չի կատարվում, ինչի լուծումը, հավատացած եմ, այնքան էլ մեծ գումարներ չի պահանջում…>>:

    Մեր հետագա զրույցից տեղեկացանք, որ թեկնածուն ընտրվելու դեպքում առաջնահերթ ձեռնամուխ է լինելու մանկապարտեզի խնդրի լուծմանը: Արդեն իսկ քայլեր արվում են, պայմանավորվածություններ կան` ինչպես հովանավորների, այնպես էլ համայնքի միջոցներով վերագործարկելու մանկապարտեզը: <<Հակակարկտային կայաններ տեղադրելն, ինչ խոսք, մեր ուժերից վեր է,-համոզված է պարոն Սուքիասյանը,-ուստի այդ խնդրով պիտի ահազանգել պատկան մարմիններին ու իրավասու պաշտոնյաներին, շահագրգռություն ստեղծել, նախաձեռնություն հանդես բերել: Կարծում եմ, համառ ջանքերի ու հետևողական աշխատանքի դեպքում այս և մնացած հարցերում կարելի է հաջողություն ակնկալել: Որևէ ծրագիր կյանքի կոչելը հենց այնպես չի լինում, նստածդ տեղը չեն բերի մատուցեն: Համայնքի բյուջեով հնարավոր է տարեկան 1-2 գործ գլուխ բերել: Ունենք կարողությունների տեր համագյուղացի գործարարներ, ովքեր ի շահ համայնքի, կարծում եմ, չեն զլանա մասնակցություն ունենալ գյուղի առաջնահերթ խնդիրների լուծմանը: Կարելի է նրանց վրա հենվել, անկեղծ շահագրգռություն ստեղծել, փոխադարձ հետաքրքրություն առաջ բերել: Մի խոսքով, միջոցները բազմազան են, միայն թե դրանք շարժող ու առաջ տանող է պետք… Ծրագրերս իրատեսական եմ համարում: Անապահով ընտանիքները մշտական հոգատարություն են պահանջում, ինչն այսօր չի նկատվում: Կարիքավորներին, ավագանու որոշմամբ, կարելի է համայնքի ֆոնդից անհատույց հողատարածք հատկացնել` բնակարան կառուցելու համար: Մարդկանց պիտի կապել իրենց հողին, որ ստիպված չլինեն հայրենիքը լքել և օտար հողում երջանկություն փնտրել… Ցավոք, առաջիկա ընտրությունների հանգամանքով պայմանավորված, համայնքում անառողջ կրքեր ու դրսևորումներ են ի հայտ գալիս: Գործող գյուղապետի շրջապատն այնքան էլ ազնիվ ու բարոյական ընտրապայքար չի տանում, դիմում է մերժելի ու անբարո միջոցների, որպեսզի հասնի ուզածին: Անգամ հակաօրինական քայլերի են գնում, ինչի ՙդրոշակակիրը՚ գյուղապետի կինն է Ռուզաննա Տոնոյանը, ով տնօրինում է դպրոցը: Նրանց այդօրինակ պահվածքն ու արարքները միանշանակ ընտրախախտումների միտում ունեն, լավ բանի չեն տանում: Միգուցե, սխալվում եմ, բայց գյուղապետն ու իր կինը, ծնունդով Կոշից չլինելով, իրենց էությամբ ու մղումներով հեռու են համայնքը ոտքի կանգնեցնելու մտահոգությունից և ավելի շատ անձնական նկրտումներով են առաջնորդվում: Եթե, ասենք, դրսի կազմակերպության կողմից ինչ-որ գործ է արվում, ապա գյուղապետն իրեն է դա վերագրում: Բուժամբուլատորիան պետք է վերակառուցել` ամբողջովին ավերված վիճակում է: 3 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար, ինչպես դժվար չէ ենթադրել, դա անչափ մեծ կարևորություն ունի: Խնդիրները, ցավոք, շատ են, և ես պատկառելի այս տարիքում նման պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն հանդես բերելով, առաջին հերթին իմ գյուղի ու գյուղացու ընդհանուր շահով եմ առաջնորդվում…>>:
   Խոսելով ընկերության մասին, Հարություն Սուքիասյանն ասաց, որ ընկերական մեծ շրջապատի տեր է, լավ ընկերներ ունի, ովքեր պատրաստակամ են իրեն թև ու թիկունք լինելու նախատեսած ծրագրերի իրականացման գործում: Հավատարմորեն շարունակում է նաև այս հարցում ծնողից ժառանգած լավ ու բարի ավանդույթները. <<Հորս շնորհիվ եմ կարողացել կարևորել ընկերության գաղափարը: Լավ ու վատ ընկեր չի լինում: Եթե ընկեր է, ապա սկզբունքային է, ընկեր լինելն անընդհատ փոխադարձ պարտավորություն է ստեղծում: Ընկերոջը պետք է պարտավորված լինելով սիրել, այլ ոչ պահանջատիրական դրդապատճառներով: Ինչպես հայրս էր նվիրված ընկերոջը և ճիշտը, ընկերոջ սխալը երեսին կասեր, այնպես էլ ես եմ: Ընկերներս ցանկացած խնդրով կողքիս կանգնած են` ինձ աջակցելու, իմ գործին նպաստելու անկեղծ մղումներով: Ամենակարևորն ընկերության մեջ ազնվությունն է: Ընդհանրապես, կարգ ու կանոն սիրող, օրենքը հարգող ու գնահատող մարդ եմ, ինչն այսօր, ցավոք, շատ մարդկանց մեջ բացակայում է: Խիստ եմ ու պահանջկոտ` նախ իմ, ապա դիմացինի նկատմամբ: Գործը, աշխատանքն` իր տեղում, բարեկամությունն ու մտերմությունն` իր: Անձնականը պետք է ընդհանուրին ծառայեցնես, այլ ոչ թե հակառակը: <<Թայֆաբազությունը>>, որ այսօր կա գյուղում, պետք է վերացվի…>>:
SHARE