Անմնացորդ սեր ու նվիրում` հայրենի եզերքին

0
337

Մեծարում

Հացի պես քաղցրաբույր ու առաքինի, շռայլ ու առատաձեռն

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մշակույթի տանը մեծարման երեկո էր կազմակերպվել` նվիրված Աշոտ Ավետիսյանին: Նա այս գյուղի ծնունդ է, հոգով ու սրտով լճաշենցի, իր գյուղի, իր համագյուղացու կողքին կանգնած, մշտապես նրանց հետ ու նրանցից անբաժան: Սևանի հացի գործարանի սեփականատերն է: Այնտեղ աշխատողների մեծամասնությունը Լճաշենից է: Նրանց ամեն օր սեփական միջոցներով տեղափոխում է Լճաշեն-Երևան և հակառակ ուղղությամբ: Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ միայն այս քայլը բավականին մեծ սոցիալ-տնտեսական նշանակության հիմնախնդիր է լուծում, և, իրոք, մարդասիրական ու հայրենասիրական ողջունելի, դրվատելի ձեռնարկում է: Հենց թեկուզ դա տվյալ մարդու, անհատի մասին շատ բան է ասում և նրան լավագույնս բնութագրում…

Լճաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Հարությունյանը մինչև միջոցառման սկսվելը համառոտակի տեղեկացրեց իրենց արժանավոր համագյուղացու գործունեության ու բարեսիրական ձեռնարկումների մասին. <<Գյուղի զբոսայգին կառուցելիս մեծապես զգացվեց նրա աջակցությունը, մասնավորապես` շատրվանների հարցում: Մարզադպրոցի բոլոր պատուհանները փոխեց, նաև` արվեստի դպրոցի, արարողությունների սրահինը: Մանկապարտեզում ևս նրա օգնությամբ աշխատանքներ են կատարվել: Մսուր-մանկապարտեզը գործում է շուրջտարի, որտեղ ամեն օր թարմ հաց է անվճար մատակարարում: Առհասարակ, համայնքի համար շատ բան է արել, այնքան, որ անհնար է այստեղ այդ բոլորը թվարկել: Ահա թե ինչու որոշվեց այս հանդիսությունը կազմակերպել, որին Աշոտ Ավետիսյանն, իրոք, արժանի է…>>:

<<Հարգարժան լճաշենցիներ, ժամանակը հավերժություն է, իսկ կյանքը` անցողիկ ակնթարթ, և այդ ակնթարթում դու պիտի պայքարես, մաքառես, հասնես, կերտես ու իրականացնես` այս օրվան արժանանալու համար: Փառք ու պատիվ քեզ, Աշոտ Ավետիսյան>>.- այս խոսքերի հնչեղությամբ սկսվեց մեծարման երեկոն…

Աշոտ Ավետիսյանը ծնվել է 1954 թ. հոկտեմբերի 25-ին Լճաշեն գյուղում: Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում` ավարտելուց հետո ստանալով մաթեմատիկոս-տնտեսագետի որակավորում: Աշխատել է գազաֆիկացման պետական կոմիտեի հաշվողական կենտրոնում: 1983 թ. աշխատել է հացամթերքների նախարարությունում` մատակարարման բաժնի վարիչ, այնուհետև` գիտաարտադրական միավորման տնօրեն: 1984-ից աշխատել է Սևանի հացի գործարանում` փոխտնօրեն, ապա սեփականատեր: 2004 թ. ճանաչվել է Սևան քաղաքի տարվա մարդ, իսկ 2008-ին` Լճաշենի տարվա մարդ:

Գործարար, բարեգործ Աշոտ Ավետիսյանը միշտ կանգնած է հայրենի գյուղի և համագյուղացիների կողքին, իր անդուլ ու անխոնջ աշխատանքով ապավեն ու հենարան է հայրենի եզերքի համար: Լճաշենի համայնքապետ Կորյուն Մարգարյանն ու Աշոտ Ավետիսյանը լավ բարեկամներ են: Բնական է այն զգացումը, որ կարող է ունենալ համայնքի ղեկավարն այն մարդու, անհատի հանդեպ, ով թև ու թիկունք է իրեն համայնքին վերաբերող մեծ ու փոքր խնդիրները լուծելիս.

-Բոլորիս այստեղ է համախմբել մի վեհ ու բարի նպատակ: Մեծարանքի խոսք ասել մեր հարգարժան լճաշենցուն` պարոն Ավետիսյանին, մի մարդու, ով բարության ու հայրենասիրության վառ օրինակ է: Մարդ, ում կյանքի նպատակը ծառայելն է իր ժողովրդին, հայրենիքին ու հարազատ համայնքին: Նա իր ողջ գիտակցական կյանքում ստեղծել ու արարել է, աշխատել է դառը քրտինքով, չարչարանքի ու ճկուն մտքի շնորհիվ հասել է հաջողությունների: Արժանապատվորեն պահելով իր ընտանիքը, միաժամանակ օգնել ու օգնում է բազմաթիվ ընտանիքների` ստեղծելով հազարավոր նոր աշխատատեղեր: Այդ ամենն անում է մաքուր ու արդար ճանապարհով: Հպարտ ենք քեզանով, եղբա՛յր, երանի ծնողներիդ, որ մարդկային արժանիքներով հետնորդ են պարգևել մեր հայրենիքին, մեր համայնքին: Դու հասել ես մարդկային գիտակցության ամենաբարձր աստիճանին` հանրության գնահատականին, վայելում ես բոլորի սերն ու հարգանքը: Շնորհակալ ենք քեզանից, եղբա՛յր, այն բանի համար, որ երբեք մեզ մենակ չենք զգացել, նյութականի հետ մեկտեղ ստացել ենք նաև քո բարոյական մեծ աջակցությունը: Դու արժանիորեն բարերարի մեծ համբավ ու հեղինակություն ունես: Բարեգործությունը հասարակ բան չէ և ամենքին տրված չէ: Դա ոչ այնքան մարդու ֆինանսական հնարավորություններից է կախված, որքան նրա մարդկային էությունից, մարդու տեսակից, մա՛րդ լինելու արվեստից: Սիրելի ընկեր, դու օժտված ես մարդկային բոլոր լավ ու առաքինի գծերով, մարդ ես մեծատառով: Նեղին ու կարիքավորին ձեռք մեկնողը երբեք վատ մարդ լինել չի կարող: Վառ օրինակ ես մատաղ սերնդի, երիտասարդության համար: Ուրախ ենք անչափ, որ մեր համայնքի կողքին քեզ պես մեծահոգի ու առատաձեռն մարդ կա…

Արդեն երկար տարիներ դուրս գալով հայրենի գյուղից, Աշոտ Ավետիսյանը շարունակել է ամուր կառչած մնալ իր արմատներին, հայրենի հողին: Եվ դա ամեն անգամ ապացուցում է այն սիրով ու հավատարմությամբ, որ տածում է ծննդավայրի, նրա մարդկանց նկատմամբ: Քաջատեղյակ է գյուղի անցուդարձին, գիտի խնդիրների, անելիքների մասին և առանց սպասելու, որ իրեն դիմեն` ինքնակամ ու պատրաստակամորեն ներգրավվում է տվյալ խնդիրների լուծման, տարվող աշխատանքների իրականացման գործում: Ամեն տեղ է, յուրաքանչյուրի կողքին` անտարբեր չմնալով համագյուղացիների հոգսերի, ցավոտ խնդիրների հանդեպ:

Ելույթի ավարտին համայնքապետը նշեց, որ <<մեր լավ ընկեր, համայնքի անմնացորդ բարեկամ Աշոտ Ավետիսյանին, հանրության առաջարկով և ավագանու միաձայն որոշմամբ, բոլոր ժամանակներում Լճաշենի, լճաշենցու կողքին լինելու, Լճաշենում բարեգործական լայնածավալ ծրագրեր իրականացնելու, համայնքի զարգացման ասպարեզում նշանակալի ավանդի և մարդկային գերագույն հատկանիշների համար շնորհել ենք <<Լճաշեն համայնքի պատվավոր քաղաքացի>> բարձր կոչում>>: Այն հանդիսավորությամբ հանձնվեց օրվա հերոսին` Աշոտ Ավետիսյանին:

Աշոտ Ավետիսյանը ծնվել ու մեծացել է Լճաշենում, դաստիարակվել հայ գյուղացու պարզությամբ ու արդարամտությամբ, հայրենի հողին հավատարմորեն ծառայելու մեր պապերի սրբազան պատգամով: Հպարտ է, որ Լճաշենի ծնունդ է, նրա մի մասնիկը: Իր մեջ խտացնում է մարդկային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են աշխատասիրությունը, հյուրասիրությունը, անսահման բարությունը, պարկեշտությունը: Միայն մեծ հոգու տեր անձնավորությունը և սիրասուն զավակը կարող է այսքան ջերմ խոսքերի արժանանալ իր ծննդավայրում` համագյուղացիների,  ընկերների կողմից:

Ահավասիկ` մեջբերումներ այդ ելույթներից: Նախ, ուսանողական ընկերոջ` Վարուժան Մելքոնյանի խոսքից. <<Ճիշտն ասած, երբ մենք ուսանող էինք, մեզ թվում էր, թե Աշոտ Ավետիսյանը մերն է, մեր Աշոտն է, սակայն հիմա տեսնում եմ` լճաշենցիներինն է: Հասկացա` Աշոտը և՛ մերն է, և՛ լճաշենցիներինը, և՛ բոլորինը: Այսինքն, Մարդ, ով իր կյանքում տալիս է` տարբեր մարդկանց մեջ իրենից մաս թողնելով: Շատերին կարող է թվալ, որ Աշոտը, հաջողությունների հասնելով բիզնեսում և կարողությունների տեր դառնալով, որոշել է նաև բարեգործությամբ զբաղվել: Այդպես չէ: Մենք Աշոտին տեսել ենք դեռ այն ժամանակ, երբ նա որևէ կարողության տեր չէր, ուսանող էր մեզ պես, օրվա հացի փողը չգիտեմ որտեղից էինք ճարում, Աշոտն էլ` մեզ հետ: Բայց նա էլի այդ վիճակում օգնում էր: Տարիքով ավագ էր մեզանից, և բոլորս մի տեսակ ակնածանքով էինք  վերաբերվում նրան: Ուզում էինք, որ ընկերություն անի մեզ հետ, նրա սիրալիր վերաբերմունքին արժանանանք: Չնայած, առանց դրա էլ բոլորի նկատմամբ բարյացակամ էր, բոլորին օգնող ու հասնող… Այնպես որ, դա գալիս է մարդու տեսակից. օգնելը կարգավիճակ չէ, ունեցվածք չէ, պաշտոն չէ: Եթե մարդու սրտից չի բխում, նա այդ հոգեբանությունը չունի, ապա ինչ էլ անի` ձևական, ցուցադրական կստացվի, գովազդի համար միայն: Աշոտի պարագայում այդպես չէ: Նրա աչքը միշտ կուշտ է եղել` անկախ փող ունենալ-չունենալու հանգամանքից…>>:

<<Մարդասիրություն, մեծահոգություն, բարեսրտություն. սրանք լոկ հատկանիշներ չեն, այլ` աստվածային արժանիքներ, որ տրվում են ոչ բոլորին: Այդ արժանիքները շնորհվում են ընտրյալներին, նրանց, ովքեր կարողանում են խոսքը գործ դարձնել: Շնորհվում է նրանց, ովքեր կարողանում են իրենց ստեղծածից բաժին հանել մարդկությանը, իսկ Աշոտ Ավետիսյանն առաջնորդվում է հենց այդ արժանիքներով: Նրա գործերը ծնվում են մարդասիրությունից, մեծահոգությունից, բարեսրտությունից և դառնում են բարեգործություն: Աշոտը ոչ թե գործ է անում, այլ ինքը հենց Գործն է: Ահա թե ինչու մենք պետք է մեծարենք ու գնահատենք այս ընտրյալ արժանավորին…>>:

<<Մեր շրջապատում կան մարդիկ, ում կյանքն իմաստավորվում է աշխատանքի, արարման, բարության ու սիրո մեկտեղման կետում: Եվ իրենց կյանքի արժեքը տեսնում են մարդկանց ուրախություն և դրական հույզեր պարգևելու մեջ: Այսպիսի անհատականություններից է մեր շատ սիրելի Աշոտ Ավետիսյանը, ով իր կյանքի նպատակն ու իմաստը գտնում է բարության և սեր ճառագելու աստվածահաճո գործունեության մեջ: Նրա ամենամեծ հաջողությունն այն է, որ մշտապես ուրախացնում և օգնության ձեռք է մեկնում այն մարդկանց, ովքեր դժվարին վիճակում են: Իսկ բարի գործը նրա հոգուց է բխում, հոգու թելադրանք է…>>:

Խոսելու, արտահայտվելու հերթը Աշոտ Ավետիսյանին էլ հասավ. <<Երախտապարտ եմ համագյուղացիներիս` մեծարման ու գնահատականի համար: Հուզված եմ անչափ: Շնորհակալ եմ Աստծուն գոյությանս համար: Շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ դաստիարակել և իմ մեջ աշխատասիրություն են սերմանել: Լճաշենից է ամեն բան սկսվել: Պատահական ոչինչ կյանքում երբեք չի լինում: Հեշտ ճանապարհ չեմ անցել: Դժվարությունները հաղթահարել եմ իմ աշխատասիրության, առողջ տրամաբանության միջոցով` լավ մարդկանցով շրջապատված լինելով: Պատահական չէ, որ այսօր մեր երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկի տնօրենն եմ: Դա բնավ էլ հեշտ չի տրվել: Աշխատանքի, չարչարանքի արդյունք է, երկու եղբայր վերջին 20 տարում մեջք-մեջքի տալով, բազում փորձությունների միջով անցնելով, անընդհատ ստեղծելով ու արարելով, զարգացնում ենք մեր արտադրությունը, հզորացնում` մեզ հետ առաջ տանելով հարյուրավոր աշխատասեր ու նվիրված մեր հայրենակիցներին: Բարեգործությունն Աստծո շնորհ է: Սիրել եմ աշխատելով ստեղծել: Մտքովս չի անցել զարտուղի ճանապարհով եկամուտ, շահ ստանալ: Աշխատել եմ ընտանիքիս բարեկեցությունն ապահովել, ապա բարեգործություն անել: Ընտանիքս, երեխաներս ամենամեծ հարստությունն ու հպարտությունն են: Երբեք չեմ ափսոսել արածներիս համար: Գյուղիս համար պատրաստ եմ շատ զոհողությունների: Աշխատել եմ բոլորին պիտանի լինել: Շուտով սկսելու եմ եկեղեցու շինարարությունը, որպեսզի իմ գյուղն էլ Աստծո հրաշալի ու գեղեցիկ տուն ունենա: Հպարտ եմ նաև, որ գյուղիս ղեկավարը Կորյուն Մարգարյանն է: Թող երկար տարիներ ղեկավարի, և կարողանանք մեկս մեկին սատար կանգնելով` մեր գյուղը ծաղկեցնել: Միասնական ու համախմբված ենք և այդ ոգով էլ շարունակելու ենք հայրենի Լճաշենի հզորացումն ու բարգավաճումը: Մեծ է ցանկությունս, որ որքան հնարավոր է շուտ բարելավվի ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը և մարդիկ այլևս բարեգործության կարիք չունենան: Տա Աստված, որ մեր ժողովուրդն օր առաջ կարողանա ոտքի կանգնել, շտկել մեջքը և հավատով ու վստահությամբ լցվել վաղվա օրվա, ապագայի նկատմամբ: Ինչ որ արել, անում ու անելու ենք, մեր սիրելի ծննդավայրի` Լճաշենի պայծառ ու լուսավոր ապագայի համար է…>>:

<<Ընկեր>>-ը սիրով ու սրտանց միանում է բոլոր այն բարեմաղթանքներին, որ այդ օրը հնչեցին լավ ու բարի մարդու, արժանավոր հայորդու ու հրաշալի ընկերոջ` Աշոտ Ավետիսյանի հասցեին: Մարդու, ով կյանքում երկար ճանապարհ է անցել և այդ դժվարին ու պատվաբեր ընթացքի տասնյակ տարիներին հաց արարել: Մարդու, ով սիրալիր ու բարյացակամ է բոլոր իրեն դիմողների, իր օգնությանն ապավինած հայրենակիցների հանդեպ: Այնպես, ինչպես իր թխած հացն է, նրա նման համուհոտով, սրտաբացությամբ, հյուրընկալությամբ, հաց տալու իր նախնիների պարզ ու բարի սովորույթով…

Աշոտ Ավետիսյանը մարդկանց կողքին է իր տաք հացով: Իր վաստակած հացից սիրահոժար բաժին է հանում շրջապատի մարդկանց: Իր թխած հացի նման համուբույրով է անցած ճանապարհը, ապրած իմաստալից կյանքը: Լավ գիտենք, անշուշտ, որ կյանքում բոլորից շատ շնորհակալանքի է արժանանում հաց արարողը, նա նաև բարի է լինում, առատաձեռն ու կամեցող, մարդամոտ ու մարդասեր: Չէ՞ որ գործ ունի մեծագույն սրբության` հացի հետ: Հացի պես պայծառ ու լուսավոր ճանապարհ քեզ, սիրելի ընկեր Աշոտ Ավետիսյան…

Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երևան-Լճաշեն-Երևան

SHARE