Անորսալի… գյուղապետը

0
29

կամ` Ինչպես են անարժան մարդիկ պաշտոնիարժանանում

Ռեպլիկ

Արտաշավանը (Արագածոտնի մարզ), ասում են, գյուղապետ ունի: Ինչու` ասում են, քանի որ մեզ այդպես էլ <<բախտ չվիճակվեց>> նրա բա՜րձր տեսությանն <<արժանանալու>>: Հա՛, ասում են նաև, որ այդ գյուղապետն անուն-ազգանուն էլ ունի` Ղազար Կարապետյան: Ընդամենը… Նրա փոխարեն քանիցս <<հանդիպել>> ենք գյուղապետի աշխատասենյակի երկաթե ճաղերով պատված, մեծ ու ժանգոտ կողպեքով դռանը: Գյուղապետարանը <<հսկող>> կանանց պատասխանը մշտապես նույնն է` Աշտարակ է գնացել կամ չգիտես ինչ ժողովի է և այդպես շարունակ…

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ոտքի հանեց ողջ հայ ժողովրդին: Դժբախտաբար, զոհեր ունեցանք` շատ ցավալի, ողբերգական: Զոհերից մեկն էլ Արտաշավանից էր` ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը: Գյուղը, կարելի է ասել, նրա հերոս որդու շնորհիվ մեկեն հայտնվեց ուշադրության կենտրոնում, իսկ այն, որ հերոսի ընտանիքը սոցիալական վատ պայմաններում է ապրում, այդ վերաբերմունքն առավել քան հրատապ ու համընդգրկուն դարձրեց:

Բնական է, որ նման իրավիճակում առաջին պլանում պետք է հայտնվեր տեղի իշխանությունը. էլ ում, եթե ոչ համայնքի ղեկավարին պետք էր տեսնել, այսպես ասած, ձեռքերը քշտած և գործի անցած: Այդպես էլ, անկեղծ ասած, պատկերացնում էինք, և հույս ունեինք գոնե այս անգամ <<անորսալի>> գյուղապետին տեղում <<բռնացնել>> և տեղեկանալ հիշյալ խնդրով համայնքապետարանի կողմից ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք քայլերի մասին: Եվ, առհասարակ, ինչպիսի միջոցառումներ են ձեռնարկվում հերոսի հիշատակն արժանիորեն գնահատելու և նրա ընտանիքի վիշտը, հոգսը հնարավորինս թեթևացնելու ուղղությամբ:

Բայց… Պարզվեց, որ գյուղապետի պաշտոնն զբաղեցնող անձի համար լրիվ միևնույն է` ի՜նչ զոհ, ի՜նչ հիշատակ, ի՜նչ… Ինչպես չհիշես ժողովրդական հայտնի առածը` գիլի գլխին ավետարան կարդացին, ասաց` շուտ արեք, ոչխարը սարն անց կացավ…

Ինքն էլի իր կարևո՜ր գործերով գյուղից բացակայում էր և հեռախոսազանգին էլ շատ անտակտ, բռի պատասխան հնչեցրեց. <<Ես լրագրողների հետ ոչինչ չունեմ… Գնացեք իրենց տուն, ընտանիքին դիմեք…>>:

Եթե, ասենք, ոմն խեղճուկրակի քաջնազարի պես կամ չգիտես ինչ պատահականությամբ բախտ է վիճակվել պաշտոն զբաղեցնել, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, թե տվյալ անձն իրեն իրավունք կարող է վերապահել նման կերպ անհարգալից վերաբերվելու լրատվամիջոցի հետ և իրեն բարձր դասելու օրենքից կամ, թեկուզ, ոտնահարելու քաղաքակիրթ վարվելակերպի տարրական կանոնները…

SHARE