Անփոխարինելիներ չկան

0
16

Պարզապես` ամեն մեկն իր տեղում պետք է լինի, իր բաժին լուծը կրի…
  Մեր հարցազրույցը Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանի հետ բավականին լայն շրջանակ ընդգրկեց: Բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնք համայնքին են առնչվում, իրենց բնակավայրին ու համագյուղացիներին: Նշենք, որ նա համայնքի ղեկավարումն ստանձնել է 2002 թվականից:
   – Մեր գյուղացիների հիմնական զբաղմունքը հողն է, անասնապահությունը,-ասաց պարոն Մովսիսյանը:-Սակայն քանի որ սոցիալական պայմաններն այսօր այնքան էլ բարվոք չեն, մարդիկ ստիպված թողնում են այդ ամենը և մեկնում արտագնա աշխատանքի: Ահա այս խնդիրն աչքի առաջ ունենալով, ջանում ենք մարդկանց համար զբաղմունքի պայմաններ, հնարավորություններ ստեղծել: Առաջ ընկնելով ասեմ, որ դա մեզ մոտ լավ էլ ստացվում է: Անգամ դպրոցահասակ երեխաներն են ընդգրկվում համայնքային աշխատանքներում` իրենց արածին համապատասխան վարձատրվելով: Ջանում ենք պարապ մարդ չունենալ համայնքում, ինչը բոլորի սրտովն է…
     Խոսելով նախորդ 10 տարիներին կատարվածի մասին, գյուղապետը նշեց բազմաթիվ ծրագրերի իրականացման մասին: Թվարկենք` խմելու ջրի ջրագծերի, ոռոգման համակարգերի, մանկապարտեզի, բուժկետի և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում, գազաֆիկացում /Համաշխարհային բանկի միջոցներով, մոտ 8,5 կմ գազատար/, ասֆալտապատում /Ասիական բանկի ֆինանսական աջակցությամբ/, մարզադահլիճի, երեք հուշարձանների կառուցում /համայնքի բյուջեով/ և այլն: Ընդ որում, այս և մյուս բոլոր աշխատանքներում գյուղի բնակչության ընդգրկվածությունն ապահովված է: Չնայած ընթացիկ տարում աշխատանքների ծավալն այնքան էլ մեծ չէ, համենայնդեպս, մարդկանց զբաղվածությունը բավարար կարելի է համարել: Ներկայումս, <<Վերջին օրերի սրբեր>> բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, վերանորոգվում է 1100 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծ: 

  – Խմելու ջրի ջրագծերը,-շարունակեց համայնքի ղեկավարը,-շատ վատ վիճակում էին: 10 տարի շարունակ, ամեն տարի պարտադիր ջրագիծ ենք վերանորոգել: Շատ քիչ է մնացել` ներքին ցանցի վերանորոգումն ավարտի ենք հասցնում: Խմելու ջրով ապահովված ենք: Այս աշխատանքներում ներգրավել ենք նաև <<Փրկենք երեխաներին>>, <<Սնունդ` աշխատանքի դիմաց>> ծրագրերի շրջանակներում տրամադրված միջոցներ: Մանկապարտեզը, որ մինչև իմ ընտրվելը փակված էր, գործում է, առայժմ 1 խումբ ունի: Խոստացել են այս տարի պետբյուջեի միջոցներից հատկացում անել նրա հիմնանորոգման համար: Համայնքի բյուջետային միջոցների սղության պատճառով գործում է 6 ամիս: Գազաֆիկացումն արված է, բայց դեռևս չի ջեռուցվում: Ոռոգման համակարգը ևս ամենամյա նորոգումներ է պահանջում: Ոռոգման ջուրը գալիս է Արագածից, շուրջ 13 կմ հեռավորությունից: Վիճակը կարելի է բավարար համարել:
   Դպրոցը ևս համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում, խրախուսվում են մանկավարժներն ու աշակերտները, միջոցառումներ են նախաձեռնվում և այլն: Մասնակի վերանորոգվել է գյուղապետարանի շենքը, փոխվել են դռներն ու պատուհանները: <<Շեն>> բարեգործական հիմնադրամի ծրագրով հույս ունեն այս շենքի 2-րդ հարկում` անբարեկարգ վիճակում գտնվող մարզադահլիճը նորոգել, ինչի արդյունքում երեխաներին կներգրավեն մարզական խմբակներում` նրանց կտրելով փողոցից: Տաղանդաշատ, շնորհալի երեխաներ շատ ունեն, ուստի արվեստի դպրոց ունենալու անհրաժեշտություն ևս զգացվում է: Այս խնդիրների լուծմանն առայժմ ինչ-որ չափով խանգարում է սոցիալական ոլորտի խնդիրներն առաջնահերթ լուծելու հրամայական պահանջի գիտակցումը: Համենայնդեպս, համայնքի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված աշխատանքները հիմնականում արված են:
  -Այս պահին,-ընդգծեց գյուղապետը,-ևս մեկ խոշոր ծրագիր ունենք: Խոսքը գյուղական համայնքների զարգացման ծրագրի մասին է, ըստ որի անասունների համար արոտավայրերում խմոցներ պետք է տեղադրվեն: 1-ին փուլով մոտ 5 կմ նոր ջրագիծ պետք է կառուցվի: Ծրագրի 2-րդ փուլով մտադիր ենք կաթի մթերման կետ ստեղծել: Ի դեպ, <<Լեռնակերտ-2011>> սպառողական կոոպերատիվ ունենք, որտեղ ընդգրկված են համայնքի բոլոր անդամները: Ջանում ենք հնարավորինս աջակից լինել մեր համագյուղացիներին, որպեսզի ի վիճակի լինեն իրենց արտադրանքը ընդունելի գներով իրացնել և բավարար եկամուտ ստանալ… Առհասարակ, մեր հիմնական խնդիրը կարիքավոր ընտանիքների կողքին կանգնած լինելն է, դիմացինին հասկանալն ու ընդառաջելը: Այդ առումով, գտնում եմ,  համայնքապետերը պետք է շատ գրագետ լինեն: Ամենալավ հոգեբանը, մանկավարժը լինեն: Անփոխարինելի մարդիկ չկան: Ամեն մեկն իր լուծը պետք է կրի… Ես Երևանի պետական համալսարանն եմ ավարտել: Միշտ ասում եմ` ժողովուրդը միշտ ճիշտ է: Եթե մարդը իշխանության դուռն է գալիս ինչ-որ հարցով, ուրեմն նա խնդիր ունի, իսկ մենք պարտավոր ենք այդ խնդրին լուծում տալ, այլ ոչ թե մարդուն նեղացնել կամ նրան չբավարարած` ճանապարհել: Այո, պարտավոր ենք մարդուն օգնել, թեկուզ հենց մեր ընկերական շրջապատի հնարավորություններն օգտագործելով: Ասեմ, որ շատ խնդիրների մենք լուծում ենք տալիս ընկերների միջոցով: Ընկերների բաժինը բոլոր լավ գործերում ու ձեռնարկումներում կա: Առանց ընկերների գրեթե անհնարին է ինչ-որ տեղաշարժ անել:  Ընկերական շրջապատս մեծ է: Համայնքից դուրս բնակվող մեր համագյուղացիների հետ սերտ հարաբերություններ եմ պահպանում, փորձում եմ առկա ուժերն ու հնարավորությունները ծառայեցնել համայնքի ընդհանուր շահերին: Շատ խնդիրներ հենց նրանց օժանդակությամբ են լուծվում: Բոլոր փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ահա թե ինչու ամեն ինչ լավ վերջաբան է ունենում: Ընկերությունն իմ կյանքի ամենաթանկ արժեքներից մեկն է: Ինձ համար լավ ընկեր կարող է լինել այն մարդը, ով փորձում է ցանկացած հարցի ճիշտ մոտենալ, իրեն երբևէ ուրիշներից բարձր չդասել: Բոլորս էլ մահկանացուներ ենք, հասարակ մարդիկ… Ընկերներիս շատ սիրում ու հարգում եմ, ինչը, հավատացած եմ, փոխադարձ է: Մեր մարզի համայնքապետերից մեծ մասի հետ ընկերություն եմ անում: Առավել մտերիմ են ինձ Արա Սուքիասյանը /Նոր կյանք/, Սայադ Խաչատրյանը /Արևշատ/, Հունան Պետրոսյանը /Մեղրաշեն/ : Մեր հարաբերությունները լավ հիմքերի վրա են, մեկս մյուսի համար ցավում ու միմյանց սատար ենք կանգնում: Ճիշտ է, տարիքով այնքան էլ մեծ չեմ, բայց բազում փորձությունների միջով եմ անցել և կյանքի ճիշտ դասեր սերտել… Բոլորս էլ, տեղի-անտեղի, սիրում ենք մեղադրել իշխանություններին, կառավարությանը, բայց ոչ ոք իր մեղքը չի գիտակցում, սեփական սխալը չի ընդունում: Իշխանությո՞ւնն է, արդյոք, մեղավոր, երբ մեր համայնքը, մեր տունն անբարեկարգ է… Չէ՞ որ բոլորս միասին պիտի կառուցենք մեր երկիրը, ուստի եթե ամեն մեկն իր տեղում լինի, իր բաժին գործն անի, ապա, անկասկած, կունենանք բոլորիս երազած հայրենիքը…
SHARE