Անփոխարինելի` էությամբ, կեցվածքով…

0
25

     Եփրեմ Թադևոսյանի մեկենասությամբ տպագրված Համբարձում Կարապետյանի <<Վայոց ձորն ու նրա հուշարձանները>> գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում: Ստորև ներկայացնում ենք այդ միջոցառման մասնակիցներից մի քանիսի հետ մեր զրույցներից որոշ հատվածներ:



Եփրեմ Թադևոսյանը հայրիկիս աշխատանքային ընկերն է: Միշտ իրար հետ կապված ենք եղել բարեկամական կապերով: Շատ գնահատելի են նրա ձեռնարկները, որոնք հասցեագրված են մարզի բնակչությանը` նրան առավել ամրապնդելու, խրախուսելու, աջակցելու նպատակով: Չնայած այն բանին, որ նա այսօր, հանգամանքների բերումով, Վայոց ձորից հեռու է բնակվում, բայց շարունակում է ապրել Վայոց ձորում: Այսինքն, նրա բնակության և ապրելու վայրերը տարբեր են: Նա շարունակում է ապրել Վայոց ձորում` ապրելով վայոցձորցիների կյանքով: Նրա այս նախաձեռնությունն առավել քան խրախուսելի է, որովհետև Վայոց ձորն ամբողջ աշխարհին հայտնի է իր մարդկանցով ու հուշարձաններով: Իսկ այս գիրքն այդ երկուսը մեկտեղում է: Այսինքն, մենք խոսում ենք երևելի մարդկանց թողած ժառանգության մասին, որը վերաբերում է մեր պատմամշակութային հուշարձաններին: Շատ ուրախ եմ, որ այն, ինչ մինչև հիմա կար գրապահոցներում, թանգարաններում, արդեն գրքի տեսքով ընթերցողների սեղաններին է…
Էդգար Ղազարյան
Վայոց ձորի մարզպետ 

    Եփրեմ Թադևոսյանի հետ հաղթահարել ենք շատ դժվարություններ: Նրա թիվ 1 արժանիքն, ըստ իս, ընկերասիրությունն է: Որպես ընկեր` անփոխարինելի է: Ընկերոջ համար պատրաստ է ամեն ինչի: Ընկերոջը բարձրացնող է: Խոնարհ ու պարտաճանաչ` իր գործում: Երբ Եղեգնաձոր եկավ, հայերեն դժվար էր խոսում: Գիշեր-ցերեկ պարապեց և կարճ ժամանակում մայրենի լեզվին տիրապետեց գերազանց: Շատ չպահանջվեց, որպեսզի վայելի շրջապատի մարդկանց հարգանքն ու վստահությունը: Ցանկալի է, որ նրա նման լինեն բոլոր այն եղեգնաձորցիները, ովքեր որոշակի ժամանակահատված բացակայել են հայրենի եզերքից: Արժանահիշատակ են նրա հարգալից վերաբերմունքն ու մոտեցումը հասարակ մարդկանց, ժողովրդի հանդեպ: Իրոք, անփոխարինելի ընկեր է: Եթե ուզում ես պատկերացում կազմել իսկական ընկերության կամ ընկերոջ մասին, ապա պիտի անպայման շփվես Եփրեմ Բագրատիչի հետ: Ընկերոջ համար, չափազանց թող չհնչի, կյանք տվող է: Մենք հպարտ ենք նրանով, նա` իր բոլոր ընկերներով…
Մելանյա Դովլաթյան
Եղեգնաձորի շրջանային սովետի 
նախկին գործադիր կոմիտեյի նախագահ

   Մանկության ընկերներ ենք: Նա մի դասարան ինձնից բարձր էր: Արտաքին տեսքով ընդգծվում էր իր շրջապատում` բարձրահասակ էր: Խաչիկ գյուղը նրա շնորհիվ մարզական հաջողություններ էր գրանցում: Ֆիզիկական արտակարգ տվյալներ ուներ: Հրաշալի վոլեյբոլ էր խաղում, ֆուտբոլ: Միշտ թույլի, խեղճի կողմն էր բռնում: Զարմացած էի` հեռավոր գյուղում, սարի գլխին մեծացած ընկերս, բանակային երեք տարիներին այնպես տիրապետեց ռուսերենին, որ առանց որևէ դժվարության Ռուսաստանում բուհ ընդունվեց: Այնքան լավ սովորեց, որ պահեցին` դասախոսելու: Հետո պրոռեկտոր դարձավ, քանզի, մասնագիտական որակներից բացի, նաև մարդկային առինքնող հատկանիշներ ուներ: Նրա շնորհիվ այդ տարիներին շատ տեղացիներ բարձրագույն կրթություն ստացան, լավ մասնագետներ դարձան: Երբ վերադարձավ հայրենի Եղեգնաձոր, արդեն ճանաչված ու հեղինակավոր անձնավորություն էր: Աշխատանքի բերումով անընդհատ շփվում էինք` ես խմբագրի տեղակալ էի: Ընկերս ուր էլ գնացել է` հրաշալի մարդու պատիվն ու հարգանքը պահել-պահպանել է: Իր տեսակի մեջ, կարելի է ասել, եզակի է: Շատ գնահատելի է նրա գերհամեստությունը: Տպագրելով հորեղբորս` Համբարձում Կարապետյանի գիրքը, վերջինիս դեպի հավերժություն ճանապարհեց: Մեր շրջանը նրա շնորհիվ վերելք ապրեց, կարելի է ասել` թռիչքաձև զարգացում ունեցավ: Նրա անունն անխզելիորեն կապված է հայրենի գյուղի, շրջանի հետ, արածն ու դրածը մեծ երախտիքի են արժանի…
Յուրիկ Կարապետյան
Եփրեմ Թադևոսյանն իր նախաձեռնությամբ մեր թանգարանի բուկլետի հրատարակման հոգսը հոգաց: Թանգարանի գազաֆիկացման ու ջեռուցման նախագծա-նախահաշվային բոլոր փաստաթղթերը նրա աջակցությամբ գլուխ բերվեցին, և ապա կառավարության ֆինանսավորմամբ այն իրագործվեց: Էլ չեմ ասում գրքի հրատարակման մասին: Հաճախ է այցելում մեզ, առաջարկում իր աջակցությունը: Նրա օգնելու պատրաստակամությունն ու բարեհաճությունն ամեն ինչ արժեն…
Կամո Սահակյան
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն

Եփրեմ Բագրատիչը մեր թանգարանում անձնական ֆոնդ ունի: Լուսանկարներ, պարգևներ, կենսագրական տվյալներ, նրան նվիրված գիրքը, կարդացած զեկուցումների տեքստերը և այլն: Այն ամենը, ինչ նրա կյանքին ու գործունեությանն է վերաբերում: Այդ ամենը երկրի արժանավոր քաղաքացու, նվիրյալ գործչի ու հայրենիքի զավակի հրաշալի բնութագրիչներ են: Ունեցած-չունեցածը նվիրելու պատրաստակամ անձնավորություն է: Պատկառազդու, հարգալից անձնավորություն: Մեծից փոքրը ճանաչում են նրան, մեր շրջանի ականավոր դեմքերից է: Իսկական քաղաքացի, բառիս բուն իմաստով` մարդ: Մարդկանց օգնելու համար չի խնայում ոչինչ, մեծ սրտի տեր անհատ է…
Լաուրա Գևորգյան
Եղեգնաձորի երկրագիտական 
թանգարանի երկարամյա ֆոնդապահ
SHARE