Աշխատանքային նվիրումով կարող ես հասնել ցանկալի հաջողության

0
91

Փոխըմբռնում
Ամուր ու հաստատուն հիմք

– Քարակերտ համայնքը ղեկավարում եմ 2008 թվականից,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Մհեր Հարթենյանը:- Առաջիկա ՏԻՄ ընտրությանն առաջադրել եմ թեկնածությունս: Համայնքի բնակչության քվեն կրկին ստանալուց հետո առաջնահերթ ձեռնամուխ կլինեմ երեքհարկանի 7 շենքի գազաֆիկացմանը: Ինչ վերաբերում է պաշտոնավարմանս ընթացքում կատարված գործերին, ապա թվարկեմ դրանցից ամենահիմնականները: Աղբահանություն է իրականացվում, ունենք աղբատար ավտոմեքենա` 2 աշխատողով: Գյուղն ապահովված է ջրով, որը տեխնիկական է, արտեզյան: Կառուցվել է 200 խմ տարողությամբ ջրամբար, որտեղից ջուրը բաշխվում է ողջ գյուղին: Շենքերի տանիքներն ենք ամբողջովին փոխել: Մոտ 12 կմ գիշերային լուսավորություն ենք անցկացրել: Գյուղի ճանապարհը` մինչև Արգինա-Շենիկ խաչմերուկ, 4 կմ ասֆալտապատվել է, բարեկարգվել: Հակակարկտային 3 կայան է տեղադրվել: 2 մանկապարտեզն էլ գործում են, մեկը 60 սան ունի /2 խումբ/, մյուսը` 108 /3 խումբ/: Մշակույթի կենտրոն ունենք` տարբեր խմբակներով /շախմատի, պարի/: Ներկայումս 2-րդ հարկի դահլիճն ենք վերանորոգում, որպեսզի տարբեր մարզաձևերի սրահներ ունենանք: Ըմբշամարտի դահլիճ արդեն ունենք: Գրադարանը 8 հազար կտոր գիրք ունի: Համայնքային կենտրոնում ունենք կողմնորոշման սենյակ, որտեղ տեղադրված են համակարգիչներ և որտեղ համապատասխան մասնագետները բարձր դասարանների աշակերտներին օգնում են մասնագիտական ընտրության և հետագայում ուսումը շարունակելու հարցերում: Այս ծրագիրը Մանուկների հիմնադրամի կողմից է իրականացվում…
5000 բնակիչ ունեցող Քարակերտում հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Այստեղ գործում է նաև պահածոների գործարան, որը սեզոնին շուրջ 80 աշխատատեղ է ապահովում: Սեփականատերը Շվեդիայից է, և հույս կա, որ աստիճանաբար կընդլայնվի արտադրությունը: Տեղի պայմանները բարենպաստ են ծիրանի, խաղողի, ձմերուկի և այլ մրգատեսակների մշակության համար: Խաղողի մթերման հետ կապված մեծ աշխատանք է տանում համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում օգնում է նաև մարզպետը: Համայնքապետ-բնակիչ փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են:
Լավ ընկերությունը մի լավ ընտանիք է` Մհեր Հարթենյանի համոզմունքն է: Շատ ու շատ ընկերներ ունի. <<Եթե ընկերդ անկեղծ է, ուրեմն իրոք ընկեր է: Ընկերոջ, ընկերության իմաստը պիտի հասկանալ: Ընկերը ուտել-խմելու ընկերը չէ, ընկերը նեղ օրվա ընկերն է: Ըստ իս, ընկեր փոքրուց են դառնում, ընկեր հետո չեն կարող ստեղծել, դա ընկեր չէ: Փոքր տարիքում ստեղծած ընկերության հետ շատ ճանապարհ ես անցնում, դրա հիմքն ամուր ու հաստատուն է: Ընկերը շատ թանկ է: Ձեռք բերելը հեշտ է, կորցնելը` շատ դժվար… Հիշեմ մեր ընդհանուր ընկերներից ԱՄՆ <<Լոռի>> միության նախագահ Ժիրայր Էքմեքչյանին: Երբ Հայաստան է գալիս, անպայման հանդիպում ենք, շփվում: Նա անշահախնդիր ընկեր է, միշտ փորձում է ընկերների կողքին լինել, նրանց օգնել հնարավոր ամեն ինչով…>>:
Մհեր Հարթենյանն առանձնակի շեշտեց նաև մեր ընդհանուր ընկերոջը` Կառլեն Լևոնիչին, ասելով, որ նա իր հոր ընկերն է եղել. <<Մեծատառով մարդ է ու լավ ընկեր: Լևոնիչին շատ լավ եմ ճանաչում: Նրա ամբողջ կյանքը կարելի է նվիրում համարել իր շրջապատին, ընկերներին, մտերիմներին…>>:
Քարակերտի գործող համայնքապետի խոստովանմամբ, կյանքում շատ դժվարությունների միջով է անցել ու ինքնուրույն հաղթահարել դրանք: Եվ համայնքի ղեկավար ընտրվելն էլ բնավ պատահական չէ. տքնաջան աշխատանքի, մարդկանց նկատմամբ հարգանքի ու վստահության միջոցով է հաջողության հասել: Աշխատում է, որ ձեռք բերած համբավն ու հեղինակությունը մշտապես լինեն, որ իր ժառանգներն իրենով հպարտանալու արժանի տեղ ունենան: Ջանում է ճիշտ դաստիարակել զավակներին, աշխատասիրություն ներարկել, ինքնուրույնություն, համառություն, տոկունություն, արդարամտություն, սկզբունքայնություն…