Աշխատանքը գնահատվում է

0
69

Եվ դա առավել է ոգևորում` նոր հաջողությունների հասնելու ճանապարհին…

Ոգևորություն

 Ալինա Հարությունյանը Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքը ղեկավարում է 1996-ից: Վերջերս հանդիպեցինք մարզի միակ կին համայնքապետի հետ` նրան ուղղելով մեզ հետաքրքրող հարցերը: 
-Բավականին երկար ղեկավարում եք համայնքը: Այդ տարիներն ի՞նչ են Ձեզանից խլել և ի՞նչ տվել: Որպես կին, դժվար չի՞ եղել ղեկավարելը: 
-Ճիշտն ասած, այս աշխատանքը ես երբեք չեմ համարում ղեկավարի աշխատանք, որովհետև երբ ընտրվում ես և ստանձնում համայնքի ղեկավարումը, դառնում ես ժողովրդի ծառան: Իմ պարագայում այդպես էլ կա, ինչի վկայություններից մեկն էլ այն է, որ արդեն 6 անգամ արժանացել եմ ժողովրդի բացարձակ ու անվերապահ վստահությանը: Սիրել եմ իմ գյուղը, իմ ժողովրդին և նվիրվել նրանց: Դժվարություններ, անշուշտ, եղել են, վերցնենք, թեկուզ, հենց միայն այն հանգամանքը, որ կինը հայտնվի համայնքի  ղեկավարի կարգավիճակում: Այդուամենայնիվ, կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել և անվարան առաջ գնալ` էլի ժողովրդիս օգնությամբ, նրա շնորհիվ: Ես նախ որպես ծառա, հոգատար քույր եմ եղել` ասես, մոռանալով ղեկավար լինելուս հանգամանքը: Ահա և մարդիկ ինձ հաջորդաբար քվե են տվել` դա էլ հաշվի առնելով ու կարևորելով: Ինձ ընտրել են` որպես իրենց ընտանիքի մոր, հարազատ քրոջ, նվիրված մարդու: Գյուղը, համայնքը միշտ էլ իրավիճակը ճիշտ է գնահատում: Մեր համայնքի բնակիչները հանրապետության տարբեր շրջաններից են եկել այստեղ, ուստի և ամեն մեկն իր ավանդույթներն ու առանձնահատկություններն ունի: Ազգություններ, որպես այդպիսիք, չկան: Ամեն մեկի հանդեպ վերաբերմունքը յուրովի է, ամեն մեկին պարտավոր ես յուրովի հասկանալ: Ես, նաև այդ ամենը հաշվի առնելով, համբերատար լսողի դերում եմ, չեմ զլանա անգամ ժամերով, ինչպես ասում են, ականջս կախ լսել դիմացինիս: Եթե հանձն եմ առել տվյալ պատասխանատվությունը, ապա պարտավոր եմ մարդկանց հոգսը, դարդ ու ցավը կիսել, թեթևացնել: Կարևորել առաջնայինն ու երկրորդականը, ճիշտ որոշումներ կայացնել և, ամենակարևորը, մարդկանց երբևէ հուսախաբ չանել: Գործ, աշխատանք, նվիրում` այս ամենի դեպքում ժողովրդի գնահատականը միանշանակ դրական ու բարձր կլինի:


-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը: Երբևէ հիասթափության պահեր ապրե՞լ եք:
-Ժողովրդի գնահատականն է իմ ամենամեծ ձեռքբերումը: Ինչպես քո ընտանիքում եղած խնդիրներն ես լուծում, այնպես էլ պարտավոր ես համայնքի խնդիրներին լուծում տալ: Ընդ որում, վերջինիս պարագայում պատասխանատվությունն ու ռիսկն առավել քան մեծ են: Համառ ու հետևողական պիտի լինես և չընկրկես այդ ճանապարհին հանդիպող մեծ ու փոքր դժվարություններից: Իսկ արված գործերն ու ձեռքբերումները, պիտի ասեմ, քիչ չեն: Համայնքի գրեթե բոլոր հողերը դարձան ոռոգելի` նաև 2 կմ ջրատար կառուցելու արդյունքում: Մոտ 4 կմ խմելու ջրի ջրատար ենք նորոգել: Գյուղն ամբողջովին գազաֆիկացված է: Ունենք շատ լավ վերանորոգված մշակույթի տուն, առողջության առաջնային պահպանման կենտրոն, վերանորոգված ու կահավորված մանկապարտեզ: Մոտ 1 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում ենք իրականացրել, գիշերային լուսավորություն անցկացրել, կոյուղու աշխատանքն ապահովել և այսպես շարունակ: Մեզ առաջադրված խնդիրները հերթով, աստիճանաբար լուծել ու առաջ ենք ընթացել: Գործից գործ է ծագում, մեկն ավարտեցիր` անցնում ես հաջորդին, ոգևորվում ես արած-դրածով, հաջողությունն առաջ է մղում: Ընդհանուր առմամբ, կինը տնտեսավարման առումով առավել շրջահայաց է, առաջնայինը երկրորդականից ավելի լավ է զանազանում, ճիշտ կողմնորոշվում աշխատանքները կազմակերպելիս: Ես ինքս ինձանից հիասթափվում եմ այն ժամանակ, երբ զգում եմ, որ հապաղել եմ ինչ-որ գործ ձեռնարկելիս: Դադար չպետք է լինի, հենց դանդաղեցիր, հանգստացար ձեռք բերածով, լճացման կգնաս: Անընդհատ պիտի պրպտես… Տուն վերադառնալուց, երբ համեմատաբար հանգիստ ես լինում, սկսում ես մտածել ստանձնած բեռիդ ծանրության և պատասխանատվության մասին: Եթե ինքդ քեզ համար անգամ պատասխանատվություն ստանձնելն անչափ դժվարին է, ապա ուր մնաց ամբողջ համայնքի համար պատասխանատվություն վերցնելը: Ամեն դեպքում, պիտի տանես քեզ բաժին հասածը և երբեք նահանջի տրամադրություն չունենաս:
-Հարաբերություններ ձևավորելու հարցում կինն առավել հաջողակ չէ՞, քան տղամարդը:
-Ինձ թվում է, որ կինն իր էությամբ ավելի խորը մարդ է: Ի ծնե նրան հոգեբանորեն տրված է ամեն իրավիճակում շատ արագ ու անսխալ կողմնորոշվելու հատկությունը: Ուստի և կնոջ համար մարդկանց հետ հարաբերվելն առավել հեշտ է: Եթե մարդն ինչ-որ հարցով քեզ է դիմում, ուրեմն պիտի հասկանաս դիմելու բուն դրդապատճառը, ինչ է ուզում և այլն: 
-Որպես մարզում միակ կին համայնքապետ, ինչպե՞ս եք Ձեզ զգում հավաքների և այլ միջոցառումների ժամանակ:
-Ճիշտն ասած, ես երբեք վատ չեմ զգում ինձ, նման դեպքերն ինձ համար սովորական են: Բոլոր գործընկերներիս շատ սիրում եմ, ընդունում ու հարգում և, կարծում եմ, նույնն էլ իմ նկատմամբ է: Որևէ խնդիր չի առաջանում շփվելիս: 67-ի մեջ ես միակն եմ և ինչ-որ առուով, թերևս, զգաստացնող դեր եմ կատարում:
-Ընկերությունը Ձեր կյանքում ի՞նչ դեր ունի:
-Ամբողջ կյանքում ինձ համար ընկերություն անելը մի վեհ գաղափար է եղել: Եթե մարդուն ընդունեցի, ուրեմն արմատապես եմ ընդունում, մինչև խորքը և հանուն այդ ընկերության պատրաստ եմ ամեն ինչի: Եթե որևիցե խնդիր է առաջանում, ապա զգում եմ, որ գործընկերներս մտահոգ են դառնում, ուստի ինքս եմ առաջին պլանում հայտնվում: Ամեն ինչ, ինչպես ասում են, վերցնում եմ ինձ վրա և երբեք դրանից վատ չեմ զգում: Կյանքում ընկերությունից լավ բան չկա ինձ համար, քանզի ընկերներովս ապրում եմ: Ուրախանում եմ, երբ նոր ընկերներ եմ ձեռք բերում և ընդհակառակը` տխրում, երբ կորցնում եմ ընկերոջ: Համայնքապետերի հետ ընկերական լավ հարաբերություններ են ձևավորված: Ամեն հարցում իրար հենարան ենք, նաև ընտանիքներով ենք մտերիմ: Կինը շատ լավ ընկեր կարող է լինել, իրոք` ավելի նվիրված է: Կնոջն ավելի շատ են վստահում: Կարող եմ ասել, որ ինձ հետ ավելի շատ են կիսվում: Աշխատում եմ ընկերոջը չկորցնել, չեմ ուզում վատը տեսնել: Հաճախ անտեսում եմ անցանկալին, բացասականը: Ընկերը կյանքդ թեթևացնում, իմաստավորում ու գեղեցկացնում է: Ընկերներից սովորում ես, նրանց օգնությամբ հզորանում: Երջանիկ եմ զգում ինձ, երբ որևէ մեկին կարողանում եմ օգնել, գոհացնել: Նման պահեր շատ եմ ունենում: Լավությունը, բարությունը փոխադարձ են: Եթե հարկ է` վատին լավով եմ պատասխանում: Վատ եմ զգում, երբ ինձ խաբում են: Շատ, շատ եմ սիրում իմ համայնքը: Տարեցտարի Նոր Երզնկան առաջընթաց է ապրում: Չեմ սիրում, երբ բնակիչներս ինձ ազգանունով են դիմում, դա կարծես խորթացնում է: Ավելի լավ է մտերմիկ, անմիջական, ինչպես այսօր մարդիկ դիմում են` մեր Ալինան: Ինձ սիրում ու գնահատում են, ինչը կնոջ համար հատկապես մեծ նշանակություն ունի: Երջանկությունը գնահատված լինելն է:   
SHARE