Աշխատանքի գնահատականը

0
22

Արժանիք

Որն ավելի շատ պարտավորեցնում ու նոր ոգևորության է մղում

-Առաջիկա ՏԻՄ ընտրությանը,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի  Վարդանաշենի գործող համայնքապետ Արթուր Մանուկյանը,- միայն ես եմ առաջադրել թեկնածությունս, այլ թեկնածու չի առաջադրվել: Դա վկայում է այն մասին, որ, չնայած հավակնորդների առկայությանը, իմ տարիների աշխատանքն արժանիորեն է գնահատվում, մարդիկ առայժմ միայն ինձ են տեսնում համայնքապետի պաշտոնին: Չեմ կարող առիթից չօգտվել և իմ շնորհակալության խոսքը չհղել ժողովրդիս` նման բարձր վստահության և արժանի գնահատականի համար: Ապացուցում են, որ իմ 8 տարվա աշխատանքը իզուր չի անցել, որ արդարացել են իրենց ակնկալիքները, որ ես ազնիվ ու շիտակ եմ եղել իրենց հետ: Անկեղծ ասած, սկզբում ամեն ինչ հեշտ ու հանգիստ էր թվում, բայց երբ բախվեցի իրականության հետ, մանավանդ` դատարկ ու անփող բյուջե <<ժառանգելով>>, այն ժամանակ միայն պատկերացրի իրավիճակի լրջությունը: Այդուամենայնիվ, լավ էի հասկանում, որ պիտի քրտնաջան աշխատեմ և ամեն գնով արդարացնեմ մարդկանց սպասելիքները: Աշխատակազմիս հետ լծվեցի գործի: Հենց առաջին տարին ոռոգման խորքային հոր վերանորոգեցինք, իսկ, առհասարակ, պաշտոնավարմանս ժամանակաշրջանում ոռոգման ցանցի 85 տոկոսը վերականգնել ենք: 100 տոկոսի կհասցնենք համակարգն այն ժամանակ, երբ կիսախողովակներ կանցկացնենք: Այդ նպատակով դիմել ենք <<Սև ջուր-Ախթամար>> ՋՕԸ-ին` առաջարկելով համաֆինանսավորմամբ 7 կմ ջրատար անցկացնելու ծրագիր իրականացնել, որպեսզի կորուստները նվազագույնի հասցվեն, ինչի արդյունքում և ոռոգման ջուրը մեր հողագործի համար համեմատաբար մատչելի կդառնա: Ջրամատակարարման նախկին 1-ժամյա փոխարեն այսօր 10 ժամ խմելու ջուր ունենք: Այս տարի ջանալու ենք ջրահեռացնող ցանց ստեղծել, որպեսզի հնարավոր լինի ջրամատակարարումը հասցնել 24 ժամի: Կենտրոնական փողոցում լուսավորություն ենք անցկացրել /1450 մ/: Գերեզմանատանը` նույնպես, իսկ ընթացիկ գարնան առաջին ձեռնարկումներից մեկն էլ այն է լինելու, որ այնտեղ նաև ջուր անցկացնենք: Համայնքի միջոցներով աղբահանություն ենք իրականացնում: Ամեն տարի փողոցները խճապատում ենք, այս տարվանից նաև դաշտամիջյան ճանապարհներն ենք բարեկարգելու: Սոցիալապես անապահով ընտանիքներին, դպրոցականներին ու ուսանողներին օգնելու նպատակով որոշակի գումար ենք հատկացնում: Ի դեպ, դպրոցը կառավարութան ծրագրով հիմնանորոգվել է, մնում է գույքի նորացման խնդիրը լուծենք…

Վարդանաշենցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Մարդիկ մշակում են իրենց հողատարածքները, բայց դրա եկամտաբերությունը մեծ չէ և առայժմ չի հոգում նրանց ապրուստի միջոցները: Աշխատանքային զբաղվածության խնդիրը, պարոն Մանուկյանի ներկայացմամբ, այստեղ էլ զգացվում է: 1360 բնակիչ ունեցող համայնքի զարգացման հնգամյա ծրագրով նախատեսվում է գինու գործարանի վերագործարկման նպատակով քայլեր ձեռնարկել, ինչի արդյունքում որոշակիորեն կմեղմվի տվյալ խնդիրը:

Անկախ սոցիալ-տնտեսական վիճակի դժվարություններից, Արթուր Մանուկյանը հնարավորինս աջակցել է բնակիչների զանազան խնդիրների լուծմանը, օգնել ու սատարել նեղության մեջ գտնվողներին: Եթե նյութապես էլ չի օգնել, ապա բարոյահոգեբանական ազնիվ մղումներով եղել է բոլորի թիկունքին` ջանալով թեթևացնել մարդկանց հոգսերը: Համայնքի ղեկավարն իր գյուղի, բնակիչների տեր ու տիրականը, պատասխանատուն պիտի լինի` դրանից բխող բոլոր ազնիվ ու դրական եզրահանգումներով:

Խնդիրները շատ են: Ցանկալի է, որ գյուղը բավարար պայմաններով ապահովված բուժամբուլատորիա ունենա, մշակույթի տուն, որն անմխիթար վիճակում է: Մանկապարտեզ ունենան, որպեսզի մատաղ սերնդի կրթա-դաստիարակչական գործն ամուր հիմքերի վրա լինի: Համայնքի զարգացման հնգամյա ծրագրում այս ամենը ներառված է, չնայած տեղական բյուջեի սուղ միջոցներով հնարավոր չէ բոլորը կյանքի կոչել:

Արթուր Մանուկյանը շնորհակալ է ընկերներից. <<Նրանց շնորհիվ է, որ ունեցած սուղ հնարավորությունների պայմաններում կարողանում ենք արժանապատվորեն կանգնել մեր գյուղացու կողքին: Առհասարակ, մեր համայնքը համախմբված է, մեկը մյուսի կողքին կանգնած: Ընկերական ոգին շատ ամուր է մեր մեջ նստած…>>: Նա մեկ անգամ ևս երախտիքի ջերմ խոսքն ուղղեց իր համագյուղացիներին` փոխըմբռնման, անկեղծ վերաբերմունքի ու գնահատանքի համար` վստահ լինելով, որ միասին ու համախմբված Վարդանաշենը շեն ու ծաղկուն համայնք են դարձնելու…

SHARE