Աշխատանքի դեպքում խնդիրները կլուծվեն,

0
32

իսկ ապագայի նկատմամբ լավատեսությունն առավել հաստատուն կդառնա…
  – Խաչփար համայնքը, որը ղեկավարում եմ 1991-ից, վերաբնակեցված է փախստականներով, հիմնականում` գարդմանահայերով,-մեր զրույցի սկզբում ասաց Շահեն Մարտիրոսյանը:-Այստեղ բազմաթիվ հիմնախնդիրներ են ուտակված եղել: Գյուղը չի ունեցել ճանապարհ, խմելու ջրի ջրագիծ, ոռոգման համակարգ, մանկապարտեզ: Միայն դպրոց ուներ, այն էլ` անմխիթար վիճակում: Սկսել ենք, կարելի է ասել, զրոյից կառուցել և եթե համեմատելու լինենք, ապա առաջընթացն ու զարգացումն ակնհայտ են: Համայնքի 99 տոկոսը ջուր ունի: Անցկացվել է ինչպես միջտնտեսային, այնպես էլ ներտնտեսային նոր ցանց: Ինչ որ հնարավոր է եղել` պետական միջոցներով իրականացվել է: Համայնքի միջոցները ևս իրենց հերթին ծառայեցվել են առկա խնդիրների լուծմանը: Ընկերական շրջապատի օգնությունը ևս պետք է եկել, քանզի շատ հարցերի լուծումն առանց դրա գրեթե անհնարին է: Մինչ ցանցի կառուցումը, մեծ ծախսերի գնով առաջնահերթ խմելու ջրի ջրագիծ է անցկացվել: Գյուղը 95 տոկոսով գազաֆիկացված է: Ոռոգման ջրի խնդիր գրեթե չունենք, առանձին հատվածներում միայն դժվարություններ ունենք, որոնցում գրունտային ջրերի մակարդակի իջեցում է նկատվում: Միջհամայնքային ճանապարհներն ասֆալտապատված են, իսկ ներհամայնքային, ներտնտեսային փողոցները խճապատված են ու բարեկարգ: Ժամանակի ընթացքում, անկասկած, կլուծվի նաև դրանց ասֆալտապատման հարցը: Փողոցների լուսավորման խնդիրն այս տարվա ծրագրում է: Գյուղի համար առայժմ միակ խնդիրն է, որ շուտով լուծում կստանա: Դպրոցը վերանորոգված է, տանիքը` փոխված, մարզադաշտը` կառուցված: Մարզպետի անմիջական նախաձեռնությամբ ու օգնությամբ դպրոցը գազաֆիկացվել է: Կառուցվել է սանհանգույց: Աշխատանքների մի մասը պետբյուջեի, մյուս մասը տարբեր կազմակերպությունների միջոցներով է կատարվել:

Շատ լավ պայմաններ են ստեղծված: Կանգնած եմ դպրոցի կողքին: Նրա խորհրդի նախագահն եմ: Իմ գործունեությունն առաջին հերթին, որպես համայնքի ղեկավար, սկսվում և ավարտվում է դպրոցով: Պետության հիմքը դպրոցն է: Մեր կրթօջախում շատ լավ հարաբերություններ են արմատավորված, ուստի չեմ խուսափում պատասխանատվությունից, լրացուցիչ բեռ ինձ վրա վերցնելուց: Մանկապարտեզն արդեն երկրորդ տարին է, որ գործում է ողջ տարին: Առանձին ջեռուցում ունի, բարեկարգ վիճակում է: 30 երեխա է հաճախում, 2-րդ խումբը բացելու խնդիր է առաջացել, ինչի ուղղությամբ մտածում ենք: Բուժամբուլատորիան, որը կառուցել ենք 1996-ին, այսօր վերանորոգում ենք: Հնարավորինս ընդլայնում ենք պայմանները, ավելի բարեկարգ դարձնում: Այդ նպատակով համայնքի բյուջեից 1,5 մլն, մարզպետարանի կողմից` 5 մլն, իսկ <<Փրկենք երեխաներին>> կազմակերպության միջոցներից 10 մլն դրամ է ներդրվել: Գյուղապետարանի շենք ենք կառուցել, այնտեղ է տեղավորված նաև գրադարանը: Մշակույթի տունը հիմնանորոգելու անհրաժեշտություն կա, ինչը մեր առաջիկա ծրագրերում է: Չլուծվող հարց, կարող եմ ասել, չկա: Կան ապրելու բավարար պայմաններ: Մեր հողերը բերրի են, մշակելու խոչընդոտներ չկան: Լուծված է տրանսպորտային խնդիրը: Համենայնդեպս, եղածով չենք հանգստանում, և մեր հետևողական աշխատանքն ամեն օր զգացվում է: Մշտապես պետք է պատրաստ լինել մարդկանց օգտակար լինելու, մարդկանց ծառայելու համար: Գյուղապետի առաջին խնդիրն իրավիճակին տիրապետելն է, ցանկացած վիճակից ելք գտնելը: Ղեկավարն, առհասարակ, պետք է բանիմաց, բարոյական ու սկզբունքային լինի, որպեսզի համայնքում մթնոլորտ ապահովի: Մեր ժողովուրդը լավն է, միասնական ու համախմբված: Դրա վերջին վկայությունը Աժ ընտրություններին մեր մասնակցության ցուցանիշներն էին: 1000 ընտրողից 700-ն իր ձայնը տվեց ՀՀԿ-ին: Ժողովրդի տեսակի խնդիր է սա: Եթե նվիրվում ես նրան, ապա նա էլ իր հավատարմությունն է ցուցաբերում: Սա իմ կարևոր ձեռքբերումներից մեկը վստահաբար կարող եմ համարել: Ավելի պարտավորված եմ իմ ժողովրդի առջև և ավելին կանեմ նրա համար: Վստահության ամուր հիմք է պետք` այս հողի վրա առավել ամուր կանգնելու, հենարան ունենալու համար: Պարտավոր ենք ավելին անելու մեր ժողովրդի համար և լիասիրտ ծառայելու նրան…

      Համայնքապետի խոսքերով, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հրաշալի անձնավորություն է, բոլորին հասանելի, բոլորի կողքին կանգնած և մարզի խնդիրներով լրջորեն մտահոգված: Գործի մարդ է, ժողովրդի դարդ ու ցավը հասկացող, հասարակ մարդկանց կողքին կանգնած. <<Նրա նվիրումն ու աշխատասիրությունը, հետևողականությունն ու պատասխանատվությունը լավ օրինակ կարող են լինել բոլորի համար: Շատ ծրագրեր հենց անմիջականորեն նրա մասնակցությամբ են լուծվում: Այսօր համայնքում ուզում ենք հանդիսությունների սրահ կառուցել: Այս հարցում մեզ խոստացել է աջակցել անգամ երկրի նախագահը: Մեր գյուղի հետ շատ կապված է ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, ով համապատասխան ներդրում կանի: Բացի այդ, նա շատ հարցերում է համայնքին օգնում ու նյութական աջակցություն ցուցաբերում: Մեզ շատ է օգնում նաև <<Գարդմանք>> հայրենակցական միությունը, որի խորհրդի նախագահը եղբայրս է` Հակոբ Մարտիրոսյանը: Միության անդամները /Երվանդ Զախարյան, Նիկոլայ Գաբրիելյան և այլք/ բազում խնդիրներ են լուծել մեր համայնքի համար: Մեր գյուղում է ապրում գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ով աջակից է մեզ շատ հարցերում: Խաչփարեցին մեծին հարգող, արժանավորներին մեծարող է, հարգալից ու պատկառանքով լցված: Պարտքի տակ չի մնում…>>: Խոսելով ընկերության մասին, պարոն Մարտիրոսյանը նշեց, որ այն մեծ դեր ունի իր կյանքում: Ունի ընկերական մեծ շրջապատ. <<Ընկերություն եմ անում համայնքապետերի հետ, ավելի շատ` նրանց, ովքեր գաղափարակից են ինձ, ընդունված ու հարգված ղեկավար են, ժողովրդասեր: Ինձ համար շատ հաճելի ընկեր է Արգավանդի գյուղապետ Սամվել Նարիբեկյանը` ճանապարհ անցած, լավ մարդ: Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանն, իրոք, մեծ մարդ է, հանուն ժողովրդի պատրաստ է ամեն քայլի, ընդունելի է բոլորի կողմից ու հարգված… Պիտի ասեմ, որ նոր ընկերություն ստեղծելը շատ բարդ է` միասին պիտի ճանապարհ անցնել, գաղափարական մերձեցում ապահովել և այլն…>>:
      Շահեն Մարտիրոսյանը ՏԻՄ ոլորտում ունեցած ներդրման ու անբասիր աշխատանքի համար 2010 թ. ՀՀ նախագահի կողմից արժանացել է <<Անանիա Շիրակացի>> մեդալի:
SHARE