Աշխատանքով` ցանկալի արդյունքի

0
18
Նպատակամղում

   Լոռու մարզի Դարպասի համայնքապետ Սամվել Ավետյանից տեղեկացանք, որ մարտի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանն ինքն առաջադրել է իր թեկնածությունը: Նպատակը մեկն է` ավարտի հասցնել կիսատ մնացած գործերն ու ծրագրերը:
-Այս 4 տարիներին ծավալվել են աշխատանքներ,- ասաց պարոն Ավետյանը:- Առաջնահերթ կառուցվել է ոռոգման ջրի համակարգը, ջուրն անվճար է տրվում բնակիչներին: ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի օգնությամբ գիշերային լուսավորություն ենք անցկացրել: Աղբահանություն գյուղում չէր կատարվել, գյուղից այժմ հեռացված է կուտակված ողջ աղբը: Կենտրոնական ճանապարհը մաքրելիս գրեթե 1000 մեքենա աղբ ենք հավաքել: Կարգ ու կանոն հաստատելու ընթացքում անհրաժեշտություն է առաջացել տեղափոխելու ճանապարհի անցանկալի մասերում հայտնված էլեկտրասյուներն ու գազատար խողովակները, ինչը լուրջ խնդիր է, բայց և աստիճանաբար արվում է: Մարդկանց հոգեբանությունը ժամանակի ընթացքում   պիտի փոխել, որպեսզի աղբ չկուտակի սեփական տան առաջ, բակում, սովորի վճարել այդ ծառայության դիմաց: Գյուղի համար այսօր խնդիր են առաջացնում սելավները: Բնական 3 սելավատարների /ձորեր/ տեղում ճանապարհներ են կառուցվել: Անձրևների ժամանակ ջուրը գնալու տեղ չունի: Գյուղի վերևում կառուցված 10 տուն պիտի տարհանվի, որպեսզի սելավաջրերն իրենց հունով գնան գետը լցվեն, այլ ոչ թե գյուղ: Այս հարցով դիմել ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: Մինչև ջրահեռացման հարցը չլուծվի, ապա չենք կարողանա գյուղի կենտրոնական ճանապարհն ասֆալտապատել, իսկ մնացած ճանապարհները բարեկարգել, ինչի անհրաժեշտությունը գնալով խիստ է զգացվում: Արդեն իսկ սկսել ենք ստանդարտներին համապատասխանող գյուղամիջյան սելավատարի կառուցումը, ինչի համար գումարներ ենք հայթայթել: 700 հազար դրամ Կարմիր խաչն է խոստացել: Խնայողություն ենք արել, 18 մլն դրամ տրամադրելու ենք սելավատարի կառուցման համար: Նաև գյուղի վերին թաղում ենք առանձին սելավատար կառուցելու: Այս խնդրի լուծումից հետո մարզպետը խոստացել է լուծել ասֆալտապատման խնդիրը: Ունենք ճանապարհային սողանքներ, փլուզման եզրին գտնվող կամուրջներ, և այդ խնդրով դիմել ենք կառավարություն: Առաջին իսկ հնարավորության դեպքում կօժանդակեն մեզ: Սոցներդրումների հիմնադրամի տրամադրած գումարներով և <<Օրանժի>> օգնությամբ, ինչպես նաև մեր միջոցներով վերանորոգել ենք մանկապարտեզը, բարեկարգել նրա տարածքը, տնկել արծաթափայլ եղևնիներ: Այս հարցում օգնել են նաև ընկերներս: Գույքը ձեռք ենք բերել ինչպես իմ սեփական միջոցներով, այնպես էլ ընկերների օգնությամբ: Տեղադրել ենք 5 ավտոկանգառ: Համայնքային կենտրոն չունենք, գյուղապետարանը ժամանակավորապես տեղավորված է մանկապարտեզի շենքում: Մարզպետը խոստացել է մեր գյուղում կառուցել համայնքի կենտրոն, որտեղ տեղավորված կլինեն նաև երաժշտական դպրոցը, ակումբը, բուժկետը: Այս տարի կսկսվի համայնքապետարանի կառուցումը, որտեղ համայնքը կունենա իր բաժին 10 տոկոս ներդրումը…  

    Մարդու հզորությունը, ըստ Սամվել Ավետյանի, ընկերներն են: Իր ընկերները մեծ ներդրում ունեն գյուղի զարգացման գործում: Ընկերների, եղբոր և իր միջոցների ներդրմամբ գյուղում եկեղեցի են կառուցում: Օգնում են նաև համայնքի բնակիչները: Նախատեսում են մինչև հունիս կատարել եկեղեցու բացումը: Համայնքապետը հատկապես գյուղապետարանի աշխատողների աշխատաոճում է փոփոխություն արել` բարձրացնելով աշխատանքային կարգապահությունն ու սպասարկումը: Գյուղացիների բոլոր հարցերին տրվում է սպառիչ պատասխան, գյուղապետարանից մարդը հեռանում է գոհ ու բավարարված: Օգնում են կարիքավորներին թե՛ առողջական խնդիրներ առաջանալու, թե՛ դժբախտ դեպքերում: 
  Համայնքի ղեկավարի գլխավոր նպատակն այն է, որ որոշակի բարեփոխում մտցվի գյուղացու կյանքում, իր բնակիչը լավ կյանքով ապրի: Ինքն ապահովված է, ունի սեփական բիզնեսը, որի եկամուտներից շատ հաճախ մասհանում է կատարում հանուն գյուղի զարգացման: Հարազատ գյուղը, նրա խոսքերով, պետք է գեղեցիկ ու մաքուր լինի, բնակիչներն էլ իրենց հերթին` սրտացավ ու բարեխիղճ: Ամենակարևորը` մնան իրենց հող ու ջրին հավատարիմ, զբաղվեն ստեղծարար աշխատանքով: Միայն աշխատանքով ու չարչարվելով կարող են արդյունքի հասնել…
SHARE