Աշխատանք` ամենօրյա, հետևողական…

0
14
Առաջադրում


    Սեպտեմբերի 9-ին Մրգավան համայնքի /Արարատի մարզ/ ղեկավարի ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել Սուրեն Դավթյանը: Ի դեպ, նա 2005-08 թթ. ղեկավարել է համայնքը: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված նրա այս անգամվա առաջադրումը, պարոն Դավթյանը հետևյալ պատասխանը տվեց.
   -Իմ ղեկավարման տարիներին մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել: Կիսատ գործեր, անելիքներ, անշուշտ, մնացել են, որոնք, հասկանալի է, շարունակություն են պահանջում: Պաշտոնավարմանս շրջանում մանկապարտեզն է վերանորոգվել ու վերաբացվել: Ջրի խնդիրն է լուծվել երկու փողոցում, որտեղ նոր խողովակաշար է անցկացվել: Բոլոր խաչմերուկների լուսավորության հարցն է լուծվել և այլն: Էլի աշխատանքներ են կատարվել, և այստեղ մանրամասնելու հարկ, կարծում եմ, չկա: Ժողովուրդը կգնահատի և կտա իր քվեն…
   Ծրագրեր կան, որոնց լուծումն առաջնահերթություն է: Մասնավորապես, դպրոցը պիտի վերանորոգվի, բավարարվի խմելու ջրի խնդիրը, փոխվեն հին խողովակաշարերը: Առհասարակ, գյուղում աշխատանքն անընդհատ ու անվերջ է, ուստի ամենօրյա աշխատանք է պահանջվում: Ընդ որում, հետևողական ու քրտնաջան աշխատանք, որպեսզի ծագած խնդիրները ժամանակին գտնեն իրենց լուծումը: Գյուղ, համայնք ղեկավարելն այսօր բավականին բարդ ու պատասխանատու պարտականություն է, պիտի ապրես ժողովրդի հոգսերով և քո ամենօրյա  գործունեությամբ փոքրիշատե բարելավես նրա վիճակը: Պարոն Դավթյանի հավաստմամբ, բնակչի հետ իր փոխհարաբերությունները հարգանքի ու վստահության հիմքի վրա են եղել.

   -Մեծամասնությունը կողմ է իմ առաջադրմանը, և, հետևաբար, ընտրության ժամանակ կարտահայտի իր համապատասխան վերաբերմունքը: Կուզենա, բնականաբար, կաշխատեմ և կստանձնեմ այդ ծանր բեռը: Ընտրվելու պարագայում համայնքի բոլոր անդամներին ներգրավելու եմ մեր ընդհանուր  աշխատանքներում, ինչը նախկինում էլ արել եմ: Ինչով կարողացել, օգնել եմ գյուղացիներին` անկախ գյուղապետ լինել-չլինելու հանգամանքին: Այդ մասին գյուղացին լավ գիտի և, անշուշտ, կվկայի: Առանց դիմելու, պատրաստակամ օգնել եմ նեղության մեջ գտնվողին: Մշտապես բնակվել եմ գյուղում` երբևէ չբացակայելով: 39 տարեկան եմ, ընտանիք ունեմ, երկու որդի: Գյուղացու խնդիրները լուծելը պետք է առաջնահերթ լինի համայնքի ղեկավարի համար: Ըստ իս, դա պատվի հարց է, և այդ գործում ներգրավելու եմ նաև ընկերական շրջապատիս ուժերն ու հնարավորությունները: Համայնքի ղեկավարն այն անձը պետք է լինի, ում վրա վստահորեն կարողանան հենվել բոլոր գյուղացիները…
     Ընկերության մասին խոսելիս Սուրեն Դավթյանը նշեց, որ մարդն ընկերություն անելիս պետք է բարի լինի, կամեցող` ընկերոջ հանդեպ, որպեսզի ընկերությունը հաստատուն լինի: Եթե կա շահ, ապա այդտեղ ընկերության մասին խոսք լինել չի կարող: Այսօր, ցավոք, ընկերությունը շատերը պայմանավորում են փողի հանգամանքով, ինչն անընդունելի է: Ընկերը նեղ օրն է երևում: Առանց ընկեր մարդը ոչ մեկին պետք չէ…
SHARE