Աշխատանք` գումարած սեր և նվիրում

0
76

Երբ արածը գնահատվում և արժանին է մատուցվում` անձնվեր ծառայության ու խրախուսելի վաստակի դիմաց…

Առաջընթաց 

watermarked_Rindi gyuxapet Husik Sahakyan (1)

  Հուսիկ Սահակյանը Ռինդ համայնքը ղեկավարում է 1996 թվականից և առաջիկա ՏԻՄ ընտրությանը կրկին առաջադրել է թեկնածությունը: Հենց այդ առիթով էլ հանդիպեցինք նրան և մեր զրույցն սկսեցինք այն հարցերից, թե ո՞րն է, այսպես ասած, նրա երկարակեցության գաղտնիքը և ինչո՞վ բացատրել, որ այսքան տարիների ընթացքում նրան ընտրարշավներում մրցակիցներ չեն առաջադրվում:

  -Անկեղծ ասած,- նշեց պարոն Սահակյանը,- բարդ հարցերի առաջ եք ինձ կանգնեցնում, որոնց, թերևս, ես չէ, որ պիտի պատասխանեմ: Համենայնդեպս, ինձ էլ է հաճելի, որ այդպես գնահատվում է աշխատանքս, ինչը, հպարտության զգացում առաջացնելով իմ մեջ, միաժամանակ պարտավորեցնող է: Ժողովրդի բարձր վստահությանն արժանանալն ամեն ինչից նախընտրելի ու գնահատելի է, առավել ևս, երբ դա անկեղծ ու անշահախնդիր է, իսկ ընտրական գործընթացները բաց են ու թափանցիկ: Չեմ կարող չհիշել, որ երբ սկսեցի համայնքը ղեկավարել, անգամ սեղան-աթոռ չունեինք, էլ չեմ ասում հարկուտուրքերի հավաքագրման առումով անմխիթար իրավիճակի մասին: Շատ արագ կարողացանք շտկել վիճակը և մարզում առաջին տեղը գրավել արձանագրած ցուցանիշներով` դառնալով լավագույն համայնք: Դրան հաջորդեց նաև հանրապետությունում լավագույն գյուղական համայնք ճանաչվելու բարձր պատվին արժանանալը: Դա, պարզ է, հենց այնպես չտրվեց, համառ ու քրտնաջան աշխատանքի արդյունք էր, ինչն այսօր էլ շարունակվում է և ինչի գնահատականն այսօր էլ կա: Լավ աշխատանքի, մարդկային ճիշտ հարաբերությունները պահպանելու դեպքում ցանկալի գնահատականի անպայման կարժանանաս: Աշխատանքին պիտի գումարվեն նաև մարդկային մոտեցումդ, դիմացինիդ հարգելն ու նրան դժվար պահին մենակ չթողնելը: Ես ֆանատի պես սիրահարված եմ իմ գյուղին, ինչն էլ իմ բոլոր ձեռնարկումների ու գործերի հիմքում է: Այդ սերն ու նվիրումն են ինձ առաջնորդում: Դա, բնականաբար, տեսնում է համագյուղացիդ և ըստ դրա էլ, դրան համարժեք քեզ հարգում ու գնահատում, իր արտահայտած անկեղծ սիրով փոխադարձում:

  -Ընկերականությունը ևս, հավատացած ենք, ոչ քիչ դերակատարում ունի այդ ամենում և իր դրական ազդեցությունն ունենում է, այնպես չէ՞:watermarked_Rindi gyuxapet Husik Sahakyan (2)

  -Ինքնաբերաբար: Ունեմ ընկերական մեծ շրջապատ: Իմ մեջ ընկերական կապը շատ մեծ է, և դժվար է կյանքը պատկերացնել առանց ընկերոջ: Տարօրինակ կհամարեի այն մարդկանց, ովքեր ընկեր կամ ընկերներ չունեն, նրանցից անգամ կարելի է վախենալ ու զգուշանալ: Մենակ ոչինչ չի ստեղծվում: Գյուղում ինչ էլ արվում է, արվում է զուտ ընկերական շրջապատի, ընկերների աջակցությամբ: Ընկերությունը պահպանելու համար հարկավոր են փոխադարձ հարգանք, վստահություն, նվիրվածություն: Այո, պիտի նվիրվես, լավը տեսնես և հենց այդ լավի վրա էլ հիմնվես: Փոքր տարիքից ունեցածս կիսել եմ ընկերոջ հետ, հիմա էլ առանց ընկերոջ սեղան չեմ նստում: Շատ լավ ընկերներ ունեմ` ուսանողական, բանակային և այլ ոլորտներում: Ընկերներս բոլորն էլ միանման են մտածում, երբեք չեն դավաճանի, չեն ուրանա, նրանց հետ կարելի է աշխարհի ծայրն էլ գնալ: Եթե սառը հաշվարկ կա ընկերական  հարաբերություններում, ապա այն չի կայանա. պիտի տրվես` առանց ակնկալիքի:

  -Ունեցած ձեռքբերումներից առավել նշանակալին ու թանկը ո՞րն եք համարում:

 -Ժողովրդի վստահությունն ինձ համար ամենաթանկն ու գնահատելին է: Երբ քեզ գնահատում են, երբ տվյալ ընտրովի աշխատանքումդ քո փոխարեն որևէ ուրիշ մեկի չեն պատկերացնում և նախընտրելին բոլորի համար դու ես, ապա չես կարող քեզ երջանիկ ու գնահատված չզգալ: Սա, իրոք, մեծ ձեռքբերում է: Պիտի գոհանալ, որ քեզ հնարավորություն է ընձեռվում կիսատ գործերն ավարտի հասցնել, ծրագրերն ամբողջությամբ իրագործել: Իսկ որ շատ գործ է արվել իմ ղեկավարման շրջանում, դա ակնհայտ ու տեսանելի է բոլորին: Կառուցվել են ոռոգման ու խմելու ջրագծեր, ճանապարհներ, կոյուղագիծ է անցկացվել և այլն, և այլն: Այս պահին ծրագրի մեջ է մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը, պետք է ավարտի հասցնենք կոյողագծի անցկացումը, գյուղ մտնող ճանապարհահատվածի մի մասում քարաթափման վտանգ կա, որը պետք է վերացնել: Ոռոգման ներքին ցանցի 1,3 կմ ջրագիծը պետք է անցկացվի: Նախորդ տարի իմ նախաձեռնությամբ սկիզբ դրեցինք եկեղեցու  կառուցմանը, և հաջորդ տարի, հուսամ, կավարտենք: Իմ անձնական ներդրումն եմ ունեցել այդ գործում` հազար դոլար: Արդեն մոտ 15 մլն դրամի գործ ենք կատարել: Հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը նշում ենք գյուղի տոնը: Վարչապետին խնդրել եմ աղբատար մեքենա տրամադրել գյուղին, ինչի դեպքում հնարավորություն կունենանք  սպասարկելու հարևան ևս 4 գյուղի: Այս տարի փոխել ենք խմելու ջրի ներքին ցանցի կեսը, մնացածը կանենք հաջորդ տարի: Ներդրողների հետ եմ աշխատում, վարչապետի հետ լավ հարաբերություններ ունեմ: Պիտի ասեմ, որ նա էլ մեր գյուղի հանդեպ է շատ լավ տրամադրված: Մի խոսքով, հնարավորն ու անհնարինն արվում է, որպեսզի գյուղի համար մի լավ բան, մի գործ արվի: Խստապահանջ եմ իմ աշխատակազմի նկատմամբ, ամենամեծ պահանջս այն է, որ գյուղացուն միշտ ականջալուր լինեն, օգնեն ու ընդառաջեն: Ղեկավարը, իր գործի գիտակը լինելով հանդերձ, պիտի նվիրված, մաքուր աշխատի, բաց ու թափանցիկ: Սեփական պտղատու այգիներ ունեմ, որտեղից ստացված եկամտից բաժին եմ հանում նաև համայնքի խնդիրների բավարարման նպատակին: Ճիշտ է, ռինդեցին շատ բարի է, աշխատասեր, հյուրասեր, բայց ես էլ իմ հերթին արել եմ ամեն ինչ, որպեսզի համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ լինի: Մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում եմ հայրենասիրությունը, ոչ պակաս կարևոր են նաև պարզությունը, անկեղծությունը, շիտակությունը, նվիրվածությունը, որոնք շատ կարևոր են, որպեսզի մարդը ընդունելի չափանիշների մեջ մնա: Մենք մատաղ սերնդին պիտի հայրենասիրության ոգով դաստիարակենք, չհանդուրժենք մեր շրջապատում անտարբեր մարդկանց: Ինչ վերաբերում է ընկերությանը, ապա մեկ անգամ էլ ասեմ, որ ընկերությունը պիտի կարողանալ պահել-պահպանել, ինչը մեծ շնորհ է և, ցավոք, ոչ բոլորին տրված: Ուրախալի է, որ նման անվանմամբ թերթ գոյություն ունի, որը ընկերասիրության հետ մեկտեղ հայրենասիրություն է քարոզում…

   Ռինդի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, հաշվապահ Մանվել Գրիգորյանը նշեց, որ Հուսիկ Սահակյանի ղեկավարման օրոք շատ մեծ առաջընթաց է ապրել գյուղը: Ոռոգման ջրագծի կառուցման շնորհիվ Ռինդն սկսեց շենանալ: 2010-ին խմելու ջրի ջրագիծ անցկացվեց /7-8 կմ/, իսկ նախորդ տարի խմելու ջրի երկրորդ ջրագիծն անցկացվեց /9,8 կմ/: Միջպետական ճանապարհից /Չիվայից Ռինդ/ եկող 2,3 կմ ճանապարհահատված ասֆալտապատվեց: Նախագիծ է կազմվել, որ մնացած 2,2 կմ-ն ասֆալտապատվի եկող գարնանը: Խմելու ջրի ներքին ցանցի 2,6 կմ ջրագիծ է փոխվել: Ռինդը 2013-ին հանրապետության լավագույն գյուղական համայնք է ճանաչվել: Գյուղապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալին է արժանացել: Ամեն տարի, Արենի գինու փառատոնի շրջանակում, գյուղում տնական գինու համտես մրցույթ է կազմակերպվում: Համայնքի ղեկավարն իր միջոցներով արոտավայրերում խմոցներ է տեղադրել: 14 հեկտարի վրա ցորեն ցանվեց և ստացված բերքն անվճար բաժանվեց գյուղացիներին: Սոցիալապես անապահով ընտանիքները մշտապես աջակցություն են ստանում: Պարոն Սահակյանը, Մանվել Գրիգորյանի խոսքերով, շատ լավ է աշխատում, շատ սրտանց ու նվիրված. <<Նրա օրոք գյուղը միմիայն շենացել ու առաջ է գնացել: Այսօր էլ այդ զարգացումը շարունակվում է: Ամեն ինչ անում է` հանուն գյուղի բարօրության: Շատ մեծ շրջապատ ու հարգանք ունի, ղեկավարման մեծ փորձ, բանիմաց է: Շատ ընկերասեր է, հարգանքով, հյուրասեր, ժպիտը դեմքից անպակաս է: Աշխատանքում` հետևողական ու խստապահանջ: Գյուղացու կողքին է մշտապես: Մտահոգ է նաև նրա աճեցրած բերքի հաջող իրացման խնդրով: Սահակյանի ջանքերի շնորհիվ <<Արմենիա վայնը>> ամբողջ մեր արտադրած խաղողն ընդունում է: Պայմանավորվեց <<Սպայկա>> ընկերության հետ, և այս տարի մեր ուզած գնով եկան դեղձը հավաքեցին տարան…>>: