Աշխատանք, եռանդ, նախաձեռնում…

0
13

Ձգտում

    <<2005-ից եմ ղեկավարում համայնքը,-ասաց Արագածոտնի մարզի Շենավան համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը:-Այս տարիների ընթացքում իրականացված աշխատանքներից կարևորագույնը խմելու ջրի խնդրի լուծումն եմ համարում: <<Վերջին օրերի սրբեր>> կազմակերպության հետ համատեղ 3,5 կմ երկարությամբ ներքին ցանց ենք փոխել: Ծրագրել ենք նույնքան էլ եկող տարի անել: Դրանով գրեթե խմելու ջրի ներքին ցանցի 80 տոկոսը վերակառուցած կլինենք: Համայնքի բյուջեի 25 մլն դրամ ներդրումով մշակույթի տան տանիքն ենք վերանորոգել: Ճիշտ է, բավականին թանկ նստեց դա մեզ վրա, բայց գիտենք, որ մի լավ կառույց փրկեցինք հետագա քայքայումից: Մշակույթի տան հիմնանորոգման համար դիմել ենք իրավասու մի շարք կառույցների, ինչպես նաև մեր պատգամավոր Վրեժ Մարկոսյանին, ով խոստացել է օգնել: Դպրոցի վերանորոգման խնդիրը ևս առաջնահերթ ու կարևոր է: Մինչև չվերանորոգվի, ջեռուցման խնդիրն էլ չի լուծվի: Հուսով ենք, որ Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով հնարավոր կլինի դա անել: 2010-ին 4 կմ գազաֆիկացման գիծ ենք անցկացրել, իսկ այս տարի 9 կմ գազաֆիկացման ծրագիր ունենք: Համայնքը շուրջ 22 մլն դրամի ներդրում է արել այդ նպատակով: Մոտ 80 տոկոսով կլուծվի բնակչության գազաֆիկացման խնդիրը: Եկեղեցու կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, աշխատանքները ֆինանսավորելու է կանադահայ բարերար: Ամեն տարի ճանապարհների խճապատման աշխատանքներ են կատարվում: Ոռոգման ջրի խնդիր ունենք: Ծրագրով նախատեսվում է հաջորդ տարի վերանորոգել պոմպակայանը և Ապարանի ջրամբարից գյուղ եկող մայր խողովակաշարը: Ոռոգման ներքին համակարգում պետք է 2 կմ կիսախողովակներ անցկացնենք` կորուստները կրճատելու նպատակով: Դրանով որոշակիորեն կմեղմվի տվյալ խնդիրը: Խմելու ջուրն ինքնահոս է` Արագած սարից է գալիս: Ապահովում ենք 8-10-ժամյա ջրամատակարարում: Պահանջվող բոլոր միջոցառումները կիրառում ենք, որպեսզի որակյալ ջուր ունենանք: Մեզանում մշակութային կյանքն է մի քիչ կաղում` պայմանավորված մշակույթի տան անբարեկարգ վիճակով: Խնդրի լուծումից /վերանորոգում/ հետո հնարավորություն կունենանք մշակութային բնականոն կյանք ապահովել…>>:

    Գյուղն ունի 180 տարվա պատմություն: Նախկին Բլխերը 1955-ին են անվանակոչել Շենավան: Այն հայտնի է եղել իր աճեցրած կարտոֆիլով: Ժամանակին հարուստ կոլտնտեսություն է ունեցել: Աշխատասիրության շնորհիվ լավ տուն ու տեղ են դրել, գյուղն իրոք շեն բնակավայր, ավան դարձրել: Կարտոֆիլից հետո անցել են կաղամբի մշակության` հայտնի դառնալով գրեթե ողջ Խորհրդային Միության տարածքում: Վերջին տասնամյակներում Շենավանը զիջել է դիրքերը, ինչը հուսով են վերականգնել` ապավինելով իրենց աշխատասիրությանն ու եռանդին: Համախմբված, միասնական ու հարգալից են շենավանցիները: Ոմանք ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում` էլի հանուն հայրենական օջախի շենացման…
   Մեր զրույցում խոսք գնաց նաև ընկերության մասին: Աշոտ Ղազարյանի համար ընկերությունը վեհ գաղափար է. <<Երբ երեխան սկսում է խոսել, անպայման խաղընկեր է փնտրում, հետո`դասընկեր, պատանեկան ընկեր և այլն: Դրանք ժամանակաշրջաններ են, կյանքի փուլեր, որ մարդը պիտի անցնի: Մարդը փնտրում է իր նմանին` մտածելակերպով ու ամեն ինչով, դրանով ձևավորում իր ընկերական շրջապատը: Ամեն ժամանակաշրջանում ընկերականության գաղափարը հասունանում է քո մեջ և սկսում ես իսկական ընկեր փնտրել: Ունեմ ընկերական մեծ շրջապատ: Շատ բաներ անտեսում եմ, որպեսզի չկորցնեմ ընկերներիս: Հասուն տարիքում ընկերության չափորոշիչները այլ հարթակի վրա են: Արդեն ընտանիքներով ես ընկերություն անում: Գտնում ես այն ընկերոջը, ում հետ ընտանիքով կարող ես շփվել: Մոդա է դարձել քավոր-սանիկություն անելը: Աշխատում եմ ընկերության վրա մի երկրորդ բան չավելացնել, մնանք միայն ընկեր: Ընկերոջ համ ու հոտն ուրիշ է: Ընկերների հետ ամեն ինչ կարելի է անել: Նրա հետ կարող ես կիսվել: Ասել այն, ինչ հարազատիդ չես կարող ասել: Ընկերոջդ կարող ես դիմել պարզ, շիտակ, վստահել նրան: Ցավել նրա համար: Ուրախանալ ընկերոջ հաջողություններով: Ինձ համար սա է ընկերությունը: Ճիշտ կյանքը ճիշտ ընկերության վրա է հիմնված…>>:
         Մանկության ընկերոջ` Զոհրապ Աթեյանի հետ միասին են աշխատում` իր տեղակալն է: Աշխատանքը` աշխատանք, ընկերությունը` ընկերություն: Ընկերոջ հետ, ինչ խոսք, այնքան էլ հեշտ չէ աշխատելը, բայց տարիքն իր դրական դերը խաղում է, եղած էմոցիաները կարելի է զսպել, չկորցնել հավասարակշռությունը: Իմաստնությունը կարող է փրկել ընկերությունը: 
   Աշոտ Ղազարյանի կարծիքով, իր կինը չի կարող իրեն ընկեր լինել: Կինն ամենահավատարիմ էակը պիտի լինի, քանզի նաև երեխաներիդ մայրն է: Այստեղ ավելի սերտ ու մտերիմ բան կա, ավելին, քան ընկերության պարագայում: Ամուսինները դառնում են իրար լրացնող, փոխկապակցված են: Ֆիզիկայում դիֆուզիայի գաղափար կա, երբ մարմինները երկար կիպ հպված մնալուց սեղմվում են իրար և որոշ հատվածով դառնում մի մարմին… Առհասարակ, մենակ մարդը ոչնչի պիտանի չէ: Ընկեր բառն էլ, Ա. Ղազարյանի խոսքով, պետք չէ անընդհատ օգտագործել, էժանացնել, ում հետ շփվես, ասես` ընկերս է: Ընկերությունը կորիզի պես պիտի լինի` ամուր, միասնական…
SHARE