Աշխատանք` համայնքի համար

0
29

Այլ ոչ թե ընտրության կամ մարդկանց այդ պահին հաճոյանալու նպատակով

Կյանքի բանաձև

Վերին Գետաշեն /Գեղարքունիքի մարզ/ համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանն առաջադրել է թեկնածությունը: <<Ընկեր>>-ի այն հարցադրմանը, թե Ձեր ղեկավարման 20 տարիների ընթացքում բավականին աշխատանք եք կատարել, և այսօր ի՞նչ կիսատ գործեր են մնացել, որոնք ավարտի հասցնելու նպատակով կրկին վերընտրվելու ցանկություն եք հայտնել, պարոն Ղուկասյանը պատասխանեց.

-20 տարի ես աշխատել եմ շարունակական, այլ ոչ թե ընտրության համար, ընտրությունից առաջ կամ հետո: Իմ աշխատանքն եմ կատարել, ինչ պետք էր համայնքի համար, դա եմ արել, առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ եմ նպատակաուղղել ջանքերս: Այդ աշխատանքները երբեք կապ չեն ունեցել նախընտրական արշավի կամ, առհասարակ, ընտրական գործընթացների հետ: Նույնը` նաև հիմա: Արդեն 6 անգամ ընտրվել եմ: Այս անգամ թեկնածուները մի փոքր շատ են` 4-ը: Ինձ համար, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Իմ գյուղացիներն են, դա նրանց իրավունքն է` եթե ցանկանում են, թող մասնակցեն: Միգուցե, կայանալու խնդիր ունեն, միգուցե, փորձում են… Որոշողը ժողովուրդն է: Անկախ ամեն ինչից, ես շնորհակալ եմ իմ ժողովրդից, որ այսքան անգամ ինձ վստահել է, շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեց ինձ` մնալու համայնքի պատմության մեջ: Հպարտ եմ, որ ինձ հիշելու են լավ, դրական առումով. հակառակ պարագայում ինձ 6 անգամ չէին ընտրի: Ժողովուրդը մարդու ամենալավ ինդիկատորն է: Գիտեմ` այս անգամ էլ եմ ընտրվելու, քանզի արած-դրածիս չափն ու կշիռը լավ եմ հասկանում: Այո՛, նաև քննադատություններ պետք է լինեն և այլն:

-Արված գործերից խոսենք:

-Վերջին շրջանում մի գերեզմանատան ճանապարհն ենք ասֆալտապատել համայնքային բյուջեով, մշակույթի տան հրապարակն ենք պարսպապատել, կանաչապատել, որտեղ և զոհվածներին նվիրված հուշարձանն է, մեծահասակների համար զրուցարան կա, խաղահրապարակ ենք ստեղծել: Այսօր ԻՖԱԴ-ի ծրագրով 830 մլն դրամի աշխատանք է սկսվել խմելու ջրի բարելավման նպատակով: Շատ մեծ աշխատանք է` համալիր ծրագրով: Նախորդ տարի երկու գլխավոր ճանապարհներն  ասֆալտապատեցինք, և այսօր արդեն ասֆալտապատումը հասնում է մոտ 70 տոկոսի: Նշածս ծրագրի համար համայնքային բյուջեից ներդրվել է 14 մլն 300 հազար դրամ և դեռ էլի ներդրվելու է: Այն, անկախ ընտրությունների արդյունքներից, հաջորդ տարի հաջողությամբ ավարտվելու է:

-Նախընտրական մթնոլորտն ինչպիսի՞ն է:

-Մթնոլորտը ընտրությունների շեմին խաղաղ է, և իմ պարտքն է այնպես անել, որ այդպես խաղաղ էլ շարունակվի: Միշտ էլ թեկնածուներ եղել են, բայց և ընտրության հաջորդ օրը միմյանց ձեռք ենք սեղմել, շնորհավորել: Ոչ մի թշնամություն չպետք է լինի, պիտի առողջ պայքար ծավալվի:

-Շարունակենք խոսել գործերից…

-Այս 20 տարվա ընթացքում լուծվել է խմելու ջրի խնդիրը: 1996-ին գյուղում մոտ 10 ջրաղբյուր կար, դույլերով էինք տեղափոխում ջուրը: Հիմա արդեն` 24-ժամյա ջրամատակարարում, ժամանակակից սանհանգույց, բնական գազ, նորմալ ճանապարհներ և այլն: Ամենամեծ նվաճումը հենց խմելու ջրի խնդրի լուծումն եմ համարում: Ոռոգման ջրի խնդիր ևս չունենք: Ժամանակի ընթացքում այստեղ ևս աշխատանք կատարվեց, և այսօր ոռոգման մեծ համակարգ ունենք: Քայքայված մշակույթի տունն այսօր լավ վիճակում է: Ունենք մարզական խմբակներ /ծանրամարտ, բազկամարտ, կարատե/, թենիսի, բիլիարդի և մեծահասակների զբաղմունքի սենյակներ, կահավորված դահլիճ: Մեր <<Ալաշկերտ>> երգի-պարի խումբը բազմաթիվ մրցանակների է արժանացել: Մանկապարտեզ 100 երեխա է հաճախում: Մենք այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք բնակչի համար, որ չթողնի գյուղը և քաղաք գնա: Հողային տարածքն եմ ավելացրել` կառավարության որոշմամբ այն 3 հազարից հասցնելով 8 հազարի: Գյուղատնտեսության զարգացման ԾԻԳ-ով ջրարբիացման կետեր ենք ստեղծել: 100 մլն դրամի գյուղտեխնիկա ենք ձեռք բերել: Կառուցում ենք անասնապահի տնակ և փարախ, շուտով կավարտենք: Այս ամենն արվում է, որպեսզի գյուղացու զբաղվածության խնդիրը հնարավորինս լուծվի, չնայած իներցիայի ուժով էլի մարդիկ շարունակում են արտերկիր, արտագնա աշխատանքի մեկնել: Այն դեպքում, երբ այսօր մեխանիզատոր, գյուղտեխնիկան աշխատեցնող չունենք և ստիպված դրսից ենք բերում: Թեև անասնագլխաքանակն ավելացել է, բայց դա ինձ դեռ չի գոհացնում. այնքան պիտի ավելանա, որպեսզի հողատարածքներն առավելագույնս օգտագործվեն: Այս տարի խոտի բարձր բերք կար, բայց, ցավոք, դրա կեսը մնում է, հավաքող չկա:

-20 տարի հետ գնալով, ի՞նչ զգացումներ եք ունենում:

-Եթե հնար լիներ հայտնվել այդ ժամանակներում, ապա կապրեի նույն կերպ, ինչպես ապրել եմ: Կանեի նույնը, կապրեի գյուղում: Մարդուն կյանքը տրվում է մեկ անգամ, և այդ ժամանակը նա պետք է ճիշտ օգտագործի, և ես գտնում եմ, որ ինձ տրված ժամանակը ճիշտ եմ տնօրինել: Ընդհանրապես, ապրածս կյանքը ճիշտ եմ համարում, ոչնչի համար չեմ զղջում: Վահան Տերյանին հիշեմ.

Արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս,-

Չարածներիդ համար պիտի ասես ափսո՜ս, հազա՜ր ափսոս…

Երանի այն մարդուն, ով, բացի իր ընտանիքից, ուրիշի համար ևս ինչ-որ բան է անում: Մարդիկ պետք է ճիշտ ապրեն, ժամանակը ճիշտ գնահատեն, չարություններ չանեն: Իրենց ժառանգներին երբեք վատ զգալու կամ ամաչելու առիթ չտան…

SHARE