Աշխատանք և նվիրում

0
25

Ընտրողին առաջնորդողն այս կարևոր առաջնահերթություններն են…


Բնակավայր


      Սահակ Հարությունյանը Կոտայքի մարզի Կոտայք համայնքը ղեկավարում է 2006 թվականից: Այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել: Մասնավորապես, գյուղապետարանի շենքն է ամբողջությամբ հիմնանորոգվել` ներառյալ ներքին հարդարանքը: Մշակույթի տան տանիքն է մասնակի փոխվել, վերանորոգվել են դահլիճը, առանձին սենյակներ: Այդ հատվածում գործում է պարի անսամբլը:
  -Ամենածանր աշխատանքը,-ասաց պարոն Հարությունյանը,-գյուղապետարանի շենքի հիմնանորոգումն էր: Նորացրեցինք դռներն ու պատուհանները, նորոգեցինք սանհանգույցը, առանձին ջեռուցում անցկացրեցինք: Հիմնանորոգեցինք նաև բուժամբուլատորիայի շենքը, նորացրեցինք դռներն ու պատուհանները, ջեռուցում անցկացրեցինք և այլն: Գյուղապետարանի շենքում համակարգչային սենյակ ենք բացել` անհրաժեշտ գույք-հանդերձանքով: Գիշերային լուսավորության նոր ցանց ենք անցկացրել կենտրոնական փողոցում /մոտ 2 կմ/: Վերին թաղամասերում կոյուղու համակարգ ենք կառուցել: Ջրահեռացման նոր գծեր անցկացնելուց հետո փողոցներում անցուդարձը կանոնակարգվել է: Մի քանի անգամ սելավատարն ենք մաքրել: Դպրոցին ենք օգնել` գույք ձեռք բերել, դասասենյակներ վերանորոգել և այլն: Խաղահրապարակ ենք կառուցել: Գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին /1832 թ. կառույց/, որ խոնարհվել էր ու քանդման եզրին հայտնվել, մեր համագյուղացի բարերար Վարդան Հարությունյանի տրամադրած միջոցներով հիմնանորոգել ենք, համապատասխան գույքով ապահովել: Եկեղեցին այսօր գործում է: Համայնքապետարանն էլ իր հերթին է մասնակցել բարեկարգման աշխատանքներին, մեր միջոցներով ասֆալտապատել ենք նրա հարակից տարածքը: Թվարկածս աշխատանքները հիմնականում մեր միջոցներով ենք իրականացրել: Միայն որոշ աշխատանքներում է որոշակի աջակցություն ցուցաբերել ամերիկյան բարեգործական կազմակերպությունը: Վերջինս օգնել է նաև երկու կանգառների կառուցման գործում… Մեր մանկապարտեզը Սոս մանկական գյուղում է, գործում է: Պայմանավորվածություն ունենք կոմունալ ծախսերը փոխհատուցելու մեր միջոցներով: Ճանապարհներն ամեն տարի բարեկարգում ենք, վերանորոգում: Ոռոգման սեզոնին ջրի խնդիր ենք ունենում` չի բավարարում: Խմելու ջրի խնդիր չունենք` ջրամատակարարումը շուրջօրյա է: Համայնքը գազաֆիկացված է…

    Խոսելով ընկերության մասին, առանձնակի հիացմունք ապրեց Սահակ Հարությունյանը` այդ կերպ, թերևս, վկայելով, թե ինչպիսի ընկեր է ինքը;

   -Ընկերությունը,-ընդգծեց նա,-թեկուզ ֆինանսապես չկարողանա օգնել, պիտի անպայման կողքիդ կանգնած լինի: Դրանից մարդը ոգևորվում է, ուժ է ստանում: Մարդը, որ արժանանում է ընկեր կոչվելուն, առաջին հերթին պիտի ազնիվ լինի, աշխատասեր, մարդկային: Ընկերներս մշտապես իմ կողքին են, ինչը փոխադարձ է: Համայնքի զարգացման գործում ոչ այնքան ֆինանսապես, որքան բարոյապես են ինձ աջակցել ու թևութիկունք եղել: Ընկերությունս մեծ լումա ունի իմ ձեռքբերումներում: Մեր տարածաշրջանի համայնքների բոլոր  ղեկավարների հետ էլ ընկերական փոխհարաբերություններ կան: Գտնում եմ, որ համայնքի ղեկավարն իր աշխատանքում պետք է պարտաճանաչ լինի: Նույնը, բնականաբար, կարող ես պահանջել քո աշխատակազմից: Գյուղացին չպետք է երբևէ չբավարարված ու դժգոհ հեռանա գյուղապետարանից… 
    Անդրադառնալով սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը, պարոն Հարությունյանը նշեց, որ համայնքի ավագանու կազմում նոր մարդիկ են ընդգրկվելու, երիտասարդ ուժեր: Ավագանու 7 անդամի համար առաջադրվել է 8 թեկնածու: Գյուղապետի խոսքերով, ավագանու գործունեությունը Կոտայք համայնքում բարձր արդյունավետությամբ է աչքի ընկնում: Բոլոր հարցերի քննարկումներն այստեղ ակտիվ են անցնում, ինչից միմիայն շահում է համայնքը: Ավագանու հին անդամներից Աղասի Սաղաթելյանը, Գարիկ Մկրտչյանը և Կարեն Մնացականյանը կրկին առաջադրել են իրենց թեկնածությունները: Իրոք, արժանի են վերընտրվելու, քանզի իրենց շրջապատում հարգված մարդիկ են, սիրված բնակչության կողմից: Իրենց աշխատանքով, նվիրվածությամբ հեղինակություն են վայելում, ուստի կասկած չկա, որ կոտայքցիներն իրենց վստահությունը դարձյալ կարտահայտեն նրանց նկատմամբ…

SHARE