Աշխատատեղեր` երիտասարդների համար

0
12
Անապահով ընտանիքներն առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում


Գյուղ

     Արարատի մարզի 1675 բնակչությամբ Դիմիտրով գյուղը Արման Իոնանովը ղեկավարում է 2008 թվականից: Այս տարիների ընթացքում, հավատարիմ մնալով խոստմանը, նրա ջանքերով շատ աշխատանքներ են կատարվել: Ստեղծվել են աշխատատեղեր, ինչը դիմիտրովցիների կողմից մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ է  ընդունվել: Հատկապես երիտասարդների շրջանում է այն գոհունակություն առաջացրել, եթե նկատի ունենանք, որ նրանց շրջանում ավելի սրությամբ է զգացվում զբաղվածության խնդիրը: Հացի արտադրություն է հիմնվել, և շատ երիտասարդներ են ներգրավվել այդտեղ: Այս առումով բավականին նշանակալի է գյուղապետի ներդրումը, որ մարդկանց համար աշխատելու, ապրուստի միջոց ունենալու հնարավորություն է ստեղծել: Արտադրությունում ներգավվել են առաջին հերթին ամենակարիքավորները, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ: 

   Դրանով հանդերձ, մշակույթի տան վարիչ Խաչանուշ Միրզոյանի խոսքերով, համայնքի ղեկավարը շատ անապահով ընտանիքների է դրամական օգնություն ցուցաբերում: Ինչ հարցով էլ դիմեն բնակիչները, պատրաստակամ է օգնություն ցուցաբերելու, անգամ այն խնդիրներում, որոնց լուծումն իր իրավասության սահմաններից ու հնարավորություններից վեր է: Կօգտագործի անձնական կապերն ու ընկերական լծակները, որպեսզի մարդիկ բավարարված ու գոհ հեռանան համայնքապետարանից: Բոլորն էլ անխտիր նրա ուշադրության կենտրոնում են: Հատկապես` մանկապարտեզի, դպրոցի մանկավարժական կոլեկտիվները: Բոլոր տոնակատարությունների առթիվ նվերների, հատուկ վերաբերմունքի են արժանանում: Մասնավորապես, կանանց միամսյակի կապակցությամբ, առիթն օգտագործելով, թերթի միջոցով գյուղապետի ու գյուղապետարանի աշխատակազմի կողմից ջերմագին շնորհավորանք հղվեց վաստակաշատ մանկավարժներ Հասմիկ Մնացականյանին, Գայանե Հովհաննիսյանին, Մարինե Ուռումյանին, Նելլի Համբարձումյանին, Անժելա Մելիքյանին և մնացած բոլոր ուսուցչուհիներին` նորանոր հաջողություններ մաղթելով նրանց մատաղ սերնդի դաստիարակության վեհ ու պատվաբեր գործում: 
    Գյուղապետարանի աշխատակիցները միահամուռ նշեցին, որ իրենց համայնքի ղեկավարը, շատ խելացի, համեստ, կամեցող ու վերին աստիճանի բարյացակամ անձնավորություն լինելով, մեծ հարգանքի է արժանի: Հարգված է ոչ միայն գյուղում, այլև մարզում, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Մարդկային բարձր արժանիքների շնորհիվ շատ մեծ ընկերական շրջապատ ունի: Անձնական միջոցները չի խնայում ինչպես մարդկանց օգտակար լինելու, այնպես էլ գյուղում խնդիրների լուծմանը նպաստելու համար: Իսկ կատարված աշխատանքները, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Թագուհի Արշակյանի տեղեկացմամբ, բազմաթիվ են: Առաջնահերթ կարգավորվել է գիշերային լուսավորության խնդիրը: Վերանորոգվել է գյուղապետարանի անմխիթար վիճակում գտնվող շենքը: ԾԻԳ-ի կողմից և համայնքի համատեղ ներդրմամբ վերանորոգվել է մանկապարտեզի մի մասնաշենքը, համալրվել գույքով: Մանկապարտեզը տիպային է, նախատեսված 90 երեխայի համար, սակայն համապատասխան միջոցների բացակայության պատճառով նրա միայն մի մասն է գործում /1 խումբ, 30 երեխա/: Միջոցներ ունենալու դեպքում կարող է 2 խումբ գործել: Մանկապարտեզի տնօրեն Կարինե Աբրահամյանը, կազմակերպչական մեծ ջիղ ունենալով, բոլոր աշխատանքները բարձր մակարդակով է ղեկավարում: Հատուկ ուշադրություն է դարձվում մասնագետ կադրերի պատրաստվածության ապահովմանը: Վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցնում մանկավարժ-դաստիարակները: Խճապատվում են գյուղի ճանապարհները, խմելու ջրի 3 կմ հատված է փոխվել, ցայտաղբյուրներ են տեղադրվել և այլն: Նախկինում սակավաջուր ընտանիքները ներկայումս բավարար ջուր ունեն: Ոռոգման համակարգում ևս համապատասխան աշխատանքներ են կատարվել: 
    Այդուհանդերձ, կատարվածի կողքին դեռևս շատ են իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը: Պետք է լուծվեն գյուղապետարանի ջեռուցման, կենտրոնական փողոցի ասֆալտապատման խնդիրները: Մանկապարտեզի ամբողջական վերանորոգման խնդիրը ևս առաջնահերթ կարևորություն ունի: Նախատեսվում է առաջիկայում խմելու ջրի ողջ համակարգը նորոգել` նոր ջրագծեր անցկացնելով: Այս ամենի իրականացման համար, ինչ խոսք, ֆինանսական միջոցներ և ժամանակ է անհրաժեշտ…
SHARE