Աշխատենք` արարելու ոգով ներշնչված

0
25

Հաստատակամություն
  Նորիկ Գևորգյանը Կոտայքի մարզի Զովքի համայնքապետ է ընտրվել 2012 թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններին: Մեծ է ցանկությունը` բարեփոխումներ անցկացնել գյուղում և առկա հիմնախնդիրներին բարեհաջող լուծում տալ: 
  -Մինչև համայնքի ղեկավար ընտրվելը,- ասաց նա,- աշխատել եմ գյուղապետարանի հաշվապահ: Բնականաբար, իրավիճակն ինձ քաջածանոթ էր և դժվարություն, ըստ էության, չունեի: Մնում էր համախմբել բնակչության ջանքերը և անցնել գործի: Գյուղում խնդիրները շատ են, և այդ մասին տեղյակ են նաև կառավարության համապատասխան օղակներում: Համայնքի պահուստային հողերից մեծ տարածք ժամանակին /2005 թ./ անջատվել և միացվել է Կամարիս գյուղին: Դա մեզ մեծ խնդիրների առաջ է կանգնեցրել: Մեր բնակչությունը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում, և ահա այդ տարածքների կորուստը բացասաբար է անդրադարձել տվյալ ոլորտի զարգացման վրա: Ստիպված կգնանք անասնագլխաքանակի նվազեցման, ինչը նշանակում է ապրուստի պայմանների վատթարացում: Այս խնդրով դիմելու ենք կառավարություն, որովհետև նրա որոշմամբ է տվյալ հողատարածքը հանձնվել հարևան համայնքին: Հուսով ենք, կառավարությունը կվերանայի իր որոշումը և կբավարարի մեր արդարացի պահանջը: Հաջորդ խնդիրը կապված է դպրոցի շենքի վերանորոգման հետ: Անձրևաջրերը ներս են հոսում, մարզադահլիճի մանրահատակը վտանգի տակ է, պատուհանները պետք է փոխվեն, որպեսզի ջեռուցումն արդյունք տա: Մանկապարտեզը, որ անկախության տարիներից չի գործում, հիմնանորոգման խնդիր ունի: Համայնքի բյուջեն թույլ չի տալիս դա մեր միջոցներով իրագործել: Շենքը քայքայվել է, վթարային վիճակում է այսօր: Մշակույթի տուն չունենք: 2008-ին պետբյուջեի միջոցներով սկսվեց դրա կառուցումը, հողային աշխատանքներն արվեցին, հիմքը պատրաստ է, սակայն ճգնաժամի պատճառով շինարարության հետագա իրականացումը ձգձգվում է: Դրա կառուցումով միաժամանակ կլուծվեր նաև մարզակյանքի աշխուժացման խնդիրը: Մի խոսքով, այն դրականորեն կանդրադառնար համայնքի մարզամշակութային, երիտասարդության զբաղվածության, երեխաների գեղագիտական դաստիարակության աշխատանքների բարելավման վրա: Հուսանք և համբերատար սպասենք այդ օրվան: Այո, այս և մի շարք այլ հարցեր, ցավոք, համայնքի հնարավորություններից վեր են, ուստի ստիպված ենք դիմել մարզպետարանի, կառավարության օգնությանը: Այս ընթացքում մաքրել, կարգի ենք բերել գյուղամիջի ջրատար առուները: Ծառատունկ ենք կատարել երիտասարդության ուժերով ու նախաձեռնությամբ: Խմելու ջրի ջրագծերի վերանորոգում ենք իրականացրել: Անմխիթար վիճակում էր տվյալ համակարգը, քայքայված վիճակում, ջրաքանակի մեծ կորուստներով: Անելիք շատ ունենք: Ճանապարհների վիճակը լավ չէ: Հատկապես գարնան ձնհալի, անձրևների շրջանում է զգացվում դրանց անմխիթար վիճակը: Եթե չկարողանանք ասֆալտապատում իրականացնել, ապա գոնե պիտի խճապատենք: Թեև անջրդի են մեր հիմնական հողատարածքները, այնուամենայնիվ, մշակում ենք, հողը պարապ չենք կարող թողնել: Մեր գյուղացին շատ աշխատասեր է և, անկախ եկամտի չափից, միևնույն է, մշակում է ունեցած հողը…

   Համայնքի ղեկավարը վստահաբար նշեց, որ ընկերները կկանգնեն իր կողքին` լուծում տալու գյուղին հուզող մեծ ու փոքր խնդիրներին: Հուսով է, որ մարզպետարանը նույնպես կօգնի: Կօգնի նաև Գագիկ Ծառուկյանը, ում ևս դիմել են: Գյուղացիների մեծամասնությունը ԲՀԿ-ին է անդամագրված: Ընդհանրապես, համայնքապետի խոսքերով, պարոն Ծառուկյանը Աբովյանի տարածաշրջանի բոլոր գյուղերին է օգնել ու շարունակում է օգնել.
   -Դե, իհարկե, մենք մեզանով չենք կարող բոլոր հարցերի պատասխանները տալ, պիտի ապավինենք շրջապատի, ընկերների ու բարեկամների աջակցությանը: Ես էլ ԲՀԿ անդամ եմ: Ընկերությունը մեծ դերակատարում ունի, գրեթե բոլոր ձեռնարկումներում զգացվում է ընկերների թե՛ նյութական և թե՛ բարոյական օգնությունը: Չլիներ այս ամենը, հավանաբար, գյուղապետ ընտրվելուս հավանականությունը չլիներ, չցանկանայի նման ծանր բեռի տակ մտնել…
  Մեր զրույցի ավարտին պարոն Գևորգյանը հույս հայտնեց, որ գնալով երկրի վիճակը կլավանա, լավ հնարավորություններ կստեղծվեն մեր ժողովրդի կենսագործունեության համար: Մենք արժանի ենք ավել լավ կյանքով ապրելու, արարելու և շենացնելու հայրենի երկիրն ու պետությունը: Պետությունն անպայմանորեն պետք է հենվի գյուղացու վրա, որովհետև երկրի հիմքը գյուղն է, հողը: Գյուղացուն ուղղակիորեն պիտի օգնել ու աջակցել, ոգևորել, նեցուկ դառնալ նրան: Պիտի աշխատենք, որովհետև դրանում է մեր փրկությունը…
SHARE