Ապրելու, արարելու նվազագույն պայմաններ

0
12
Օրախնդիր
Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքը Միքայել Բաղդասարյանը ղեկավարում է 2012 թ. դեկտեմբերից: Այս կարճ ժամանակում հասցրել են փոխել խմելու ջրի 2 ջրագիծ: Առանձին, մասնակի աշխատանքներ ևս կատարվել են` հողալցումներ, ջրատար առուների մաքրում և այլն: Մանկապարտեզ ունեն, գործում է: Գյուղապետարանի շենքի տանիքը վերանորոգելու անհրաժեշտություն կա, ինչի համար համապատասխան գումար է ձեռք բերվել, և հոկտեմբերին կսկսվեն աշխատանքները: Նախատեսված է մինչև 2015 թ. գիշերային լուսավորություն անցկացնել: Այդ նպատակով կօգտագործվեն ինչպես համայնքի բյուջեից հատկացվելիք, այնպես էլ դրսում ապրող վերնաշենցիների կողմից ներդրվելիք դրամական միջոցները: 
-Եթե գյուղապետ ես,- ասաց պարոն Բաղդասարյանը,- ապա, բնականաբար, ընկերական լայն շրջապատ ունես, առանց որի գրեթե անհնար է այսօր, ինչպես ասում են, սայլը տեղից շարժել: Եթե չլինի նաև համայնքի միասնությունը, ապա որևէ  հաջողության մասին խոսք լինել չի կարող: Առանց համախմբվածության, առանց փոխըմբռնման, վստահության ու հավատի համայնքում պառակտումն անխուսափելի է: Կարգ ու կանոնը պարտադիր են: Բնակիչը պետք է համոզված լինի, որ իր տված գումարները տնտեսվում և նպատակային են օգտագործվում: Ավագանու նիստերն ուզում ենք ընդհուպ դարձնել համայնքի ժողովի պես, որպեսզի գյուղացիները գան, մասնակցեն և տեղյակ լինեն բյուջեի ծախսերից: Ամեն ինչ վստահությունից է գալիս: Եթե գյուղացին տեսավ, որ իր տված գումարով գյուղի համար ինչ-որ բան է արվել, ապա արտերկրի իր բարեկամն էլ է իմանում այդ մասին և շահագրգիռ դառնում իր մասնակցությունը նույնպես բերել համայնքի զարգացման գործին: Այդպիսիները շատ են, որ գումար են ուղարկում այստեղ աշխատանքներ իրականացնելու համար: 

Ունենալով գյուղատնտեսական բարձրագույն կրթություն, Միքայել Բաղդասարյանը շատ լավ տիրապետում է համայնքային գործերին, քաջատեղյակ է բոլոր աշխատանքներին: Գյուղապետն ի պաշտոնե, նրա համոզմամբ, պարտավոր է պատասխանատու լինել համայնքում կատարվող ամեն ինչի համար, ընդհուպ մինչև անձնական խնդիրների լուծումը: Գյուղացին խմելու և ոռոգման ջրով գրեթե ապահովված է:
-Լավ հող ունենք, ջուրն էլ կա,- շարունակեց համայնքի ղեկավարը,- բայց ունենք ճիշտ չպլանավորված գյուղատնտեսություն: Հողն ամեն մեկի չպիտի տան, հողը պիտի կոլեկտիվ սեփականություն լինի: Գյուղատնտեսական աշխատանքները պիտի տարվեն ժամանակին և բոլոր ուղղություններով: Մեր այգիներում աճեցված խաղողի տեսակից էր ստեղծվում <<Վերնաշեն>> գինին: Այսօր, ցավոք, խաղողի նախկին  այգիները չկան, քանի որ մարդիկ, անտեղյակ դրանց մշակության պահանջներին, պարզապես ոչնչացրին եղածը: Եթե ուզում ենք, որ գյուղերը չմեռնեն, իսկ դրանք արդեն հոգեվարքի մեջ են, պետք է հողերը հանձնվեն գյուղապետարաններին: Գյուղտեխնիկան պետք է ընդհանուր օգտագործման լինի: Հողերի մշակությունը պետք է տարվի ըստ գոտիների և ժամանակացույցի` գյուղատնտեսի հսկողությամբ: Մասնագիտական մոտեցման, վերաբերմունքի դեպքում հողից, անշուշտ, կկարողանանք ստանալ առավելագույնը: Կոլեկտիվ տնօրինման, համապատասխան մասնագետների առկայութան պարագայում հողն իր նպատակին կծառայի և գյուղը զարգացում կապրի: 
Վերնաշենի վիճակն այսօր այնքան էլ նախանձելի չէ: Գյուղում մնացել են համարյա միայն ծերերը: Դպրոցը նախկին 300-ի փոխարեն այսօր ընդամենը 70 աշակերտ ունի: Մարդիկ ստիպված են մեկնելու արտագնա աշխատանքի: Լավ ավանդույթներ, փառավոր պատմություն ունի, բայց այդ ամեն լավը կամաց-կամաց տեղի է տալիս: Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի ժողովուրդն ապրի ու արարի, այլապես եղածն էլ ժամանակի ընթացքում զուր կփոշիանա…       
SHARE