Ապրելու բերկրանքն արարելն է

0
34

Եղածը ոչ միայն պիտի պահպանել, այլև մտածել նորն ստեղծելու մասին…
    <<Սլոբեր>> ՍՊԸ-ն զբաղվում է բազալտի խճի և ասֆալտի արտադրությամբ: Ընկերությունն օգտագործում է սեփական քարհանքի բազալտը` խիճ արտադրելու համար: Արտադրանքի իրացումը կատարվում է հիմնականում պատվերների միջոցով: Պատվիրատուները և° առանձին անհատներ են, և° կազմակերպություններ: Ամենամեծ պատվիրատուն Էջմիածնի ավտոճանապարհային ընկերությունն է, որը միաժամանակ <<Սլոբեր>>-ի մասնաճյուղն է: Հիմնական պատվիրատու է նաև <<Գլենդել Հիլզ>> ընկերությունը, որը բազալտի խիճ է գնում: 
     Ընկերության տնօրեն Արման Ղուլիջանյանից տեղեկացանք, որ կազմակերպությունը հիմնադրվել է չորս տարի առաջ: Սկսել են զրոյից և այս կարճ ժամանակաընթացքում մեծ առաջընթաց են արձանագրել: Ամենակարևորը` վստահություն են ձեռք բերել, ինչը նշանակում է, որ պատվիրատուի նկատմամբ ճիշտ վերաբերմունք են ցուցաբերում և որակյալ արտադրանք են թողարկում: Հատկապես` ասֆալտի որակական  հատկանիշներն ապահովելու համար աշխատում են արտադրության ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմաստիճանը /160 աստիճան/: Ավելիի դեպքում ասֆալտը համարվում է այրված և օգտագործման համար ոչ պիտանի: Որակական ցուցանիշներ ապահովելուն նպաստում է նաև ժամանակակից տեխնիկա ունենալու հանգամանքը: Բնականաբար, որակն իր հետ նորանոր պատվերներ ու պատվիրատուներ է բերում: Այս արտադրություններից զատ, Նոյեմբերյանում ֆելզիտի հանք և Հաղթանակ գյուղում քարի արտադրամաս ունեն: Շենքերի ճակատային մասերի համար ֆելզիտի քարից սալիկներ են պատրաստում: Այդ սալիկներն արտահանում են տարբեր երկրներ` ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան: Դրանց որակը շատ բարձր է: Ի վիճակի են կատարելու ցանկացած պատվեր և այն հասցնելու ցանկացած երկիր: Հանքի շահագործմամբ և ֆելզիտի արտադրությամբ զբաղվում է հայրը` Պավլիկ Ղուլիջանյանը /<<Պավլիկ Ղուլիջանյան>> ՍՊԸ տնօրեն/: Ֆելզիտի հանքը 30 տարվա պատմություն ունի: 

  –  Ծնունդով Նոյեմբերյանից եմ` Կողբ գյուղից,-ասաց Արման Ղուլիջանյանը:-Կարող էի մնալ այնտեղ, բավարարվել հայրիկի ստեղծածով, չաշխատել և վայելել եղածը, ինչպես շատ երիտասարդներ են անում: Մանուկ հասակից ձգտել եմ աշխատել և իմ աշխատանքով, ինքս ստեղծել իմը: Ահա այդ ձգտումը բերել է այն բանին, որ շատ վաղ եմ ինքնուրույնություն ձեռք բերել: Հայրիկից շատ առումներով կախվածություն չեմ ունեցել և շատ ու շատ հարցեր ինքնուրույն եմ լուծել: 29 տարեկան եմ, բայց մեծ կենսափորձ ունեմ: <<Սլոբեր>>-ը իմ ստեղծածն է, գործին տիրապետում եմ լիարժեք: Արտադրությունը, աշխատանքը մարդուն շատ բան է տալիս, ամենագլխավորը` կյանքի մեծ փորձ: Արտադրությունում աշխատելը շատ հետաքրքիր է, կյանքի մեծ դպրոց ես անցնում: Միաժամանակ, պետք է ընդունել, որ առանց ընկերական շրջապատի, մտերիմների ու ծանոթների Հայաստանում հնարավոր չէ գործ անել: Ես մոտ 12 տարի /ի դեպ, 2-րդ դասարանից բնակվել եմ Նովոսիբիրսկ քաղաքում/ ՌԴ-ում նույն ոլորտում եմ աշխատել և կարող եմ ասել, որ այնտեղ էական չէ` ունես ընկերություն, ծանոթություն: Կարող ես դնել քո գործը և այդ գործից եկամուտ ստանալ… Ընկերական մեծ շրջապատ ունեմ: Համենայնդեպս, ամենամեծ ընկերս ու խորհրդատուս հայրս է: Նրա հետ ընկերներ ենք: Այդ հարաբերությունից ես միշտ շահում եմ: Ավագի խորհուրդն աշխատում եմ միշտ հաշվի առնել: Հայրիկի հետ ընկերություն անելիս կյանքի ամեն ինչը շատ շուտ ես հասկանում, մարդկանց լավ ես ճանաչում, կարողանում ես ճիշտ շփվել ու հարաբերվել շրջապատիդ հետ: Աշխատանքում դա ամենակարևորն է: Ընկերություն պահպանելը, մարդկանց հետ ճիշտ աշխատելը, խաբեբայությամբ չզբաղվելը, մարդկանց օգնելը ժառանգել եմ հորիցս: Նրա խորհուրդն է. <<Ոչ մի անգամ այնպես չանես, որ ընկերոջդ հիասթափեցնես, ինչ-որ բանում խաբես: Միշտ պիտի ազնիվ գտնվես ընկերոջդ նկատմամբ: Դու իրեն հասկանաս, ինքը` քեզ: Ընկերությունը մաքուր պիտի լինի: Եթե շահի համար է, ապա ավելի լավ է`չլինի>>: Ինձ համար ընկերություն անելիս բնավորությունը կապ չունի: Ամենակարևորը` ազնիվ լինի: Ընկերությունը փոխադարձության հիմքի վրա պետք է լինի: Ընկերությունը, որպես արժեք, փիլիսոփայական խոր իմաստ ունի: Անընկեր մարդը հաստատ ինչ-որ խնդիր ունի իր ներսում: Եթե մարդն ընկեր չունի, ապա չի կարող առաջ գնալ: Ընտանիքը սրբություն է, բայց ընկերը մնում է կարևոր տեղում: Ընտանիքիդ հետ չես կարող ամեն ինչ կիսվել, բայց ընկերոջդ կարող ես վստահել, կհասկանա քեզ: Կարող ես նրա խորհրդով շարժվել: Եթե ինչ-որ խնդիր ունես, և ընկերդ կարող է քեզ օգնել, բայց չի օգնում, ապա դա ինձ համար դավաճանության պես բան է: Նման դեպքում ավելի լավ է հրաժարվել այդ ընկերությունից…
 – Երկար տարիներ ապրելով Ռուսաստանում, երբևէ զգացե՞լ եք, որ այնտեղի և այստեղի ընկերությունների միջև տարբերություն կա: 
 – Եթե ռուսը քեզ ընկեր կոչեց, ապա շահ չի սպասի քեզանից: Այնտեղ այդ առումով մաքրություն կա: Եթե քեզ ընկեր է, ապա մինչև վերջ կողքիդ է, ցանկացած խնդրի դեպքում քեզ հետ է լինելու: Հայաստանում կան մարդիկ, որ քեզ ընկեր են կոչում, բայց վերջում հասկանում ես, որ միայն շահի համար են ընկեր դարձել: 17 տարեկանում, դպրոցն ավարտելուց հետո, ՌԴ-ում ընդունվել եմ ժողինստիտուտի էկոնոմիկայի բաժինը: Ավարտելուց հետո աշխատել եմ, խանութներ եմ ունեցել: Դրսում շատ մեծ կյանքի փորձ եմ ձեռք բերել: Այնտեղ էլ, կարելի է ասել, նույն այստեղի գործով եմ զբաղվել: Վերադառնալով հայրենիք, ջանացել եմ այնտեղ ձեռք բերածը հաջողությամբ ներդնել այստեղ: Այնտեղ անելու փոխարեն` այստեղ, մեր ժողովրդի համար անել: Ամենակարևորը` աշխատատեղեր ստեղծել: ՌԴ-ում ունեմ տուն, աշխատանք, կարող եմ ցանկացած պահի տեղափոխվել այնտեղ, բայց այս երեք տարիների ընթացքում նման բան չի անցել մտքովս: Միգուցե, կրկնում եմ, եթե ասեմ, որ ծնողս նյութական հնարավորություն ունեցել է, բայց երբեք դրա վրա չեմ հենվել և ձգտել եմ ստեղծել իմը: Ոչ միայն ձգտում եմ պահպանել հորս ստեղծածը, այլև իմ նախաձեռնությամբ, իմ քրտնաջան աշխատանքով նոր բան եմ ստեղծում: Եղածին նորն եմ ավելացնում, իմ ստեղծածը: Հայաստանում երիտասարդների մեջ հիմա ձգտումը չկա, սովորել են` ծնողներն ստեղծեն և իրենք օգտվեն դրանից: Դա անընդունելի մոտեցում է, ինչն ավելի շատ ծնողների մեղքն է: Հայ ծնողը չի ձգտում, որ երեխային սովորեցնի ինչ-որ բան, որպեսզի երեխան իրենից առանձնանա: Ռուս ազգն ուրիշ է` ինքնուրույն ապրելու է մղում զավակին, որպեսզի նա հնարավորինս շուտ կայանա, ոտքի կանգնի: Հայը չի թողնում, որ իր երեխան, այսպես ասած,  ձեռքի տակից դուրս գա, ինչ-որ գործով զբաղվի և ինքնուրույն մարդ դառնա: Մնալով ծնողի հույսին, չեն ձգտում աշխատել, եղածին ինչ-որ բան ավելացնել: Վատը հենց դրանում է, որ ծնողները չեն թողնում երեխաներն ինքնուրույն աշխատեն, որպեսզի կարողանան պահպանել ստեղծածը, այլ ոչ թե վատնել այն: Պետք է ամեն ինչ հասկանաս, հասկանաս քո գործից և զարգացնես եղածը: Առհասարակ, ծնողները երեխաների մեջ պետք է աշխատասիրություն դաստիարակեն, հնարավորություն տան ինքնուրույնություն դրսևորելու, առաջ շարժվելու: Անընդունելի են այն երիտասարդները, ովքեր ոչնչով չեն զբաղվում, չեն աշխատում և միայն վայելում են պատրաստին: Կյանքի ամենամեծ բերկրանքն արարելն է, ստեղծելը: Պիտի ապրես տվյալ օրով, մտածես վաղվա օրվա մասին, որպեսզի կարողանաս առաջ գնալ…
SHARE