Աջակից` բոլոր առումներով

0
15

     « Վաչիկ Մկրտչյանը շատ աշխատասեր էր: 32 տարեկանում դարձավ միջազգային կարգի սպորտի վարպետ: Միասին պարապել ենք նույն մարզչի` Դերենիկ Ոսկանյանի մոտ: Ես 10 տարեկան էի, իսկ Վաչիկն արդեն սպորտի վարպետության թեկնածու էր: Փոքրերս նրան տեսնելով, ուրախանում էինք, որ մի օր էլ մենք ենք նման սպորտսմեն դառնալու: Լավ  սպորտսմեն ու լավ հայր լինելու հետ մեկտեղ, շատ հայրենասեր էր: Մասնակցեց Արցախյան ազատամարտին` երկու անգամ ծանր վիրավորվելով: Արդեն հինգերորդ տարին է` ընկերներով համատեղ Հայաստանում Վաչիկի հիշատակին նվիրված մրցաշար ենք կազմակերպում, որին այս անգամ մասնակցում է 160 բռնցքամարտիկ ՍանկտՊետերբուրգից և Ուկրաինայից:
Սա ոչ միայն Վաչիկի նկատմամբ մեր վերաբերմունքի արտահայտումն է, այլև առիթ է երկար ժամանակ իրար չտեսած` թե´ Հայաստանի և թե´ արտասահմանում բնակվող ընկերներով հանդիպելու: Նա իր մահով այնպես արեց, որ ընկերներով մշտապես հավաքվենք, ընկերներով համախմբվենք մեկ նպատակի շուրջ: ՍանկտՊետերբուրգից շատ ընկերներ ունեմ, ովքեր ոչ միայն մասնակցում, այլև հովանավորում են մրցաշարը: Նրանցից մատնանշեմ Ռոբերտ Շախպարյանին: Մենք Վաչիկին հիշում ենք, ուրեմն` նա չի մահացել և այսօր մեզ հետ է», ասաց մրցաշարի հովանավոր, նախաձեռնող և կազմակերպիչ, ՌԴ արդարադատության գեներալ-մայոր, բռնցքամարտի վետերան Արամայիս Մարտիրոսյանը: Նաև ավելացրեց, որ պետք է կարողանալ ընկերություն անել և այն շարունակել: Սպորտն է նաև կապել նրանց և սպորտի միջոցով էլ այդ կապը շարունակվում է: Սպորտը հենց ընկերություն ստեղծող է. « Երբ ընկերներով իրար հետ ենք, ավելի հզոր ու ուժեղ ենք: Իհարկե, ունենք ընկերներ, ովքեր սպորտսմեն չեն և մշտապես մասնակցում են հուշամրցաշարին: Այդ մարդկանցից է Ժիրայր Էքմեքջյանը, ում հետ ծանոթանալու պատվին արժանացրել է լեգենդար բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը, ում կողքին լինելը մեծ հպարտություն և ուրախություն է: Սամսոնը մեր ավագ ընկերն է: Իրենից շատ բան ենք սովորել՝ ինչպես դառնալ բռնցքամարտիկ և լավ ընկեր: Նա կապող օղակ է բոլորիս համար: Իսկ ինչ վերաբերում է Ժիրայրին, ապա նա մշտապես մասնակցում է սպորտային շատ ու շատ մրցաշարերի և ունենում է իր լուման: Նա սպորտի աշխարհի մարդկանց աջակիցն է բոլոր առումներով…»:

Զրույցը շարունակեցինք Արամայիսի եղբոր` Վարազդատի հետ, ով բռնցքամարտի սիրահար է և միաժամանակ աջակցում է եղբորը` հուշամրցաշարի անցկացման գործում: Զրույցի մասնակիցը դարձրինք նաև Արամայիսի ընկերոջը` գործարար Ռոբերտ Շախպարյանին (ՍանկտՊետերբուրգ). «Վաչիկը մեծ հետք է թողել ոչ միայն սպորտային կյանքում, այլև մեր պատմության մեջ` մասնակցելով Արցախյան պատերազմին, ուստի չպետք է անտարբեր լինենք նման պահերին և հոգով ու սրտով մասնակիցը լինենք: Չէ որ «ընկեր»  բառը շատ մեծ իմաստ է պարունակում իր մեջ: Եթե ընկեր ես, ուրեմն պիտի կանգնես ընկերոջդ կողքին` ոչ միայն ֆինանսական աջակցությամբ, այլև հոգով և սրտով: Իսկ եթե  ընկերոջ կողքին կանգնած է շատ մարդ, ուրեմն այդ ընկերը իզուր չի ապրել այս կյանքում: Առավել ևս` նահատակները. եթե իրենց հիշում են, հարգում, մասնակիցը լինում նման միջոցառումների: Այն հանգամանքը, որ այս տարի 2 անգամ գրեթե ավելի շատ է մասնակիցների թիվը, նշանակում է` գործը ապագա ունի: Մենք էլ ուրախանում ենք մեր ընկերոջ` Արամայիս Մարտիրոսյանի համար, ընկերներով համախմբվում ենք իր նախաձեռնության շուրջը: Եվ, ընդհանրապես, այս ամենը պիտի տեղի ունենա բոլոր ասպարեզներում, չէ որ արվում է մեր ժողովրդի համար: Բացի այդ, այս միջոցառման հիմքում ընկերությունն է: Ոչ միայն ընկերների համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառում է, այլև ընկերներին համախմբող: Այս գործի մեջ չկա շահ, նպատակը միաբանությունն է` համախմբել բոլոր այն ընկերներին, ովքեր միմյանց երկար ժամանակ, անգամ տարիներ իրար չեն տեսնում: Վաչիկը Արամայիսի ընկերն է: Ասում են` ընկերոջ ընկերը քո ընկերն է, ուրեմն` դու էլ ես պարտավոր: Ընկեր կոչումը կրելը շատ դժվար է և ամեն մարդու խելքի բանը չէ: Դրա համար գտնում եմ` եթե ընկերդ մի լավ նպատակ ունի, դու պետք է ներկա լինես և մասնակցես: Ավելին, մեր ստեղծած ընկերության տեսակը փոխանցենք մեր երեխաներին, որ հասկանան` ընկերությունը ոչ թե սեղանի շուրջ է, այլ այն պետք է լինի գործով, հոգով, սրտով: Ցավոք, այսօր երիտասարդների շրջանում այլ է ընկերության հանդեպ մոտեցումը: Մեծերս պետք է նրանց փոխանցենք մեր ստեղծած ընկերությունը, մեր պապերի ստեղծած  ընկերության ավանդույթները: Նաև Ձեր թերթի առջև մեծ առաքելություն է դրված, ամենամեծ նպատակը մարդասիրությունն է, իսկ ընկերությունն իր մեջ ունի դա: Եթե չլինի միաբանություն, չի լինի ընկերություն: Ձեր գործը շատ ճիշտ է, տեղին և ունի մեծ ապագա»: Նաև շնորհակալություն հայտնեց «Լոռի»  հիմնադրամի նախագահ Ժիրայր Էքմեքչյանից` հուշամրցաշարի կազմակերպիչներին հիմնադրամի հատուկ շնորհակալագրերին արժանացնելու համար: Ըստ նրա, ընկերոջ` Ժիրայր Էքմեքչյանի կողմից շնորհակալագիր ստանալն ամենամեծ գնահատականն է:

SHARE