Աջակից, թև ու թիկունք լինել…

0
16
 
 Թովմաս Պողոսյանն այն անհատականություններից է, ով հետ է բերում անցած ուղուց, աղբյուրից մեր մշակույթը: Մեծ աշխատանք է տանում: Վերականգնում է մեր տատիկներից ու պապիկներից լսված երգերը: Անշահախնդիր կատարում է այդ և փոխանցում մեզ ու գալիք սերունդներին այդ թանկարժեք գանձը: Ժողովուրդը շատ գովասանքով ու հաճույքով է վերաբերվում իր կատարած աշխատանքին: Ինքը մեծ գիտնական է, դա գիտություն է` ակունքից հանել ու վերակենդանացնել այդ գանձը, դա շատ մեծ մեծ բան է և մեծ աշխատանք է աշուղական արվեստը վեր հանելը: Հակառակ ահռելի աշխատանքին, աշխատում, արարում, ստեղծում է խղճուկ պայմաններում:
   Եղել եմ իր դպրոցում: Դպրոցը շատ համեստ է, չսազական իրեն, իր գործին ու իր արվեստին: Նա պետք է ունենար լուրջ կառույց, ժամանակակից շենք` հագեցած տեխնիկայով: Սան է կրթում, պետք է համապատասխան պայման լինի: Լավ կլիներ իրեն տարածք հատկացնել, աշխատանքային պայմաններ ստեղծվեին, որպեսզի կարողանան ձևավորվել այդ դպրոցում: Այն, ինչ կատարվում է, կատարվում է իր ջանքերի շնորհիվ: Պետք է աջակից լինել նրան այդ հայրենանվեր գործում: Եթե ունենք հրաշագեղ մատենադարան, որտեղ ստեղծված են բարձրակարգ պայմաններ, ապա ինչու չունենանք աշուղական դարբնոց: Չէ՞ որ այդ երկու ազգային արժեքները զուգահեռ են եղել հայ ժողովրդի պատմության մեջ, իսկ վերջինս մեր ժողովրդի պատմությունն է աշուղական ժանրի տեսքով: Պետության աջակցությունը ստանան, գործարարներն օգնեն նրան հայ աշուղական երգարվեստի պատմության ստեղծման գործում: 

   Թովմասն արդեն 60 տարեկան է, համեստաբար ամբողջ գիտակից կյանքը նվիրել է իր այդ մեծագույն գործին, գործ, որ հանգիստ, առանց ճչալու մատուցում է մեզ: Շատ համեստ կյանք է վարում, չի շեղվում իր սկզբունքներից, խաղաղ առաջ է գնում` առանց պահանջների: Շատ ազնիվ, բարի, անշահախնդիր, դիմացինին հասնելու կամեցողությամբ մարդ է: Իրեն երկար ու ձիգ առողջ կյանք, հաջողություն, որ իր ծրագրերն իրագործի, շատ բան կա ակունքներում` կարողանա վեր հանել ամբողջովին: Գեղեցիկ մարդու ճանապարհը պիտի հարթ լինի, և ամեն դժվարություն լինի հաղթահարելի: Ժողովրդի լայն շրջանում մեծ հեղինակություն է վայելում: Ժողովուրդն իրեն սիրում է և ոգևորվում է իրեն լսելուց: Նա այն մարդն է, որ որտեղ էլ լինի` ընդունելի ու ողջունելի է: Ընդունված է ամբողջ աշխարհում: Թովմասն այն հայն է, որ կարող է Հայաստանը ներկայացնել ոչ միայն սփյուռքում, այլև ողջ աշխարհում: Նա այսօր մեր ազգի դեսպաններից մեկն է: Մեղմ բնավորությամբ, կամեցողությամբ, օգնելու կարողությամբ, անաչառ մեծ հայ է: Ինքը փառքը թողել է հետին պլանում, ապրում է իր կյանքով` սեփական ես-ը մի կողմ թողնելով: Կարգին մարդ է: Փառասեր չէ, որ վաստակ պահանջի: Մեր ազգի գանձերից մեկն է: Ինքը բնականոն կյանքով իր գործն անում է: Այնքան մեծություն է, որ իր հետ բարձրացնում, տանում է մարդկանց, այդ թվում` աշուղների: Ինքը հզոր է, իսկ հզոր մարդիկ իր նման են լինում` համեստորեն իրենց գործն առաջ տանելով: 
   Թովմասն իրեն գեղեցկացնում է իր համեստությամբ: Մարդու ամենամեծ գնահատականը տալիս է ժողովուրդը, իսկ ժողովուրդն իրեն շատ է սիրում: Ուր էլ որ լինում եմ, Հայաստանի տարբեր վայրերում, ժողովրդից սիրո խոսք եմ լսում իր հասցեին, անհամբեր սպասում են իր հետ հերթական հանդիպմանը` լսելու գեղեցիկ կատարումները և վերստին հպարտանալու իրենով: Ձեր թերթի քայլը ողջունում եմ և շնորհակալություն հայտնում մարդուն գնահատելու, մեծարելու ու փառաբանելու համար: Թովմասը դրան լիուլի արժանի է…
Գագիկ Մկրտումյան
               ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
SHARE