Աջակից ու օգտակար

0
23

Մարդկային գրված ու չգրված օրենքները հանուն ընդհանուրի ծառայեցնելու ազնիվ մղումով…

Բնակավայր 

watermarked_Armavir Lukashin Karen Mkrtchyan

   Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի հետ մեր զրույցից տեղեկացանք, որ այս պաշտոնին ընտրվել է 2012 թվականին. <<Առաջնայինը խմելու ջրի խնդիրն էր, որն այսօր արդեն իսկ իր լուծումն է ստանում: Ամբողջությամբ նոր ջրագիծ է կառուցվում: Շուրջօրյա ջրամատակարարում կունենանք 2015-ի մայիս-հունիսին այդ աշխատանքներն ավարտի հասցնելուց հետո: Մյուս կարևոր խնդիրը աղբահանությունն էր, որը նույնպես լուծվել է: Յուրաքանչյուր շաբաթ օր կանոնավոր աղբահանություն է կազմակերպվում: Գիշերային լուսավորության անցկացումը ևս մեր առաջնահերթ ծրագրերում էր. ուզում ենք մինչև առաջիկա Ամանոր լուծում տալ տվյալ խնդրին: Տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել այս ընթացքում: Մասնավորապես,Հունան Ավետիսյանի 100-ամյակն է մեծ շուքով նշվել: Աշխուժացել է մանկապարտեզի առօրյան. այն, ի դեպ, սպասարկում է նաև Խանջյան համայնքին: Լուկաշինը, որ ունի 2600 բնակիչ, հայտնի է տեղական սորտի կաղամբի մշակությամբ: Ստեղծել եմ պարի խմբակ, որը մասամբ ֆինանսավորվում է համայնքի բյուջեից և գործում է մեր կողմից վերանորոգված դահլիճում: Մշակույթի տան վերանորոգման խնդիրն ամբողջությամբ լուծելուց հետո այլ խմբակներ ևս կբացենք` բնականաբար, ավելի շատ երեխաների զբաղվածության ապահովման խնդիրը լուծելով: Այս տարի մարզում շատ լուրջ էր ոռոգման ջրի խնդիրը, բայց, այդուհանդերձ, մենք կարողացանք փոքրիշատե բավարարել այն` շնորհիվ այն բանի, որ մեր միջոցներով  գնեցինք նոր խողովակներ, պոմպեր և վերանորոգեցինք ոռոգման համակարգը: Ապահովվածությունը, ոռոգման ջրով, հասցրեցինք մոտ 90 տոկոսի>>

   Ինչպես այնուհետև նշեց պարոն Մկրտչյանը, այս խնդիրների լուծումն առանց ընկերների մասնակցության գրեթե անհնարին կլիներ: Այս ամենում մեծ է ընկերների  դերը. <<Ցանկացած ընկերական շրջապատ իր դրական լիցքերն է հաղորդում, և աշխատանքի արդյունավետության ու օգտակարության գործակիցը դրա արդյունքում մեծանում է: Աշխատանքային կոլեկտիվի անդամներին ևս ընկերներ եմ համարում, կոլեկտիվ, որտեղ կարգապահությունն ու խստապահանջությունն ամուր հիմքերի վրա են: Համայնքի ընկերներս ինձ շատ են օգնում, ինչը շատ կարևոր է: Ցանկացած մադ, առանց ընկերոջ, նման է փուչիկի… Շատ հարցեր են լուծվում ընկերների միջոցով, հատկապես` համայնքում իրականացվող բոլոր ծրագրերի իրականացման առումով: Ընկերն, առհասարակ, մարդու կյանքում շատ մեծ դերակատարում ունի, ցանկացած նեղ, դժվարին վիճակում կողքիդ կանգնած է: Ընկերը սրբություն է: Ջանում եմ, մարդկային կարգ ու կանոնից ելնելով, գրված ու չգրված բոլոր օրենքները բանեցնել ի շահ մեր ժողովրդի, հանուն նրա բարեկեցության ու հզորացման: Ցանկացած հարցով բնակիչը դիմում է ինձ, և ես ամեն հնարավորություն գործի եմ դնում` նրան հուսախաբ չանելու համար: Ղեկավարը պետք է բաց աչքերով նայի մարդկանց հոգսերին ու խնդիրներին և առաջնահերթ նպատակը պիտի լինի ծառայել ժողովրդին: Համայնքապետի գործն այսօր դժվար է, բայց ես ոչինչ չեմ խնայում` արդարացնելու իմ նկատմամբ ցուցաբերված հավատն ու վստահությունը: Աջակից եմ համագյուղացուս, որպեսզի կարողանա իր ծանր աշխատանքի արդյունքը վայելել: Չէի ուզենա, որ մեր բնակիչը վարկերի առումով խեղճացած լինի, խնդիրներ ունենա…>>:

   Կարեն Մկրտչյանն, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ ընկերություն է անում Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկի, Սարդարապատի` Բաբկենի, Արաքսի` Ռուբիկի, Տանձուտի` Մխոյի, Ջանֆիդայի Ռաֆիկի հետ: Ավագ ընկերներից են Լենուղու համայնքապետ Գեղամը, Մրգաշատի Գևորգը, ովքեր իրենց փորձառությամբ սատար են իրեն: Ընկերներից նշենք նաև Նորավանի Արթուրին, Բամբակաշատի Արբակին…

   Լուկաշինի համայնքապետի հետ զրույցից համոզվեցինք, որ սիրում է իր գյուղը, հանուն նրա պատրաստ է շատ դժվարությունների դիմակայել և զանազան զոհողությունների գնալ: Իսկական քրիստոնյայի հավատով է ապրում, այդ առաջնահերթությամբ առաջնորդվում ու գործում կյանքում…