Առանց սխալվելու իրավունքի

0
23

Ժառանգականություն

Նվիրված աշխատանքով, պատասխանատվությամբ ու նախանձախնդրությամբ

Վանաշեն /Արարատի մարզ/ համայնքում մեր ուշադրությունն առանձնապես գրավեց խաչքար-հուշարձանը: Մեր հետաքրքրությանն ի պատասխան համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը նշեց, որ այն տեղադրվել է նախորդ տարի, բացումը ապրիլի 20-ին էր, նվիրված է հայոց ցեղասպանության 100-ամյակին:

-Մեր համագյուղացին է քանդակել,- մանրամասնեց պարոն Գրիգորյանը,- մնացած` բարեկարգման աշխատանքները մենք ենք կատարել: Հուշարձանի խորհուրդը շատ մեծ է, շատ մեծ գաղափար ունի: Կիսակամարը` մեր քանդված եկեղեցու դուռն է: Կրակի միջից դուրս եկող խաչքարն էլ խորհրդանշում է այն, որ արդեն 100 տարի է անցել Մեծ եղեռնից, որ քանդվել, ավերվել է օսմանյան կայսրության կողմից, բայց մինչև այսօր, թեկուզ մի փոքր հատված, կանգուն է մնում: Մեր հավատը, կրոնը հայ ժողովրդի մեջ հարատև մնալու են: Մեջը բազում խաչեր կան` մեր անմեղ զոհերն են, որ արդեն սրբացվել են: Խաչքար-հուշարձանը, բնական է, օծվել է, դարձել սրբավայր: Մեր առօրյան էլ, կարելի է ասել, փոխվել է խաչքարի տեղադրումից հետո: Այսօր ուխտատեղի ունենք, որն օծվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից: Մատուռի տեսք է ստացել, մարդիկ ուխտի են գալիս: Հուսով ենք, որ համայնքում եկեղեցի էլ ենք ունենալու, այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ տարվում են: Խաչքարի երկու կողմում ցայտաղբյուրներ կան: Մեկը նվիրված է Տիգրան Պետրոսյանին` իր հաղթանակի առթիվ, ինքն է անձամբ բացումը կատարել: Մյուսը` Հովհաննես Բաղրամյանին, որի բացումը նույնպես հեղինակը` մեր սիրելի մարշալն է արել: Այդ ցայտաղբյուրներն այսօր, ըստ էության, նոր իմաստ ու խորհուրդ ստացան, նոր <<պատվի արժանացան>>: Վանաշենը, պիտի ասեմ, շատ է կապված հայ առաքելական եկեղեցու հետ, ամեն կիրակի դպրոցահասակ մեր երեխաները Սուրբ պատարագի են մասնակցում: Բազմաթիվ պարգևներ ունենք Մայր աթոռ սուրբ Էջմիածնից, Ամենայն հայոց կաթողիկոսից…

Արտաշես Գրիգորյանը, համայնքը ղեկավարելով 2012-ից, աստիճանաբար կյանքի է կոչել իր նախընտրական խոստումները: Նրա խոստովանությամբ, քիչ բան է մնացել, հիմնականում կապված ֆինանսական մեծ ծախսերի հետ, ինչը համայնքի ուժերից ու հնարավորություններից վեր է: Համենայնդեպս, նրան այսօր առաջիկա ՏԻՄ ընտրություններում մրցակից չկա, ինչը ևս յուրօրինակ գնահատական ու վերաբերմունքի վկայություն է: Եթե նախկինում մանկապարտեզում երկու խումբ կար` 60 երեխայով, ապա այսօր մեկ խումբ ևս ավելացել է, իսկ երեխաների թիվը հասել է 100-ի: Գույքն ամբողջովին նոր է: Գազաֆիկացվել է մեկ փողոց` մարզպետարանի հրատապ ծրագրերի շրջանակում: Գերեզմանատանը հոսանք է անցկացվել, ծառատունկ կատարվել:

Ներկայումս շատ մեծ խաղահրապարակի կառուցման աշխատանքներ են ընթանում: Այն մարզահամալիր է, որը հնարավորություն կտա գյուղի երիտասարդությանը մարզվելու, ազատ ժամանցի հրաշալի վայր ունենալու: Շուտով այդ աշխատանքները կավարտվեն: Խմելու ջրի ջրագիծ են /1 կմ 500մ/ փոխում, քիչ բան է մնացել ավարտի հասցնելու: <<Երևանջուր>> ընկերության հետ համատեղ են անում: Արտաքին լուսավորության ցանցն են ընդլայնել: Ամեն տարի դաշտամիջյան ճանապարհներն են հարթեցվում, փողոցներն են խճապատվում: Ոռոգման ջրի հետ կապված գլոբալ խնդիր ունեն: 8 կմ խողովակաշար պետք է անցկացվի, ինչի նպատակով ընդգրկված են համապատասխան ծրագրերում: Խնդրի լուծումը շատ մեծ օգուտ կլինի համայնքի համար` մշակվող հողատարածքների թիվը կավելանա և այլն:

Ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված նաև մշակույթի տան վերանորոգումը: Դիմել են կառավարություն: Մարզպետարանի հրատապ ծրագրերի շրջանակում տանիքը փոխվել է, մնացած աշխատանքները փուլ առ փուլ պետք է իրականացվեն, որպեսզի համայնքի մշակութային կյանքը բնականոն հունով ընթանա: Պարի խումբ ունեն, որը բազում մրցանակների է արժանացել:

-Վանաշենը,- շարունակեց համայնքի ղեկավարը,- հայտնի է զարգացած խաղողագործությամբ: Նախորդ տարի 4200 տոննա խաղող ենք ունեցել, մեծ դժվարությամբ կարողացանք մթերման հանձնել, բայց մարդիկ մինչև օրս դեռ չեն ստացել գումարները /մոտ 100 մլն դրամ/: Դա մեր գործունեության վրա էլ է ազդում` հատկապես հարկերի հավաքագրման առումով: Մարդիկ ստիպված երկրորդ վարկն են վերցրել, որպեսզի կարողանան աշխատանք անել, հող ու այգի մշակել: Համայնքապետարանի դուռը բաց է, միշտ պատրաստակամ եմ գյուղացու կողքին կանգնելու, նրա առօրյա հոգսերով ապրելու: Ինձ համար համայնքը ղեկավարելն առավել քան, կրկնակի պարտավորեցնող է, քանի որ այդ պաշտոնում փոխարինել եմ հորս, ով ղեկավարել է 16 տարի: Սխալվելու իրավունք, այսպես ասած, չունեմ: Հորս պատիվն ու հարգանքը միշտ պիտի բարձր մնան, և ես իմ գործով պարտավոր եմ նպաստելու դրան: Երեք եղբայրներս էլ ինձ հետ կանգնած ենք համայնքի, մեր ժողովրդի կողքին: Մեր հայրն էլ մեր թիկունքին է` իր բարի ու օգտակար խորհուրդներով, հորդորներով: Ընկերներիս դերն էլ եմ մեծապես կարևորում իմ գործում: Կանգնելով իմ կողքին, այդպիսով նրանք կանգնում են նաև համայնքի բնակչի կողքին: Դրանում, ինչ խոսք, շատ անգամ են համոզվել նաև վանաշենցիները…

SHARE