Առանց տնտեսությունը զարգացնելու

0
6

Անիմաստ է խոսել երկիրը, հողը պահելու մասին

Գյուղ

Նաիրի Կիրակոսյանը Ուջան համայնքը ղեկավարում է 2016 թ. հոկտեմբերից: Առաջնային նպատակներից է համայնքում զարգացնել գյուղատնտեսությունը: Այդ նպատակով տրակտոր են ձեռք բերել, որը բավականին էֆեկտիվ ու արդյունավետ է դարձրել վարի աշխատանքները: Մտադիր են նաև խոտհնձիչ ձեռք բերել: Առհասարակ, ինչպես ընդգծեց պարոն Կիրակոսյանը, ունեցած դրամական միջոցները ծախսվելու են միմիայն գյուղատնտեսությունը զարգացնելու առաջնահերթությունից ելնելով, ինչի առումով շատ կարևոր է ժամանակակից գյուղտեխնիկայի ձեռք բերումը: Գյուղացին պետք է կառչած մնա իր հողին, ամբողջությամբ նվիրվի նրան, այլապես, ինչպես ասում են, աչքը դուրս` հեռուներին կլինի: Իսկ դրա համար նրան իր հողը մշակելու հնարավորություն պետք է ընձեռել, նպաստավոր պայմաններ ապահովել:

Այո՛, գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու միջոցով հնարավոր կլինի կանխել գյուղի քայքայումը, արտագաղթը, մարդկանց կապել իրենց հողի, հողագործության հետ: Համայնքապետի համոզմամբ, մինչև գյուղացին չնվիրվի իր հող ու այգու մշակությանը, մինչև դրա համար բավարար պայմաններ չստեղծվեն, մնացած խնդիրների մասին այսօր խոսելն ավելորդ է դառնում: Կարևոր խնդիր է նաև ոռոգման ցանցերի բարեկարգ վիճակի ապահովումը: ՋՕԸ-ի հետ պետք է աշխատանքներ տանել, որպեսզի ոռոգման ջուրը ժամանակին տրվի և բաշխումը ճիշտ կատարվի:  Մասնավորապես, 1000 հեկտար հողատարածք ունեն, որն այսօր որպես արոտավայր է օգտագործվում, մինչդեռ ոռոգման ջրի առկայության դեպքում կդառնա մշակովի, այգիներ կհիմնվեն: Ջրի խնդիրն, առհասարակ, առանցքային նշանակություն ունի գյուղի մարդու համար:

Ինչպես այնուհետև տեղեկացանք, ՀՕՄ-ից օգնություն են ստացել և վերանորոգել մարզադահլիճը /մոտ 1 մլն 700 հազար դրամ/, կառուցել հանդերձարան, բաղնիք`անհրաժեշտ հարմարություններով: Գործում է ըմբշամարտի խումբ, ընդ որում, այս մարզաձևը զարգացած է Ուջանում: Համայնքի ղեկավարը շատ է կարևորում սպորտի դերը և կողմ է, որ երեխան անպայման սպորտով զբաղվի: Տնտեսությունը զարգացնելու հետ մեկտեղ պետք է ուշադրության կենտրոնում պահել նաև մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը` գումար չխնայելով դրա համար:

Նաիրի Կիրակոսյանի տեղեկացմամբ, մտադիր են համայնքում մրգի չորանոց ստեղծել: Նախապատրաստական փուլում են: Գյուղացին եթե կարողանա միրգը, ստացած բերքը չորացնել, պահեստավորել, ապա եկամուտն առավել ակնհայտ ու շոշափելի կլինի: Նման քայլեր ձեռնարկելով միայն հնարավոր կլինի գյուղի վաղվա օրվա նկատմամբ լավատեսությամբ լցվել: Գյուղի 3200 բնակչից մոտ 600-ը դրսում է, հիմնականում` երիտասարդներ, որ դժվար թե վերադառնալու մտադրություն ունենան: Իսկ եթե փոքրիշատե բավարար պայմաններ լինեն, ապա մարդը չի թողնի` հեռանա: Աշխատանք լինի, մարդը կարողանա աշխատել, հոգալ իր ապրուստը: Հողը պիտի իր մշակին կարողանա կերակրել, պահել…

 

SHARE