Առաջընթացի ու զարգացման ուղիով

0
5

Համատեղ ուժերով և միմյանց թիկունքին կանգնած

Փոխվստահություն

Շուրջ 1400 բնակչությամբ Դողս գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, ինչպես նաև ապրուստի միջոց հայթայթում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու ճանապարհով:

-Համայնքը ղեկավարում եմ 2016 թ. աշնանից,- <<Ընկեր>>-ին ասաց Գրիշա Հարությունյանը:- Ընդ որում, ընտրվել եմ ընտրողների ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Նպատակս գյուղի ընդհանուր վիճակի բարելավումն է: Այս մի քանի ամիսների ընթացքում հասցրել ենք որոշակի խնդիրներ լուծել: 70 լամպով գիշերային լուսավորություն ենք անցկացրել: Խճապատման ու ասֆալտապատման աշխատանքներ ենք կատարել: Չգազաֆիկացված 6 փողոց ունեինք, որոնք այսօր արդեն ապահովված են բնական գազով: Աշխատանքներ ենք ձեռնարկում գերեզմանատանը էլեկտրաէներգիա անցկացնելու ուղղությամբ: Նաև մանկական խաղահրապարակ ենք կառուցելու: Այս և մյուս` վաղվա օրվա ծրագրերս միտված են այն բանին, որ ոչ այնքան հեռու ապագայում Դողսը նմանվի քաղաքային բնակավայրի: Գազաֆիկացման ու ասֆալտապատման հարցում համայնքին օգնել է մեր  համագյուղացի բարերար Ռոբերտ Մանուկյանը, իսկ եկեղեցին կառուցվել է մյուս բարերարի` Եղիշե Համբարձումյանի աջակցությամբ: Թող անհամեստ չդիտվի, նաև անձնական միջոցներիցս եմ ներդնում համայնքի ընդհանուր զարգացման գործում:

Բնակիչ-համայնքապետ փոխհարաբերությունները ընկերական են, վստահության հիմքի վրա: Բացառվում է, որ գյուղացին համայնքապետարան դիմի ինչ-որ խնդրանքով, հարցով և մնա անպատասխան կամ չբավարարված հեռանա: Ցանկացած պարագայում կանգնած է իր գյուղացու կողքին, ուժերի ներածի չափով օգնում, օժանդակում է: Այս հարցում ևս կողքին են ընկերները: Հին ընկերներին այսօր արդեն գումարվել են նորերը` Արտիմետի Վարդան Միրզախանյանը, Ամբերդի Մանվել Բաբայանը, Աղավնատան Գնել Մաթևոսյանը… Մարզի համայնքապետերի հետ ընկերությունը շատ առումներով է ցանկալի, քանի որ դրա արդյունքում շահում են նաև իր համայնքն ու գյուղացին:

Գյուղի համար այսօր կարևոր է մանկապարտեզի խնդրի լուծումը, ինչը հսկայական միջոցներ է պահանջում, ուստի և համայնքի ուժերով անհնարին է: Առայժմ, ըստ պարոն Հարությունյանի,  որոշակի ոչինչ չկա այդ առումով, դրա լուծման իրատեսական ճանապարհների փնտրտուքի մեջ են: Ինչպես առիթ ունեցանք նշելու, համայնքապետը կանգնած է իր բնակչի կողքին, ինչը մինչև այս պաշտոնում ընտրվելն էլ զգացվել է: Հավելենք, որ Դողսում ունեն շուրջօրյա ջրամատակարարում, ոռոգման ջրով ևս գրեթե ապահովված են:

Անդրադառնալով ընկերության թեմային, Գրիշա Հարությունյանը նշեց, որ ընկերը մարդու համար մեծ հույս ու ապավեն է, վստահ ես, որ հարկ եղած դեպքում կկանգնի կողքիդ, ձեռք կմեկնի: Գնահատելին հենց դա է: Ընկերությունը պահպանելու համար պետք է անշահախնդիր լինել, ազնիվ ու անկեղծ: Ի դեպ, Դողսի ղեկավարին հանդիպելու համար <<Ընկեր>>-ին <<երաշխավորել>> էր Արտիմետի համայնքապետ Վարդան Միրզախանյանը: Այդ կապակցությամբ Գրիշա Հարությունյանը հպարտությամբ նշեց, որ Վարդանը հենց այն ընկերներից է, ում վրա կարելի է հույս դնել, քանի որ առանց հապաղելու կհասնի ընկերոջը և մի բանով անպայման կօգնի: Առհասարակ, ընկերներով միմյանց թիկունքին կանգնած են` պատրաստակամ իրար սատարելու:

Գրիշա Հարությունյանի պատգամը բոլոր ընկերներին հետևյալն է` անշահախնդիր լինել, միմյանց թիկունքին կանգնած և դրանով հարատև դարձնել ընկերությունը…

 

SHARE