Առաջընթացն ու զարգացումն ակնհայտ են

0
1

Ինչի վկայությունը բնակավայրի կենսագործունեության ընդհանուր բարելավումն է

Գյուղ

-Մայիսյան համայնքը,- <<Ընկեր>>-ին ասաց Եսայի Մովսիսյանը,- ղեկավարում եմ 1991 թվականից: Անցած 27 տարվա ընթացքում բավականին առաջխաղացում է եղել համայնքի կյանքում` մարդկանց կենսամակարդակի բարելավման և բնակավայրի բարեկարգման ուղղությամբ: Ծագած խնդիրները մեր հնարավորությունների սահմաններում կարողացել ենք լուծել: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նահատակված ազատամարտիկների հուշաքար ենք կանգնեցրել, 2 կմ արտաքին լուսավորություն անցկացրել: Ճանապարհների փոսերի ասֆալտապատման հարցն ենք լուծել: Ոռոգման ջրագծի 2 կմ խողովակաշար ենք անցկացրել: Համայնքն ամբողջովին գազաֆիկացրել ենք: Խմելու ջրի ցանցն ամբողջությամբ փոխել ենք, աշտարակ կառուցել: Այս վերջին գլոբալ խնդիրների լուծումն էական նշանակություն ունեցավ գյուղի ընդհանուր կենսագործունեության բարելավման համար: Վերանորոգել ենք համայնքապետարանի շենքը: Դպրոցի /տնօրեն` Իշխան Պետրոսյան/ հետ կապը շատ սերտ է: Ամեն հարցում նրա կողքին եմ` պատրաստակամ օգնելու և աջակցելու թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին: Դպրոցում նախակրթարան ենք բացել 2 խմբով: Մի խումբը գյուղապետարանի հովանավորության տակ է: Մեր միջոցներով Սարգիսավան թաղամասից երեխաներին անվճար տեղափոխում ենք դպրոց: Գյուղ մտնող ճանապարհի 1 կմ հատվածի երկարությամբ մեր և դպրոցականների ուժերով ծառատունկ ենք իրականացրել, ինչի արդյունքում այսօր շատ գեղեցիկ ծառուղի ունենք: Գյուղում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում, փոխադարձ հարգանք կա: Այսքան տարի ժողովուրդն իր քվեն ինձ է տվել, վստահել, ինչն առավել է պարտավորեցրել ինձ: Ամեն հարցում կանգնած եմ յուրաքանչյուրի կողքին, անում եմ ամեն ինչ համայնքը զարգացնելու համար…

Համայնքում թեև 10 խորքային հոր կա, որոնցով կարողանում են փոքրիշատե լուծել ոռոգման ջրի խնդիրը, այնուհանդերձ, տվյալ խնդիրը շարունակում է մտահոգել թե՛ համայնքի ղեկավարին, թե՛ ջրօգտագործողներին: Այս տարի մոտ 100 հեկտար հողատարածք, մնալով առանց ջրի, չորացավ: Այս մասին տեղյակ են ինչպես մարզային, այնպես էլ հանրապետական իշխանությունները: Լավ է, որ գոնե այդ հորերի շնորհիվ ոռոգման տակ գտնվող հողատարածքների 70 տոկոսը պահպանվեց, ինչը փրկեց ժողովրդին ծանր դրության առջև հայտնվելու վտանգից:

Երկարամյա փորձառություն ունեցող համայնքապետի հետ զրույցում, բնականաբար, չէինք կարող շրջանցել համայնքների խոշորացման թեման, այդ ծրագրի հետ կապված սպասելիքներն ու մտահոգությունները:

-Եթե կա օրենք,- նշեց պարոն Մովսիսյանը,- որ համայնքները պետք է միավորվեն, ապա մենք ոչինչ անել չենք կարող: Համենայնդեպս, իմ կարծիքն այն է, որ դա ճիշտ քայլ չէ, քանի որ ամեն համայնք այսօր հազիվ է կարողանում իր հարցերը լուծել, ծայրը ծայրին հասցնել: Խոշորացման դեպքում ավելի է բարդանալու իրավիճակը, ժողովրդի սոցիալ-տնտեսական դրությունը կվատանա, նոր` անցանկալի խնդիրներ կառաջանան և այլն: Նման մոտեցումը, ըստ իս, ճիշտ չէ, բայց քանի որ օրենքը կա, ապա մենք անզոր ենք որևէ բան անելու կամ փոխելու…

Հարկ է նշել, որ Եսայի Մովսիսյանը, սրտացավ ու բարեխիղճ ղեկավար լինելով հանդերձ, շատ ընկերասեր է: Իր ընկերներն են նաև համայնքապետարանի աշխատողները, որոնց հետ համատեղ ամենօրյա գործունեություն է ծավալում: Հարցերի քննարկման, որոշումների ընդունման ժամանակ նաև ընկերական մոտեցումներով է առաջնորդվում: Ընկերների շնորհիվ համայնքում շատ գործեր են արվում, խնդիրներ հաղթահարվում. <<Ընկերությունը շատ լավ բան է: Հավատարիմ ընկերներով միշտ իրար կողքի ենք, իրար օգնական: Այդպիսի ընկերներիցս են Մրգաշատի, Ակնալճի, Նորապատի, Նորավանի, Զարթոնքի և Արտաշարի համայնքապետերը: Միասին ենք, երբ խնդիրներ են առաջանում և երբ հարկ է համատեղ լուծումներ գտնելու որոշումներ ընդունել: Մեկս մյուսին անպայման օգտակար է լինում: Ընկերականությունը հաջողության երաշխիք և ձեռքբերումների գրավական է: Ընկերության մեջ գնահատելի են ազնվությունը, մաքրությունը, անշահախնդրությունը, անկեղծությունը: Ճիշտ է, անշուշտ, այն խոսքը, որ հին ընկերներն ավելի հավատարիմ ու ավելի նվիրված են: Իմ ընկերներն ապրած կյանքիս ձեռքբերումներն են…>>:

Մայիսյան գյուղը, ապրելով իր ամենօրյա հոգսերով ու ուրախություններով, չի մոռանում նաև իր զինվոր որդիներին ու նահատակված հերոսներին: Նրանց թվում է նաև համայնքապետի եղբոր` 20-ամյակը դեռ չբոլորած որդին: Սարգիսն իր հրամանատարի հետ 2014 թ. օգոստոսի 2-ին Մարտակերտում թշնամու դիվերսիոն դավադիր հարձակման զոհ դարձավ: Նրանք իրենց կյանքի գնով պահեցին մեր դիրքերը` փրկելով նաև զինակից ընկերներին: Գյուղի դպրոցի բակում տեղադրվել է Սարգիս Մովսիսյանի հուշաքարը, նրա անունով թաղամաս է կոչվել: Զոհված 6 ազատամարտիկների անուններով կոչված դպրոցի դասասենյակներից մեկը ևս նվիրված է Սարգսի հիշատակին…

***

Օրերս մեծ տոնակատարությամբ ու խանդավառությամբ նշվեց գյուղի և միաժամանակ դպրոցի հիմնադրման 85-ամյակը: Դպրոցականները ներկայացրեցին կրթօջախի անցած ուղին, հիշատակեցին նախկին ու ներկա ուսուցիչներին: Այնուհետև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալագրեր հանձնեց վաստակաշատ մանկավարժներին: Վերջիններիս պատվոգրեր հանձնեցին նաև Եսայի Մովսիսյանը և Իշխան Պետրոսյանը: Ապա միջոցառումը շարունակվեց տոնական սեղանների շուրջ:

2010 թ. գյուղի կրթօջախն արժանացել է մարզի <<Լավագույն դպրոց>> մրցանակին, իսկ տնօրենն այս տարի է արժանացել մարզի լավագույն տնօրենի կոչմանը: Միայն 2000-2017 թթ. այստեղ հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել է 17 կրթական ծրագիր: Գործող մանկավարժների 80 տոկոսը հարազատ կրթօջախի շրջանավարտներ են, ինչն արդեն իսկ խոսուն փաստ ու լավագույն ցուցանիշի վկայություն է: Արժանահիշատակ է նաև համայնքապետարան-դպրոց սերտ կապը: <<29 տարի միասին աշխատում ենք,- ասաց դպրոցի տնօրենը,- և կարող եմ ասել, որ մեր մարզում չկա համագործակցության նման օրինակ, ինչն առաջին հերթին փաստում է համայնքապետ Եսայի Մովսիսյանի մարդկային արժանիքների մասին…>>: 

SHARE