Առաջիններից մեկը

0
29
Ուսումնական

   ՀՊՃՀ-ի Երևանի հենակետային վարժարանը հիմնվել է 1994թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ՀՊՃՀ-ի նախաձեռնությամբ` որպես հենակետային կառույց ապագա շնորհաշատ ճարտարագետների հայտնաբերման, մասնագիտական կողմնորոշման և համալսարանում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերի յուրացման հիմք ստեղծելու համար:
    Վարժարանն իր գործունեության քսան տարիների ընթացքում ունեցել է 4387 աշակերտ և տվել է 3143 շրջանավարտ, որոնց 95%-ը ընդունվել է ճարտարագիտական համալսարան: Նրանց զգալի մասը համալսարանի լավագույն ուսանողների շարքում է, կան նաև մագիստրոսներ, ասպիրանտներ և գիտությունների թեկնածուներ:
  Վարժարանը եղավ առաջիններից մեկը, որն ուսումնատենչ հայորդիներին հնարավորություն ընձեռեց պահպանելու և շարունակելու գրի և գիտության հանդեպ ունեցած պաշտամունքի ազգային դարավոր ավանդույթը: Հիմնական դպրոցն ավարտած հարյուրավոր պատանիներ և աղջիկներ, լուրջ մրցակցությամբ ընդունվելով վարժարան և այստեղ ստանալով խոր, ընդլայնված ու հիմնավոր գիտելիքներ, արժանիորեն համալրեցին ճարտարագիտական համալսարանի ուսանողության շարքերը` նոր լիցք, նոր որակ հաղորդելով մեծահամբավ համալսարանի ուսումնական գործին:

   ՀՀ կառավարության 07.07.2011թ. թիվ 942-Ն որոշմամբ <<ՀՊՃՀ Երևանի հենակետային վարժարան>> ՊՈԱԿ-ը <<Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան/Պոլիտեխնիկ/>> ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպվել է որպես կառուցվածքային ստորաբաժանում`<<ՀՊՃՀ Երևանի ավագ դպրոց>> անվանումով:
    Ավագ դպրոցի ուսուցչական կազմը (թվով 47) հիմնականում համալրված է ՀՊՃՀ լավագույն դասախոսներով` գիտությունների 2 դոկտոր և 13 թեկնածուներ, դոցենտներ, 1 ստեղծագործող, 1 հմուտ ուսուցչի և 1 որակավորման առաջին տարակարգ ունեցող մանկավարժներ:
    Այժմ ավագ դպրոցում գործում են 20 դասարաններ, այդ թվում` ութ 10-րդ և յոթ 11-րդ և հինգ 12-րդ դասարաններ: Աշակերտների ուսումնական գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար տնօրինությունը կարևորում է աշակերտներին դասագրքերով ապահովելը, համակարգչային դասարանի առկայությունը, առարկայական խմբակների գործունեությունը, գրական ցերեկույթները, պատի թերթերը, շախմատային մրցույթները և այլն: Ավագ դպրոցի սաները ակտիվորեն մասնակցում են օլիմպիադաների, որոնցից լավագույնները պարգևատրվել են հանրապետական փուլի I, II, III դիպլոմներով և գովասանագրերով:
    Ավագ դպրոցի սաները ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունը միջազգային առարկայական օլիմպիադաներում: Նրանցից երկուսը նվաճել են արծաթե մեդալ, իսկ երեքը արժանացել են գովասանագրերի: Ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Վասիլյանը 2012թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայում նվաճել է արծաթե մեդալ, 2013թ. մասնակցել է աստղագիտության և ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներին` նվաճելով 2 բրոնզե մեդալ:Այս տարի նույնպես, անցնելով ընտրական փուլը, Արսեն Վասիլյանը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը ֆիզիկայի միջազգային օլիմպիադային:
   Սկսած 2004 թվականից ավագ դպրոցը ընդգրկվել է այն ուսումնական հաստատությունների շարքում, որոնց աշակերտները մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա <<Լավագույն աշակերտ>> մրցանակաբաշխությանը: Ավագ դպրոցի 12 աշակերտ արժանացել են նախագահի <<Լավագույն աշակերտ>> անվանակարգով կրթական պարգևին:
   Ըստ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի` 2013թ. ՀՊՃՀ Երևանի ավագ դպրոցը ընդհանուր վարկանիշով առաջինն է ճանաչվել  հանրապետությունում, ուսուցիչների և դասավանդման որակով` երրորդը, կառավարման համակարգով` չորրորդը:
Ի դեպ
Վարժարանի բոլոր շրջանավարտներին և ծնողներին հրավիրում ենք հուլիսի 4-ին մասնակցելու վարժարանի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ավագ դպրոցի  տնօրինություն
SHARE