ԱՌԱՋԻՆ ԸՆԿԵՐԴ ԸՆՏԱՆԻՔԴ Է

0
29

Կենսակերպ
  Ճանաչված ակնաբույժ Ալեքսանդր Մալայանի համոզմամբ, եթե կարողանաս ընկերացնել ընտանիքիդ անդամներին, ապա այն ավելի կայուն ու ամուր կլինի…

   Հոդվածը որոշեցինք սկսել մեր զրուցակցի չսիրած մի արտահայտությամբ, որ ժողովրդի կողմից ընդունված խոսք է: <<Աչքիդ լույսի պես պահիր>> արտահայտության մասին է խոսքը, որը տեղին է հիշել հանրահայտ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանի մասին խոսելիս: Մարդ, ով իր ապրած կյանքով , ոգեղեն վերաբերմունքով լույս է պարգևել ոչ միայն ընկերներին և շրջապատի մարդկանց, այլև իր մասնագիտական վեհ ու աստվածային արարչագործությամբ լուսավորել նրանց կյանքը, ովքեր մթության ու հուսահատության գիրկն ընկած` չեն հավատացել, որ երբևէ առավոտը կդիմավորեն արևի լույսը տեսնելով: Ա. Մալայանը, հավատարիմ մնալով իր նախնիների գործին, դարձել է այդ գործի շարունակողը և ունեցել մեծ ներդրում: Պատահական չէ, որ նրա մասին ակնածանքով են խոսում, նրան ճանաչում են փոքրից մեծ…
  Ընկերության շուրջ զրույցը Սոկրատի հետևյալ` <<Պլատոնը իմ ընկերն է, բայց սկզբունքները ինձ համար էլ ավելի կարևոր են>> խոսքով սկսեց պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը, ում համար սկզբունքներն ամեն ինչից վեր են. <<Ընկերություն անելիս էական չէ, թե ընկերներդ ինչ խավի ու ինտելեկտի են, պարզապես, սկզբունքները երկուսի համար պետք է լինեն նույնը և ընդունելի: Ամենակարևորը` ընկերներդ քեզ հասկանան և ընդունեն այնպիսին, ինչպիսին որ կաս: Չփորձեն ուղղել, փոխել, դարձնել այնպիսին, ինչպես իրենք են ուզում: Ընկերությունը շատ բարդ կառույց է, պահանջում է համբեատարություն ու ներողամտություն: Պարտադիր չէ, որ ընկերոջդ հիշես տոնական օրերին, եթե անգամ մոռանաս էլ, իսկական ընկերը չի նեղանա: Կարևորը` նպաստես նրա աճին, զարգացմանը, նաև` հարստանալուն: Որպեսզի ընկերությունը շարունակական լինի, պետք է ավելի շատ տաս ու զիջող լինես: Ընկերությունը պետք է անշահախնդիր լինի: Չպետք է ընկերները հաշվենկատ լինեն: Ընկերոջդ համար ինչ էլ որ անես, համարժեք պատասխանի ակնկալիք չպետք է ունենաս: Կամ, ասենք, նրանից պահանջես այնպիսի բան, որի իրականացման համար նա ստիպված լինի խախտել որոշակի սկզբունքներ, ունենա անախորժություններ: Ամեն դեպքում, ընկերության գաղափարն արդեն իսկ շահ է: Գերագույն շահ է լինել լավ ընկեր և ունենալ իսկական ընկերություն: Ընկերություն հասկացողությունն ունի և՛ տարածքային, և՛ ազգային, և՛ մասնագիտական յուրահատկություն: Ընկերությունը բժիշկների պարագայում տարբերվում է այլ մասնագիտությունների տեր մարդկանց ընկերությունից: Մեր ոլորտում ընկերությունը շաղախված է մարդու առողջության պահպանման հետ: Բժշկությունն ունի շատ հստակ ու անբեկանելի օրենքներ: Եթե ընկերդ բժիշկ է, ապա չի կարող սխալ գործել և դրանով, որպես մասնագետ, քեզ վնաս հասցնել: Դա այլ կերպ է ընկալվում: Եթե քեզ հետ է աշխատում, ապա լավ ընկերը չպիտի հույս ունենա, որ իր համար արտոնյալ պայմաններ կստեղծես: Միշտ ասում եմ` նախընտրությունը միայն աշխատանքը պետք է լինի` մի կողմ թողնելով ընկերությունը, սերը, հարգանքը: Ընդհանրապես, ավելի հեշտ է հարաբերվել, եթե ընկերդ ուրիշ մասնագիտության տեր է>>: Ըստ Ա. Մալայանի, ներկայիս ընկերական հարաբերությունները տարբերվում են խորհրդային կարգերի ժամանակ եղած ընկերությունից: Ընկեր բառը ասոցացվում էր հավասարության հետ, օգտագործվում էր հավասար լինելու համար: Դրանով փորձում էին վերացնել դասակարգումը, ինչը, մեր զրուցակցի կարծիքով, ճիշտ չէ, քանի որ Աստված մարդկանց տարբեր է ստեղծել: Ընկեր բառը համընդհանուր էր: Մարդիկ իրար <<ընկերով>> էին դիմում: Մինչև հիմա էլ մարդիկ տարակուսում են` դիմելիս ընկե՞րն է ճիշտ, թե՞ պարոնը: Այն տարիներին պարոն բառը ընկալվում էր որպես վատ բնութագիր արտահայտելու ձև: Հարուստը վատ է, նա պարոն է, իսկ հասարակ մարդիկ ընկերներ են, բայց , իհարկե, այդպես չէ: Այսօր էլ կա մեկ այլ ոչ ճիշտ վերաբերմունք, ինչն անընդունելի է: Ընդունված չէ` ընկերը ընկերոջից շնորհակալություն հայտնի կամ ներողություն խնդրի: Եթե ընկերդ քեզ հաճելի անակնկալ է մատուցել, ապա կարելի է շնորհակալություն հայտնել: Սա տարրական դաստիարակության նշան է և նույնպես տեղավորվում է ընկերության շրջանակներում: Պետք է հնարավորին չափ քիչ հասարակացնել ընկերական հարաբերությունները: Շատ հաճախ հայերս հույսներս դնում ենք այն բանի վրա, որ դիմացինը մեր ասածը հասկանում է այնպես, ինչպես որ  մենք մտածում ենք: Հնարավոր է, որ այդպես չլինի: Ուստի և Ա. Մալայանը նախընտրում է իր գաղափարը բացատրել խոսքով, չնայած դա ավելի երկար է տևում: Բայց այս դեպքում քո գաղափարն աղավաղելու շատ քիչ հնարավորություն են ունենում: 

   <<Ոչ բոլոր դեպքերում են տեղին ընկերությանը նվիրված ծավալուն կենացները: Ընկերը ընկերոջն առանց բառերի էլ կհասկանա: Եթե ուզում է, որ քեզ համար լավ լինի, ապա ընկերդ պետք է կողմնակի հայացքով նայի քեզ, քննադատական դիրքերից խոսի: Կարող է, քեզ չբավարարող կարծիք հայտնի, համենայնդեպս, պիտի այն անկեղծ լինի: Համոզված պետք է լինես, որ նեղն ընկած ժամանակ ընկերդ անպայման կկանգնի մեջքիդ ու կօգնի քեզ: Դժվար է գնահատել <<ընկեր>> բառը, որովհետև շատ բազմաձև ու բազմիմաստ է: Ամեն մարդ տարբեր իմաստ է դնում դրա մեջ: Տեղին է հիշել <<Ես ման չեմ գալիս բարդություններ, ես դրանք գուշակում եմ>> ասացվածքը: Ավելի թանկարժեք մեծություն է գուշակող ընկերը, քան նա, ով հրահրում է, ենթադրենք, վիճաբանություն: Իհարկե, եթե վիճաբանության պահին ընկերդ կողքիդ է, հաճելի է, և հարգում եմ նման ընկերոջը, բայց ավելի կգերադասեի ունենալ այնպիսի ընկեր, ով տեղիք չի տա վիճաբանության, նախապես, այնպիսի խորհուրդ կտա, որը կկանխի վիճաբանության, կամ առճակատման հնարավորությունը: Լավ ընկերոջը պահում են ավելի բարձր դիրքերում, վերաբերվում են ավելի նուրբ, քան ամենամտերիմ բարեկամին: Ի տարբերություն բարեկամների, հնարավորություն ունես ընկերների ընտրություն կատարել ամբողջ կյանքի ընթացքում, և այդ ընտրության սկզբունքը տարիների ընթացքում փոխվում է: Գիտակից կյանքում ընկերներ են փոխվում, նորերն են գալիս… Միշտ ձգտել եմ, որ ընկերությունը լինի կայուն ու երկարատև: Կարևոր չէ, թե ինչքան հաճախ ենք հանդիպում: Կարող է` երկար ժամանակ միայն հեռախոսային խոսակցություն ունենանք, բայց դրանով հարաբերությունները չեն վատանում: Ես միշտ նրանց հանդիպելու առիթ ստեղծում եմ: Տարբեր բնագավառներից ունեմ շատ ընկերներ: Չեմ ուզում անուններ տալ, քանի որ բոլորին չեմ կարող թվարկել: Ունեմ ընկեր, ում հետ շուրջ 38 տարի ընկերություն ենք անում: Ամենամտերիմ ընկերոջս երկու տարի առաջ կորցրեցի: Ունեմ նոր ընկերներ: Առաջին ընկերդ ընտանիքդ է: Պետք է ընտանիքիդ բոլոր անդամներին վերաբերվես ընկերաբար: Եթե կարողանաս ընկերացնել ընտանիքդ անդամներին, ապա ընտանիքիդ ավելի կայուն ու ամուր կլինի>>:
– Ի՞նչ դերակատարություն ունի կինը Ալեքսանդր Մալայանի կյանքում: Հնարավո՞ր է կնոջ և տղամարդու ընկերություն: 
– Կյանքիս ամենամեծ ընկերը կինս է: Ամենամեծ երջանկությունն է դա` ունենալ կյանքի լավագույն ընկեր, ով լրացնում է կյանքդ: Կինը տղամարդու կյանքի թանկարժեք կեսն է, բայց իմ կինն այդ կեսից ավելին է: Իհարկե, կարող է կնոջ և տղամարդու միջև ընկերություն լինել: Ունեմ շատ կին ընկերներ: Բայց միասեռ ընկերությունն է խորը լինում: Երկու տարբեր սեռերի ընկերության ժամանակ որոշ դեպքերում հորմոնները հաղթում են, և առաջանում է սեր:
– Մարդու մեջ ի՞նչն եք գնահատում և ո՞ր հատկանիշների դեպքում եք ընկերություն անում:
– Առաջին հերթին` ազնիվ, պարկեշտ, սկզբունքային լինելը: Ընկերության մեջ պետք է միացնող սյուն լինի: Կուզենամ, որ երիտասարդության համար պահպանվի իսկական ընկերության կորիզը: Ցավոք, ընկերության գաղափարներն ու արժեքները այսօր որոշ չափով փոխվել են, վերաիմաստավորվել: Ես չեմ ուզում ասել, որ ներկա ընկերն հարաբերությունները ավելի վատ են, ինչպես 15-20 տարի առաջ էր: Նրանք ուղղակի ուրիշն են: Շատ հաճախ նյութականն է գերակշռում: Աղավաղվում է հայոց լեզուն, խոսելու ձևը դարձել է <<ժարգոնային>>: Ճիշտ խոսելը, վարվելաձևը որոշ երիտասարդներ ծաղրանքով ու հեգնանքով են ընդունում, ինչը շատ է բնորոշ ուսանողական շրջանին: Շատ հաճախ ընկերների զրույցների ու հարաբերվելու հիմնական թեմաներն ավտոմեքենաներն են, բջջային հեռախոսները, հագուստները: Չէ՞ որ կան ավելի բարձր արժեքներ, որոնք պետք է քննարկվեն ընկերական շրջապատում: Չնայած, կարծում եմ, սա ժամանակավոր երևույթ է: Պետք է ձգտել հնարավորինս այդ ժամանակը կրճատել: Նաև անընդունելի է <<ախպեր ջան>> դիմելաձևը: Այսօր ախպեր են` վաղը կարող են հայհոյել միմյանց:
– Նման կերպ մտածելու, գործելու պատճառները, ըստ Ձեզ, որտե՞ղ են թաքնված:
– Պատճառը մեկ` միասնական գաղափարի բացակայությունն է: Ժողովուրդը պիտի մեկ գաղափար ունենա, որին և կծառայի: Ժամանակին բոլշևիկները մարդկանցից խլեցին հավատն առ Աստված` փոխարենը ոչինչ չտալով: Թեև Աստծուց խնդրում էին, Աստծուց վախենում էին և հավատում էին, որ հանդիպելու են այն աշխարհում: Մենք էլ քանդեցինք այդ հասարակարգը, բայց երիտասարդությանը չտվեցինք այն, ինչին որ պետք է հավատա:
– Երիտասարդները ինչո՞վ առաջնորդվեն և ինչպե՞ս ձերբազատվեն կեղծ արժեքներից:
– Զբաղվեն գիտությունով: Ժամանակակից գիտության զարգացումը մարդուն ոչ ինտելեկտուալ աշխատանքից ազատելու հնարավորություն է տալիս: Իսկ ով է ինտելիգենտ` մտավորական մարդը: Դ. Լիխաչովի բնորոշմամբ` <<Ինտելիգենտը այն մարդն է, ով չի զբաղեցնում ուրիշի տեղը>>: Մարդը պետք է օբյեկտիվ գնահատի իր հնարավորությունները և կարողությունները, իմանա իր տեղը և ունենա չափի զգացում: Ամենակարևորը` մի պահ հագենա, չի կարելի անընդհատ սոված, չբավարարված լինել: Մարդու մեջ պետք է սերմանել իր տեղը զբաղեցնելու ձգտումը: Տալ նաև այնպիսի պայմաններ, որ կարողանա իր ուժերը գործադրել, հնարավորություններն իրականացնելով` զբաղեցնել իր տեղը:
– Ճանաչումը, հարգանքն ու հեղինակությունը մարդու ամենամեծ ձեռքբերումն են: Դժվարությամբ չեն տրվե՞լ Ձեզ այդ ամենը:
– Դրանց հասել եմ իմ նախնիների սկզբունքները պահպանելով. նկատի ունեմ և՛ մասնագիտական, և՛ ազգակցական, և՛ ազգասիրական որակները: Ակնաբուժության ոլորտում մեր տոհմից ես վեցերորդն եմ, աղջիկս` յոթերորդը: Քեզանից ավելին է պահանջվում` հարազատներիդ անունը պահպանելու, գործը շարունակելու, ինչպես նաև այդ գործին քո ներդրումն ունենալու համար: Այստեղ քո պատասխանատվությունը մեծ է: Միաժամանակ, իմ գործը հեշտ է եղել այն առումով, որ իմ տեղը հասարակության մեջ զբաղեցնելու կարիք չեմ ունեցել, քանի որ իմ նախնիները դա նախապես ապահովել են և ինձ համար ճանապարհ հարթել: Պարզապես, պետք է այդ ճանապարհը պատվով անցնես: Եվ այդ ճանապարհին իմ ընկերությունը: Եվ այդ ուղղին անցնելու ճանապարհին իմ ընկերությունն ինձ հետ էր: Հասարակության մեջ անհատականությունները դժվար ընդունելի են լինում: Երբեմն հասարակությունը հակազդում է  այդ մարդկանց, և նրանք ավելի դժվար ճանապարհ են անցնում, քան նրանք, ովքեր անելու ոչինչ չունեն: Հասարակությունը շատ հաճախ միջակությանն է ընդունում: Կյանքում քո տեղը զբաղեցնելու համար պետք է սովորես ոչ ասել և չձգտես այո ասել: Նաև համատարած բարիությունը մոռացության է դրդում մարդուն:
– Լինելով հեղինակավոր, ճանաչված բժիշկ, ունենալով տարիների փորձառություն, ի՞նչ հիմնախնդրի  մասին կուզեիք բարձրաձայնել:
– Շատ դժվար հարց տվեցիք: Ճիշտ է, լավ հարց է, բայց ինչ-որ առումով պետք է փորձեմ խուսանավել այդ հարցից: Ես երջանիկ մարդ եմ, որովհետև առավոտյան մեծ հաճույքով եմ գալիս աշխատանքի և մեծ հաճույքով էլ տուն եմ վերադառնում: Ինձ մտահոգողը միայն մի բան է: Աստված չանի, խախտվի աշխատանքի գալ-տուն գնալու ռիթմը: Նման վիճակներ եղել են` երկրաշարժ, պատերազմ: Առանց պրոբլեմների ու բարդությունների կյանքն էլ բանի նման չէ: Դրանք պետք է լինեն, որպեսզի մարդը հաղթահարի ու առաջ գնա: Միայն թե` մարդկանց առողջության հաշվին չլինեն: Աղետներ թող երբեք չլինեն: 
– Ընկերությունը արժեք է: Իսկական ընկերությունը կարող է օրինակ ծառայել և սերունդներ դաստիարակել: Ընկերության գաղափարը քարոզելով, հնարավո՞ր է բարին սփռել ու համախմբել մարդկանց:
– Մեր երկիրն այս 20 տարիների ընթացքում շատ դժվարին ճանապարհ է անցել, սակայն վիճակն այդքան էլ վատ չէ, ես բավարար եմ համարում: Բայց ցանկալի է, որ այդ բավարարը ինչքան հնարավոր է արագ անցնի, փոխվի լավի: Իսկ այստեղ, ինչ խոսք, օգնած կլինի ընկերությունը: Մեր ազգը շատ մեծ տեղ է տալիս ընկերությանը: Միգուցե, ճիշտ ենք այս հարցում, բայց ամեն ինչ փաչի մեջ է ճիշտ: Նույնիսկ սերը, եթե չափից ավելի է, կարող է վնասաբեր լինել, ինչպես նաև` բացառիկ բարիությունը: Կարծում եմ, ընկերության  գաղափարը սերմանելով` կարող ենք մեծ արդյունքների հասնել: Ձեր թերթը և իր գաղափարը շատ լավն են: Եթե ընկերության գաղափարը չլիներ, որն, ի դեպ, իմ սրտից է բխում, միգուցե, այս հարցազրույցը չկայանար: Դուք շատ ճիշտ ուղի եք ընտրել: Ամենամեծ բժիշկը ժամանակն է: Ժամանակը ցույց կտա, թե թերթն իր գաղափարով ինչ լումա կունենա մեր պետության ապագան կառուցելու գործում…

Ռուզաննա Մանուկյան

    (<<Ընկեր>>   պարբերաթերթ     , 
 ԹԻՎ 1 (9) – 27 հունվարի 2010թ.)     
SHARE