Առաջին հերթին`բնակչի պահանջը, ցանկությունը

0
41

Ինչից ելնելով էլ Պռոշյանում կարևորվում և լուծում են գտնում առաջ եկած խնդիրները…

Բնակավայր

watermarked_Proshyan Artur Muradyan

 -Պռոշյան համայնքը ղեկավարում եմ 2013 թվականից,- ասաց Արթուր Մուրադյանը:- Այս ժամանակահատվածում կատարել եմ հիմնականում ասֆալտապատման, կոյուղագծերի, դպրոցի տանիքի վերանորոգման, ճանապարհների փոսալցման և այլ աշխատանքներ: Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ խաչքար ենք տեղադրել, ինչի համար հիմնականում օգտագործվել են մեր գործընկերների ներդրած միջոցները: Բավականին մեծ ընկերություն ունեմ` թե՛ այստեղ, թե՛ դրսում: Շատ գոհ ու շնորհակալ եմ իմ ընկերությունից, քանզի մշտապես կողքիս կանգնած է և պատրաստ է ամեն ինչով օգնելու: Ցանկացած հարց կարգավորվում է ընկերներիս աջակցությամբ: Մաքրության, հարգանքի ու պատվի շնորհիվ է, որ այսքան մեծ ընկերական շրջապատ ունեմ: Պետք է ճիշտ ապրես, որպեսզի ընկերներ ունենաս: Ընկերությունը կյանքի առաջնային թելերից մեկն է: Ընտանիքից հետո ընկերությունն է: Ընկերոջ հետ, ինչպիսի դժվարին պահեր էլ լինեն, քեզ ուժեղ ու պաշտպանված ես զգում: Ընկերությունը քաղցրություն է, և պատահում է, որ մարդիկ չեն հասկանում այն: Ղեկավարման այս ընթացքում նոր գործընկերների եմ ձեռք բերել, ընկերական  շրջապատս ընդլայնվել է: Ինձ ընկեր են նաև գյուղի բնակիչները: <<Մեր տունը Պռոշյանն է>>` սա է իմ կարգախոսը: Համայնքում մի տան նման ենք, մեկս մյուսին բարեկամ է: Փաստացի 5670 բնակիչ է գրանցված, ոչ փաստացի ապրում է մոտ 7000 մարդ: Մինչև ընտրվելս հեռախոսների սպասարկման ծառայության ոլորտում եմ աշխատել, շփվել եմ բնակիչների հետ: Պաշտոնը ոչինչ չի փոխել փոխադարձ հարգանքը պահելու  առումով: Հարգանքը եղել է և շարունակվում է: Այսօր ավելի եմ պարտավորված` համագյուղացիներիս առավել օգտակար լինելու համար: Օգնում ենք մեր հնարավորությունների սահմաններում, ավելի շատ` սոցիալական օգնություններ հատկացնելով: Այդ կերպ ջանում ենք որոշակիորեն թեթևացնել սոցիալապես անապահով ընտանիքների բեռը…

  Խոսելով առկա հիմնախնդիրներից, պարոն Մուրադյանն առանձնապես կարևորեց ասֆալտապատումը, որն այսօր ավելի շատ է մտահոգում համայնքի բնակչությանը: Մյուսը գիշերային լուսավորության անցկացման խնդիրն է: Առայժմ միայն կենտրոնական փողոցն է լուսավորված: Շատ լավ դպրոց ունեն, բայց այն չի բավարարում Պռոշյանի այսօրվա պահանջը: 370 երեխայի համար նախատեսված դպրոցը ներկայումս ընդունում է 700 երեխա /եռահերթ ուսուցում/: Բնականաբար, նոր դպրոց ունենալու անհրաժեշտություն է առաջացել: Դիմել են ընդհուպ մինչև ՀՀ նախագահին, որպեսզի լուծվի համայնքի համար այդ անչափ կարևոր խնդիրը: Հավատացած են, որ նախագահը կընդառաջի իրենց այս խնդրանքին, որովհետև նա իր տված խոստումները կատարում է: Պռոշյանցիները ոռոգման ջրագծերի անցկացման խնդրանք էին ներկայացրել երկրի ղեկավարին, ինչը բավարարվել է: 3,5 կմ երկարությամբ ոռոգման ջրի նոր խողովակաշար է կառուցվել: Անցկացվել է նաև 800 մ խմելու ջրի ջրագիծ: Գյուղը խմելու շուրջօրյա ջրով ապահովված է: Հիմնական աշխատանքներն իրականացվել են համայնքի բյուջեի միջոցներով: Մանկապարտեզը բարեկարգ վիճակում է:

  Խնդիրները, ըստ համայնքի ղեկավարի, լուծվում են հերթականությամբ` ելնելով համայնքի բնակչության պահանջներից ու ցանկություններից: Բնակչի առաջ քաշած խնդրի լուծումն իրենց համար առաջնահերթություն է: Ներկայումս կենտրոնական փողոցում են բարեկարգման աշխատանքներ կատարում: Նախատեսում են այս տարի Արցախյան պատերազմի զոհերի պանթեոնի տարածքը բարեկարգել, ցանկապատել: Համայնքապետի ցանկություններից մեկը տեղում սպորտի զարգացմանը նպաստելն է, ինչի նպատակով ծրագրում են մարզադահլիճ կառուցել: Մանավանդ որ, լավ ավանդույթներ, խոստումնալից մարզիկներ ունեն, ում համար պիտի բավարար պայմաններ ապահովել:

  Արթուր Մուրադյանի խոստովանությամբ, սպորտն այն կարևոր ազդակներից մեկն է, որն ամրապնդում է մարդկային, ընկերական որակները: Ժամանակին զբաղվել է սպորտով  և լավ գիտի, թե ինչպիսի բարերար ազդեցություն է այն թողնում երեխայի դաստիարակության վրա: Մարզիկները լավ ընկերներ են լինում, և հենց այդպիսի ընկերների օգնությամբ էլ հույս ունեն հասնել իրենց այդ նպատակների իրականացմանը:

   Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սևակ Գաբրիելյանի հետ էլ զրուցեցինք, ով նշեց, որ համայնքապետն աշխատում է` առաջնորդվելով  մարդասիրական մղումներով. << <<Իմ ընտրողը և չընտրողը իմ գյուղացիներն են>>. ահա այս կարգախոսով է աշխատում: Նրա համար բոլորը հավասար են, բնակիչը եթե դիմում է ինչ-որ հարցով, ապա ջանում է անպայման բավարարել նրան: Գյուղացու կողքին կանգնած ղեկավար է, գյուղի մասին մտահոգվող, որ համայնքը բարեկեցիկ դարձնելու, մարդկանց կյանքը բարելավելու ազնիվ նպատակներ ունի: Խստապահանջ է, ում հանձնարարությունները պիտի անվերապահորեն կատարել: Կարգապահ ու սիրված ընկեր է, ինչն իմ օրինակով կարող եմ վստահեցնել: Մոտ 35 տարվա ընկերներ ենք, մանկության ընկերներ: Պարզ, մաքուր ու շիտակ ընկեր լինելով, միաժամանակ արժանավոր մարդ ու քաղաքացի է: Պատահական չէ, որ համայնքապետի հարցում ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա: Երախտագետ է: Շատ գնահատելի մարդկային որակներ ունի, թեկուզ և` այն, որ 15-16 տարեկանում, ծնողներից գաղտնի, կամավոր մեկնեց Արցախ և կռվեց մեր մյուս քաջարի հայորդիների կողքին…>>: