Առաջին հերթին` համայնքի, բնակչի խնդիրը

0
25
Արված գործերը վկայում են նվիրվածության ու քրտնաջան աշխատանքի մասին…


Հետևողականություն

  Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանի հետ մեր զրույցն ավելի շատ վերջին տասնամյակում կատարված աշխատանքների, նրա կողմից ձեռնարկված միջոցառումների մասին էր: 
  -Համայնքը ղեկավարելով 2005 թվականից,- նշեց նա,- բազմապիսի աշխատանքներ եմ կատարել, ծրագրեր իրագործել: Առաջին իմ աշխատանքն սկսվել է գերեզմանատան ճանապարհը  վերանորոգելուց, այնտեղ լուսավորություն անցկացնելուց: Երկրորդը եղել է 5 կմ ոռոգման ջրի համակարգ անցկացնելը` համայնքի միջոցներով: Կարողացել ենք 5-6 կմ խմելու ջրի ջրագիծ փոխել, համայնքն ամբողջությամբ գազաֆիկացնել, գյուղապետարանի շենքը վերանորոգել, նոր գույք ձեռք բերել: Գետի վրա երկու կամուրջ ենք կառուցել: Գազաֆիկացրել ենք դպրոցը, ամբողջապես վերակառուցել մանկապարտեզը և շատ այլ ընթացիկ խնդիրներ լուծել այս տարիների ընթացքում: Մեզ շատ է աջակցել ՀՀ նախագահը, մասնավորապես` մանկապարտեզի հարցում: Այսօր այլ ծրագրեր լուծելու ճանապարհին ենք: Ուզում ենք ամբողջությամբ վերականգնել խմելու ջրի ներքին ցանցը, վերանորոգել մշակույթի տունը, ինչի համար շատ մեծ գումար է հարկավոր: Այսօր մանկապարտեզ է հաճախում 100 երեխա, նրա համար համայնքի միջոցներով ձեռք ենք բերել 4-5 մլն դրամի գույք: Գլաձորը պատմական բնակավայր է, այստեղ է ժամանակին գործել հանրահայտ Գլաձորի համալսարանը, պատմամշակութային շատ այլ արժեքավոր կառույցներ, օջախներ ունենք, որոնք համայնքի պահպանության ներքո են: Մեր Սպիտակավոր եկեղեցում է ամփոփված Գարեգին Նժդեհի աճյունը, շատ զբոսաշրջիկներ, այցելուներ ենք ունենում, ինչով և պայմանավորված` ավելի մեծ ուշադրություն ենք հատկացնում նրան: Ունենք Գլաձորի համալսարանի թանգարան և Թանահատի եկեղեցի, որտեղ պատմականորեն գտնվել է Գլաձորի համալսարանը: Մեր պապերը գաղթել են Խոյից, 1831-32 թթ., թվով` 80 մարդ: Այսօր գյուղը 2781 բնակիչ ունի: Հիմնական զբաղմունքը` հողագործություն, անասնապահություն: Մենք ևս սոցիալական ծանր խնդրի ենք բախվում` արտագաղթ, արտագնա աշխատանք: Այսօր 700 մարդ բացակայում է գյուղից, արտագնա աշխատանքի է մեկնել…
  Պարոն Մարտիրոսյանից այնուհետև տեղեկացանք, որ սոցիալապես անապահով, ծանր վիճակում գտնվող ընտանիքներին իրենց հնարավորությունների սահմաններում ֆինանսապես օգնում են, ուսանողների վարձավճարների հարցում են ձեռք մեկնում, դժբախտ և այլ անցանկալի դեպքերի պարագայում են գումարային օժանդակություն ցուցաբերում: Այդ աջակցությունը տարեկան կազմում է 1,5-2,5 մլն դրամ: Առաջացած խնդիրներն, ինչ խոսք, միայնակ չեն լուծում, ընկերների ներկայությունն ու մասնակցությունն առկա են միշտ: 

   Իսկ Անդրանիկ Մարտիրոսյանը լավ ընկեր է և ընկերությանը նվիրված անձնավորություն: Մանկության ընկերներից սկսած այդ կապը փոխադարձաբար ջերմ ու մտերմիկ է: Իրար օգնելով տներ են կառուցել միասին, տնտեսության մեջ առկա խնդիրները մեջք մեջքի տված հաղթահարել: Մի կտոր հացը միասին են կտրել: Ընկերությունը փոխանցվել է իրենց երեխաներին: Աշխատանքային մեծ ճանապարհ է անցել:

   -Որտեղ աշխատել եմ,- նշեց նա,- այնտեղ ընկերներ եմ ձեռք բերել: Հիմնականում եղել եմ ղեկավար աշխատանքի, փորձել եմ աշխատանքային  փոխհարաբերությունները կառուցել ընկերության հիմքի վրա: Ընդ որում, առանց թելադրանքի կամ պարտադրանքի: Այսօր էլ այդ սկզբունքը պահպանել եմ, քանի որ այդ կերպ աշխատանքի արդյունավետությունն առավել բարձր է: Առհասարակ, իմ  կյանքում փորձում եմ շրջապատիս, երիտասարդությանը, երեխաներիս դաստիարակել այն հոգով, որ առանց ընկերության նախ կյանքն է անիմաստ և ապա` ընկերությունով հնարավոր է շատ հաջողությունների հասնել: Պատահական չէ, որ մենք ազգով շատ փոքր ենք, բայց ես երրորդ անգամ եմ ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: Դա կենսակերպի, մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի և, վերջապես, ընկերության արդյունք է: Ընկերությունն ամենավեհն է կյանքում: Մանկությանս գրեթե 50 տարվա ընկերությունը պահպանվել է, քանի որ եղել ենք անշահախնդիր ու մաքուր: Զուլալ ընկերություն ենք արել, իրար հասել, իրար ծառայել: Ամենացավալին` ընկերոջը կորցնելն է, նրա մահը: Նախորդ տարի կորցրեցինք մեր մանկության ընկերոջը, ինչը բոլորիս համար մեծ ցավ էր: Համայնքը ղեկավարելու ընթացքում ևս ընկերներ եմ ձեռք բերել: Այս տարիների ընթացքում և՛ համայնքն է ձեռքբերումներ ունեցել, և՛ ես: Համայնք ղեկավարելը բավականին բարդ է, որովհետև սոցիալական խնդիրներն այսօր շատ են: Ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջվում, ամուր նյարդեր, ծով համբերատարություն: Հանգստանալու մասին կարող ես չմտածել, գիշեր-ցերեկը մոռանալ, շաբաթ-կիրակի չունենալ և այլն: Պետք է ծառայես ժողովրդիդ, բոլորին կարողանաս գոհացնել…
  Գլաձորցին առանձնահատուկ է իր հյուրասիրությամբ, հայրենի երկիրը սիրելու ջերմությամբ, իր աշխատասիրությամբ: Չկան վատ մարդիկ, կան վատ մարդկային հարաբերություններ, դիմացինի համար արա այն, ինչ կուզես, որ քեզ համար արվի: <<Պարոն Մարտիրոսյանը շատ լավ ընտանիքի հայր է, հիմնարկի լավ ղեկավար, աշխատանքները ըստ պատշաճի է կազմակերպում, հետևողական է: Առաջին հերթին համայնքի խնդիրների լուծմամբ է մտահոգված: Շատ մարդկային է, բարեխիղճ: Գյուղում բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ է: Նրա հետ հեշտ է աշխատելը, որովհետև մարդկային մոտեցում, վերաբերմունք ունի: Բոլոր հարցերը ընկերական ոգով ու մտերմությամբ լուծվում են>>,- նշեցին համայնքապետարանի աշխատակիցները:
SHARE