Առաջին հերթին` մարդկային հատկանիշներ

0
275

Ապա կառավարման հմտություն, բարեխղճություն ու նվիրում…

Պատասխանատվություն

watermarked_Vedu qaxaqapet Varujan Barseghyan

  Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հետ մեր զրույցը <<Ընկեր>>-ի  ավանդական հարցի` <<Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը Ձեզ համար>>, շուրջ էր:

 -Ցանկացած համայնքի ղեկավար, ընտրովի պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոք,- ասաց պարոն Բարսեղյանը,- եթե ընկերական շրջապատ չունենա, կողքը համախոհներ չլինեն, համոզված եմ, ընտրական գործընթացներում անհաջողության կմատնվի: Իհարկե, անհատականությունը դեր խաղում է տվյալ խնդրում, սակայն գործի հաջողության 70-80 տոկոսը պայմանավորված է ընկերության, ընկերական շրջապատի դերակատարությամբ, այդ գործոնով: Իմ ընկերությունը տարաբնույթ է` սկսած վարչապետ, նախարար ընկերոջից և վերջացրած հասարակ, շարքային համաքաղաքացի ընկերոջով: Այսինքն, այնպես չէ, որ իմ այդ ընկերությունն, ասենք,  ընդգրկի հասարակության որևէ կոնկրետ շերտ, ինչը, ճիշտն ասած, դժվար եմ պատկերացնում: Առավել ևս, ընտրովի մարմնում աշխատելու, ընտրովի պաշտոն զբաղեցնելու պարագայում, երբ ընկերությունն ընդարձակելու մեծ հնարավորություններ կան: Գիտակցված ընկերությունն սկզբնավորվում է դպրոցական տարիքից և հետագայում ավելի շատ արժևորվում աշխատանքային հարաբերություններով, գործնական շփումներով և այլ առնչություններով: Ընկերությունն ստեղծվում է անընդհատ. այն շարունակական գործընթաց է, չընդհատվող, քանի որ ժամանակի ընթացքում նոր մարդկանց ես հանդիպում, նոր ծանոթություններ ձեռք բերում, և հաճախ պահանջ է առաջանում այդ ծանոթությունը վերածելու ընկերության: Ընկերություն անելիս հաշվի եմ առնում տվյալ անձի մարդկային արժեքը, նրա մոտեցումներն ու վերաբերմունքը կյանքի կարևորագույն երևույթների հանդեպ: Այստեղ անգամ մանրուքներն էլ /ասենք, բարև տալու ձևը/ կարող են դեր խաղալ և վճռորոշ լինել: Ընկերության մեջ անհանդուրժելի է դավաճանությունը, հատկապես`այն, երբ դա գիտակցված է արվում` ընկերոջը թե° ֆիզիկապես, թե° բարոյապես կործանելու նենգ նպատակադրվածությամբ: Բնական է, որ ընկերական հարաբերություններում լինում են նաև հիասթափության պահեր, բայց, իմ կարծիքով, պետք չէ շտապ եզրահանգումների գալ, կտրուկ գործողությունների դիմել: Երբ պահը հասունանա, ինքս չեմ հեռանա, այլ համբերատար կսպասեմ այնքան, մինչև կողքինս իր կամքով հեռանա: Ընկերությունը պետք է պահել, պահպանել, իսկ դրա համար հարկավոր է ազնիվ լինել: Մարդը ձգտում է ընկերության, քանի որ, որպես բանական էակ, դրա անհրաժեշտությունն զգում է, դրա կարիքն ունի: Ընկերությունը որքան հնանում, այնքան խորանում ու ամրապնդվում է, այնքան ավելի քաղցր ու հետաքրքիր դառնում: Լավ խոսք կա` ընկերոջ հինը, հագուստի նորը… Ընկերություն անելով, մարդը հասարակական որոշակի բավարարվածություն է ստանում: Ընկերությունը չի կարող միակողմանի լինել: Շատ կարևոր է ընկերոջ հետ ճանապարհ գնալը, երբ շատ բան կարող է պարզվել: Ինչպես նշեցի, դավաճանությունից բացի, մնացած դեպքերում կներեմ ընկերոջը: Ընկերական հարաբերություններում կարևորում եմ ազնվությունը, հոգու  մաքրությունը, ճիշտ պահվածքը, մի խոսքով` մարդկային արժեքները պետք է գերակա լինեն… Քաղաքը ղեկավարում եմ 1999 թվականից, շատ խնդիրներ լուծվել են ընկերության շնորհիվ: Մարզադպրոցի հիմնանորոգումը, օրինակ, դրա արդյունք է, մշակույթի տան կառուցմանը ընկերներս աջակցել են: Ընկերներ ունեմ, որ մանկապարտեզին օգնելու հարցում են միշտ պատրաստակամ: Նման օրինակներ շատ կարող եմ թվարկել… Առհասարակ, իրականացված ծրագրերը բազմաթիվ են: Քաղաքը տարեցտարի բարեփոխվում է, վերանորոգման, ասֆալտապատման զգալի աշխատանքներ ենք կատարում, մատուցվող ծառայությունների որակն է բարձրացել, աշխատավարձերն են ավելացել և այլն: Քաղաքն ամբողջությամբ լուսավորվել է: Կենտրոնական փողոցն ասֆալտապատ ու բարեկարգ է, ջրամատակարարման վիճակն է բարելավվել: Ֆուտբոլի խաղադաշտ էլ ունենք: Ընդհանուր առմամբ, դրական տեղաշարժն անզեն աչքով էլ նկատելի է: Թող անհամեստ չհնչի, բայց օրվա բոլոր 24 ժամերին էլ պատրաստակամ եմ եղել ծառայելու իմ բնակչին: Հանուն նրա ուր ասես` կգնամ, ինչ դուռ պետք է` կթակեմ, միայն թե օգտակար լինեմ նրան և փոքրիշատե թեթևացնեմ նրա հոգսերի բեռը: Համայնքի ղեկավարն, առհասարակ, կառավարման ոլորտում անհրաժեշտ հմտությունների պետք է տիրապետի և մարդկային բարձր հատկանիշներ ունենա: Միայն բնակչության սոցիալ-տնտեսական վիճակն է առայժմ մտահոգում. կարիքից դրդված մարդիկ, այսպես ասած, բանկերին պատանդ են դարձել` վարկեր վերցնելով…

  Շարունակելով խոսքը ընկերության մասին, Վարուժան Բարսեղյանը նշեց, որ մտերիմ է բոլոր այն համայնքների ղեկավարների հետ, ում ճանաչում է: Ընկեր է Դիլիջանի, Հրազդանի, Սիսիանի քաղաքապետերի, Գորիսի նախկին քաղաքապետի, նախկին թաղապետերից Ռուբեն Սինոյանի, Սուրիկ Ղուկասյանի, Մարտին Սարգսյանի, Աղվան Գրիգորյանի հետ: Տարբեր համայնքների ղեկավարների հետ մտերմությունը, բնականաբար, հաճելիի հետ նաև օգտակար է ընդհանուր համայնքի, նրա բնակչության համար:

  Մենք առիթ ունեցանք Վեդիում զրուցելու զանազան մարդկանց հետ, ովքեր նշեցին, որ իրենց համայնքապետն այն եզակի ղեկավարներից է, ով, իրոք, ժողովրդի դարդ ու ցավով է ապրում և ում իրապես հարգում ու գնահատում է ժողովուրդը: Դա, ինչպես շեշտեցին մեր զրուցակիցները, պայմանավորված է նրա մարդկային հատկանիշներով ու արժանիքներով. <<Շատ բարի, ձգտող, աշխատասեր մարդ է, շատ է նվիրված իր ընկերական շրջապատին, իր ընտանիքին: Շատ լավ հայր է, ունի դաստիարակված երեխաներ, որոնցով կարող է իրավամբ հպարտանալ: Նրա <<վատ>>  կողմը, երևի, այն է, որ մարդկանց մերժել չի կարողանում, յուրաքանչյուրի հոգսն ու խնդիրն իրենն է հավասարապես համարում…>>:

  Մեր զրույցի ավարտին պարոն Բարսեղյանն իր դժգոհությունն արտահայտեց այն առթիվ, որ զանգվածային լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ հաճախ սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում, կամայական ու կանխակալ վերաբերմունք դրսևորում այս կամ այն երևույթի, պաշտոնյայի կամ անհատի նկատմամբ: Ստացվում է, ըստ նրա, որ լրագրողը կարող է հանիրավի վարկաբեկել մեկին, նրա աշխատանքի վրա ցեխ շպրտել և, փաստորեն, անպատիժ մնալ: Առանց հասկանալու, խորանալու տվյալ երևույթի մեջ, հիմնազուրկ մեկնաբանություններ են արվում, սխալ եզրահանգումների գալիս և այդ կերպ, ըստ էության, ապակողմնորոշում միամիտ  ընթերցողին: Իսկ առավել վատթար է, երբ, պարոն Բարսեղյանի խոսքով, փորձում են մարդու անձնական կյանք ներխուժել, փորփրել ինչ-ինչ հարաբերություններ, ինչն անթույլատրելի ու անպատվաբեր զբաղմունք է…